Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային ոգու հաղթանակը

Մարտ 17,2005 00:00

Կոմպոզիտոր
Վահրամ Բաբայանը անցյալ տարեվերջին ավարտեց «Մուսա լեռան 40 օրը» օպերան՝ նվիրված
Հայոց եղեռնի 90-ամյակին: Եվ շատ տեղին կլիներ, որ այն հենց այս տարի բեմադրվեր:
«Ավստրիացի մեծ մարդասեր Ֆ. Վերֆելը դիմել է Հայոց եղեռնի թեմային՝ դրան տալով
համամարդկային ցավի հնչողություն: Իմ օպերայով ուզում եմ ասել, որ մարդիկ զգոն լինեն,
պաշտպանեն իրենց ապրելու իրավունքը: Եղեռնը պետք է դառնա խնդիր եւ ոչ թե հեծեծան:
Օպերայում ես լսելի եմ դարձրել մարդկային ոգու հաղթանակը, ուժը եւ հաղթելու կամքը:
Ոճրի կողքին դրել եմ դրանից փրկվածների գալիքը՝ ապրելու հրճվանքը նվաճելու եւ պաշտպանելու
հզոր տենչը: Անցյալ աշնանը համերգային կատարմամբ հնչեցին օպերայի մի քանի
հատվածներ: Երաժիշտներն ու երաժշտասերներն այն համարեցին հզոր ներդրում ժամանակակից
երաժշտության մեջ»,- հայտարարում է Վ. Բաբայանը: Կոմպոզիտորը ստեղծագործական
գործընթացը համեմատում է առաջին օլիմպիական խաղերի բացման ժամանակ կրակը մեծ հեռավորությունից
անվրեպ նետարձակած մարզիկի գործողության հետ. «Ինչքա՜ն մեծ է պատասխանատվությունն
ու լարվածությունը. չորս տարին մեկ անգամ է վառվում կրակը. իրավունք չունես վրիպելու:
Կուտակվում է հազարավոր հանդիսատեսների հուզմունքը, նաեւ քոնը (միայն վառե՜մ, հետո
ինչ լինում է, թող լինի): Մե՛կ անգամ պետք է արձակես նետը եւ վառես կրակը՝ այդ մեկ
անգամի մեջ դնելով ողջ ուժդ: Այդպես էլ երաժշտություն ստեղծելիս է»,- ասում է կոմպոզիտորը:
Ըստ նրա, ամեն անգամ նոր ստեղծագործություն գրելիս ներդնում ես այն ամենը, ինչին
հասել ես մինչ այդ, գումարում այդ ստեղծագործական պրոցեսում ձեռք բերած նվաճումներդ
ու ձգտում հասնել բարձր օգտակար գործողության գործակցի: Դմիտրի Շոստակովիչը
Վահրամ Բաբայանին համարում էր տաղանդավոր. «Ես լսել եմ նրա Սոնատը դաշնամուրի եւ
լիտավրների համար, Երկրորդ լարային կվարտետը, «Չորս դեղին բալլադը» եւ մի քանի դաշնամուրային
պիես: Կցանկանայի ծանոթանալ նաեւ նրա այլ ստեղծագործությունների հետ, այդ թվում եւ
նվագախմբային, հետեւել նրա հետագա աճին: Եթե նա շատ աշխատի, շատ-շատ ստեղծագործի,
կդառնա մեծ կոմպոզիտոր»,- Վ. Բաբայանի մասին ասել է 20-րդ դարի դասականը: Եվ Շոստակովիչի
այս մաղթանքը կարծես դարձել է Վ. Բաբայանի ստեղծագործական ուղու բնաբանը: Կոմպոզիտորը
ստեղծագործում է գրեթե բոլոր ժանրերում՝ օպերա, բալետ, օրատորիա, սիմֆոնիա, վոկալ,
նաեւ գործիքային երաժշտություն եւ այլն: Նրա ստեղծագործությունները կատարվել են աշխարհի
35 երկրներում: Բաբայանը նաեւ փայլուն դաշնակահար է: Սեփական երաժշտության
հանդեպ ունեցած պահանջկոտությունն ու պատասխանատվությունը չեն խանգարում երաժշտական
ստեղծագործության անմիջականությանը: «Ես պահանջկոտությունը հիվանդագին բծախնդրության
չեմ վերածում, քանի որ փորձում եմ տարբերակների մեջ արագ, ճիշտ կողմնորոշվել: Եվ
որքան էլ ստեղծագործական աշխարհի խորքում լինեմ, կարողանում եմ նայել այդ աշխարհին
նաեւ դրսից»,- ասում է կոմպոզիտորը: Ի դեպ, նա հետաքրքիր է բնորոշել սեփական
երաժշտությունը՝ այն կրկին կապելով սպորտի հետ. «Իմ երաժշտության մեջ գերակայում
են պայծառ տրտմության երանգները: Ես նախընտրում եմ մաքուր գույները: Սիրում եմ կանաչը՝
կյանքի գույնը եւ երաժշտությանս մեջ այն հաճախ եմ օգտագործում: Պակաս չեմ սիրում
նաեւ ֆուտբոլային դաշտի կանաչը… Մարզադաշտում, ինչպես կյանքում, անընդհատ շարժում
է»: ԱՐՓԻՆԵ ԿԱԼԻՆԻՆԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել