Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՑՐԱԾԸ ՏՎԱԾԻՑ ՇԱՏ Է

Մարտ 17,2005 00:00

Թոշակի՝ 2-3 հազար դրամով ավելացումը «փոխհատուցվում է» հարկերի եւ սակագների շատ ավելի սրընթաց աճով:

Ամեն անգամ կենսաթոշակները կամ աղքատության նպաստները մի քանի դրամով բարձրացնելիս կառավարությունը հոգնեցնելու աստիճան «շեփորահարում» է այդ մասին: Մոռանալով, որ միայն թոշակով ու նպաստով ապրողների համար (իսկ այդպիսիք բնակչության ընդհանուր թվի մեջ նկատելի տոկոս են կազմում) պետության տվածը կոմունալ վճարներին անգամ չի բավարարում, ուր մնաց, թե՝ ապրելուն: Բացի այդ, յուրաքանչյուր բարձրացմանը, որպես կանոն, հետեւում է կոմունալ վճարներից որեւէ մեկի թանկացում այն չափով, որ գրեթե փոշիացնում է խոստացած հավելումը: Որպես օրինակ բերենք այս տարվա բյուջեով նախատեսված շուրջ 3000 դրամով թոշակի ու նպաստի բարձրացման եւ այս տարվա հունվարից բարձրացված գույքահարկի համեմատականը: Տարբեր համայնքներում, ըստ կադաստրային գոտու, տարեկան մեկ անգամ վճարվող հարկի այս տեսակը նախորդի համեմատ աճել է 3-5 անգամ, դրամական տեսքով՝ միջինը 7-8 հազար դրամ: Նկատենք, որ թոշակառուների եւ նպաստառուների համար հարկային արտոնություններ սահմանված չեն: Թոշակները կավելանան ապրիլից, ոչ թե հունվարից: Նույն այդ ամսից, ըստ նախնական տեղեկության, կբարձրանան նաեւ խմելու ջրի սակագները: Այս թվերի պարզագույն թվաբանությամբ ստացվում է, որ թոշակն ու նպաստը կրկին ուղղվեցին կոմունալ վճարներին: Կառավարության որդեգրած այս քաղաքականությանը սոցիալապես անապահով խավն արդեն ծանոթ է՝ յուրաքանչյուր նոր բարձրացում այդպես էլ ընդունում են՝ «ուրեմն թանկացում է լինելու»:

Ավելին ասենք, հազարավոր միայնակ կենսաթոշակառուների համար թոշակի բարձրացումը դարձել է իրենց ընտանեկան բյուջեի համար աղետ, ոչ թե՝ բարելավում, որովհետեւ լավագույն դեպքում 2-3 հազար դրամով ավելացրած թոշակի պատճառով զրկվել են միջինը 5-6 հազար դրամ աղքատության նպաստից: Սոցիալական ծառայության աշխատակիցներին մեղադրելն այս դեպքում անիմաստ է՝ նրանք առաջնորդվել են կառավարության սահմանած ու հաստատած գնահատման մեթոդիկայով, ըստ որի՝ աղքատության նպաստի համար նախանշված նիշը նույնիսկ մեկ լումայով գերազանցելու դեպքում քաղաքացին միանգամից «դառնում է հարուստ» եւ զրկվում նպաստից: Ոլորտի մասնագետների հետ զրույցից պարզվեց, որ բարձրացումների ժամանակ կառավարությունը փորձում է փոքր-ինչ մեղմացնել նպաստառու թոշակառուներին սպառնացող վտանգը՝ աննշան չափով իջեցնելով աղքատության սահմանանիշը: Անցյալ տարի այն կազմում էր 35, այս տարի՝ 34 միավոր: Թոշակառուների համար որոշվել է նաեւ առաջնորդվել միջինացված թվով. վերջին բարձրացման ժամանակ կենսաթոշակը կազմել է 9-12 հազար դրամ, բայց նպաստի հաշվարկի ժամանակ սոցիալական ծառայությունները, ըստ մեր տեղեկության, պետք է բոլորի համար հավասարաչափ հիմք ընդունեն 10000 դրամը: Սակայն այս մեղմացումները նույնպես ի զորու չեն պահպանել միայնակ թոշակառուներից շատերի նպաստը: Եվ առաջին ահազանգերը խմբագրություն արդեն հնչել են:

Ի դեպ, մեր զրուցակից պաշտոնյաներն իրենք էլ խոստովանեցին, որ աղքատության նպաստի գնահատման ներկայումս կիրառվող մեթոդիկան իրեն սպառել է, եւ այլեւս չի ծառայում սոցիալապես անապահով խավի հոգսը թեթեւացնելու իր նպատակին: Անհրաժեշտ է մշակել նորը, ե՞րբ՝ հայտնի չէ: Թեպետ 1999-ին, երբ ներդրվեց աղքատության ընտանեկան նպաստի համակարգը, պարբերաբար լսում էինք, որ համակարգի կիրառման մեխանիզմներն ու ձեւերը «եվրոստանդարտ» են: Գուցե մեր երկրի աղքատության չափանիշերն ու պետական բյուջեի պարունակությո՞ւնը, թե՞ (որն էլ ավելի հավանական է) երկիրը կառավարողների նամուսն ու խիղճը «եվրոստանդարտ» չեն:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել