Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԾԱՌԱՅԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտ 17,2005 00:00

ՉԾԱՌԱՅԱԾ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Երեկ «Մարդու իրավունքներ-ժողովրդավարություն»
(ՄԻԺ) կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը ասուլիսի ժամանակ մրցանակ հանձնեց
«Արմինֆո» լրատվական գործակալության թղթակից Գեւորգ Խաչատրյանին, որովհետեւ վերջինս,
իհարկե, պրն Թորոսյանի օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ, պատասխանեց ՄԻԺ-ի
պատրաստած վիկտորինայի հարցին: Հարցը հետեւյալն էր. «Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը
չի կատարում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի 4-րդ մասի պահանջները,
այն է՝ չի հաստատում այն պաշտոնների ցանկը, որոնց չեն կարող նշանակվել զինծառայություն
չանցած զինապարտները»: Պատասխանը հետեւյալն էր. «Որովհետեւ հաստատելու դեպքում կառավարության
70 տոկոսը, այդ թվում եւ՝ վարչապետը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԿԲ նախագահը,
ՀՀ գլխավոր դատախազը եւ քաղաքապետ Երվանդ Զախարյանը կզրկվեն իրենց պաշտոններից եւ…
փող չեն ունենա»: Ռ. Թորոսյանի սահմանած մրցանակը իրենից ներկայացնում էր խաղալիք՝
կերած-խմած մի գազանիկ, որը, ըստ Ռ. Թորոսյանի, խորհրդանշում էր մեր կառավարությունը:
Ռ. Թորոսյանը չի ընդունում, որ այն տարիներին, երբ բուհերում ուսում են ստացել մեր
այժմյան կառավարության անդամները, գործել են այլ օրենքներ, եւ զինվորական ամբիոններ
ունեցող բուհերի շրջանավարտները բանակ չեն զորակոչվել օրենքով: «Ուրեմն թող հիմա
օրենքում փոփոխություն մտցնեն, ձեւակերպումը փոխեն»,- վիրավորված է ՄԻԺ նախագահը,
կամ էլ՝ «մի՞թե էլ մարդիկ չկան, որոնք ծառայել են բանակում եւ կարող են այդ պաշտոնները
ստանձնել»: Եվ ժամանակ առ ժամանակ Ռ. Թորոսյանը հիշեցնում էր, որ ինքը բուհն ավարտելուց
հետո նաեւ ծառայել է բանակում: Ռ. Թորոսյանը դժվարությամբ ընդունեց, որ նույն իր
տրամաբանությամբ, Վազգեն Սարգսյանն ու Արմեն Դարբինյանն էլ իրավունք չունեին վարչապետ
լինելու: Իսկ եթե առաջնորդվենք օրենքի տառով, ուրեմն կին նախարար էլ չպետք է ունենանք,
որովհետեւ նրանք չեն ծառայում բանակում: Իսկ գուցե հենց այդ պատճառո՞վ Թամար Պողոսյանին
ազատեցին նախարարի պաշտոնից. ոչ բուհում էր զինպատրաստություն անցել, ոչ էլ առավել
եւս՝ ծառայել բանակում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել