Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրադադարի խախտումներ

Մարտ 17,2005 00:00

Մեկնաբանում են հայ եւ ադրբեջանցի փորձագետները

Մարտի 9-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտիներում հրադադարի ռեժիմի խախտման արդեն 2-3 դեպք է արձանագրվել: Ադրբեջանական կողմը ահազանգել էր նախ՝ շփման գծի հյուսիս-արեւելյան հատվածում, Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտ, ապա հայ-ադրբեջանական սահմանի Իջեւան-Ղազախ հատվածում տեղի ունեցած փոխհրաձգությունների եւ դրանց հետեւանքով վիրավորների եւ զոհերի մասին: Երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ հաղորդագրություն տարածեց Աղդամի Սարիջալի բնակավայրից հայկական ուժերի կողմից ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու մասին: Դեռ անցյալ շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե վերջին շրջանում Հայաստանը համարյա ամեն օր խախտում է զինադադարը: Նմանատիպ մեղադրանք Ադրբեջանին ուղղում էին նաեւ հայկական կողմերը:

Իրավիճակի լարման առիթով անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռենո Խարնիշը՝ ասելով, թե «դա ապացուցում է, որ հակամարտությունը սառեցված չէ եւ լուծում է պահանջում»։

ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն էլ ադրբեջանական ANS հեռուստաընկերությանն ասել է, թե ԵԱՀԿ-ն մտադիր է հայ-ադրբեջանական սահմանում ոչ պլանային մոնիտորինգ անցկացնել, որի նպատակը վերջին օրերին հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում առաջացած լարվածությունը թուլացնելն է: Նա հայտարարել է, որ դա հնարավոր է անել՝ միաժամանակ ընդգծելով, թե դա «միայն հույսեր են»:

Ի վերջո, ո՞ւմ է ձեռնտու իրավիճակի լարումը, առավել եւս, երբ ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը նորից սկսել է հետաքրքրել միջազգային հանրությանը, երբ առաջիկա օրերին ԵԱՀԿ-ում այդ առնչությամբ քննարկումներ են սպասվում: Ըստ «Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանի՝ «Հրադադարի խախտումը հայկական կողմին ամենաքիչն է ձեռնտու եւ չի համապատասխանում մեր պետության շահերին, եթե, իհարկե, դա մեր իշխանությունների կողմից հերթական ավանտյուրա չէ: Դա ձեռնտու է ադրբեջանական կողմին, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից պարբերաբար դժգոհություններ է հայտնում, իսկ այսպես նա փաստորեն շանտաժի է ենթարկում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ սպառնալով ի չիք դարձնել նաեւ նրանց միջնորդությամբ 11 տարի առաջ հաստատված հրադադարը եւ արագացնել հիմնախնդրի լուծումը: Ըստ ամենայնի, Ադրբեջանի ղեկավար շրջանակներում եկել են այն եզրակացության, որ հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումը կարող է ծանրակշիռ փաստարկ լինել, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը ակտիվացնի կարգավորման ուղղությամբ իր ջանքերը, մանավանդ որ հանգուցալուծման իրավական բանաձեւերը համապատասխանում են իրենց շահերին: Այսպիսով Ադրբեջանը նաեւ փորձում է հակամարտության կարգավորումը վերադարձնել այն զրոյական կետին, որից սկսվեցին քաղաքական բանակցությունները»:

Որ հայկական կողմին ավելի քիչ է ձեռնտու հրադադարի խախտումը, քան ադրբեջանցիներին, նկատեց նաեւ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը՝ միաժամանակ չբացառելով, թե լարվածությունը կարող է ձեռնտու լինել երկու կողմերին էլ: «Բայց հաշվի առնելով այն զարգացումները, որոնք տեղի են ունենալու հատկապես բանակցային գործընթացում, կրտսեր Ալիեւն, ըստ երեւույթին, ուզում է ապացուցել, որ նա կարող է հարցը լուծել նաեւ ուժով, եւ ուզում է խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գործընթացը, որը նրան ձեռնտու չէ: Նա հասավ այն բանին, որ ԵԽԽՎ-ն ի նպաստ Ադրբեջանի բանաձեւ ընդունեց: Հիմա Ադրբեջանին երեւի պետք է նաեւ հարցը տեղափոխել ՄԱԿ, որտեղ նրանց կողմնակիցներն ավելի շատ են»,- ասաց Ա. Սարգսյանը: Նրա ասելով, հայկական կողմին այդ լարումը կարող էր ձեռնտու լինել ՀՀ ներքաղաքական սրացումները զսպելու համատեքստում:

Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի լարումը ձեռնտու է երկու երկրների իշխանություններին հավասարապես, եւ երկու կողմերն էլ կարող էին դրա նախաձեռնողը լինել: Այսպիսի կարծիք հայտնեց «Ճգնաժամային իրավիճակների կովկասյան տարածաշրջանային կենտրոնի» տնօրեն Զարդուշտ Ալիզադեն: «Հակամարտության կարգավորման ձգձգումը, իրավիճակի լարվածությունը ձեռնտու են եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի կառավարող շրջանակներին, նաեւ՝ պղտոր ջրում ձուկ որսացող Ռուսաստանին, բայց ոչ երբեք հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին»,- երեկ «Առավոտին» ասաց Զ. Ալիզադեն:

Որքանո՞վ լարվածությունը կարող է ազդել բանակցային գործընթացի վրա: Ըստ մեր զրուցակցի՝ ոչ մի կերպ, «որովհետեւ ռեալ բանակցություններ չկան, դրանք միայն բանակցությունների իմիտացիա են, եւ խոշոր հաշվով ոչ Ալիեւը, ոչ Քոչարյանը շահագրգիռ չեն հակամարտության կարգավորմամբ»: Նա նաեւ բացառեց, թե հայկական եւ ադրբեջանական զինուժի շփման գոտում պարբերաբար դարձող միջադեպերը կարող են դառնալ ավելի լայնամասշտաբ ռազմական գործողությունների առիթ: «Չեն կարող, որովհետեւ եւ Քոչարյանը, եւ Ալիեւը ստացան այն, ինչ ուզում էին, եւ ունեն, ինչ ուզում են, այսինքն՝ իշխանություն»,- եզրակացրեց Զ. Ալիզադեն:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել