Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում

Մարտ 16,2005 00:00

Պահանջում են ճանաչել Երեկ ՀՅԴ երիտասարդական միությունը ԵՊՀ-ից դեպի Եվրամիության գրասենյակ երթ էր կազմակերպել՝ Թուրքիայի ոճրագործությունները դատապարտող նամակ-ուղերձը հանձնելու ԵՄ ներկայացուցիչներին: «1921-ին, այս օրը Սողոմոն Թեհլերյանի գործողություններն արդարացվեցին Բեռլինի դատարանի կողմից, այսինքն նրան չհամարեցին մարդասպան եւ ոճրագործ՝ դրանով իսկ ապացուցելով, որ Թուրքիայի վարչակազմի գործողությունները եղել են անօրինական եւ անմարդկային: Միջազգային պատմության մեջ շատ քիչ դեպքեր են եղել, երբ նման արարքն արդարացվել է: Ներկայիս Եվրամիության դատարանները Բեռլինի դատարանի իրավահաջորդն են, ուստի եւ պարտավոր են լինել նույն սկզբունքների ջատագովը»,- ակցիայի նպատակը պարզաբանեց ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչ Մխիթար Մարգարյանը: Երթին, սակայն, մասնակցում էին մոտ 60 հոգի, որից 15-ը լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին, 10-ը՝ ոստիկանության աշխատակիցներ: Մեր հարցին, թե ինչո՞վ է բացատրվում երիտասարդության այդ պասիվությունը, Մ. Մարգարյանը պատասխանեց, թե սա դեռեւս ցեղասպանությանը նվիրված առաջին միջոցառումն է, «եթե նույնկերպ, նույն ոճով շարունակենք, ապրիլի 24-յան ակցիաներին ավելի մեծ թվով երիտասարդներ կմասնակցեն»: Ի դեպ, կազմակերպիչներն անընդհատ կրկնում էին, որ երթը համահամալսարանական է, մինչդեռ ԵՊՀ ուսանողական խորհուրդը կտրականապես դեմ է նման կուսակցական հավաքներին, թեկուզ այն նվիրված լինի ցեղասպանությանը: Այս առնչությամբ Մ. Մարգարյանը կարճ արտահայտվեց. «Մենք, ճիշտն ասած, ուսխորհրդի կարծիքը չենք հարցնում»: Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին նաեւ ցուցապաստառներ, որոնց վրա գրված էր՝ «1921թ. մարտի 15. կրակոց աշխարհի քնած հիշողությանը», «Այստեղով թուրքեր են անցել, ամենուր ավեր է ու մահ»: «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Իշխան Սաղաթելյանի մեկնաբանությամբ, «եթե ժամանակագրությանն ուշադրություն դարձնենք, 1915-ից հետո կրկնվեցին ուրիշ ցեղասպանություններ ու չդատապարտվեցին: Մենք թույլ չենք տա Թուրքիային արյունոտ ձեռքերով մտնել Եվրոպա»: Հարցին, թե ի՞նչ արդյունք կարող են ունենալ նմանատիպ ակցիաները, Մ. Մարգարյանը պատասխանեց. «Մենք պահանջատեր երիտասարդներ ենք եւ գիտակցում ենք, որ մյուս ժողովուրդների պես մենք էլ ունենք արժանապատիվ եւ ազատ ապրելու իրավունք: Միանշանակ հույս ունենք, որ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու համար նախապայման կդառնա ցեղասպանության ճանաչումը»: Որքան էլ զարմանալի էր, ԵՄ գրասենյակի աշխատակիցներն այս անգամ ոչ թե դարպասների ճաղերի արանքից նամակը վերցրին, այլ Մ. Մարգարյանին հրավիրեցին ներս: Սակայն պատճառաբանելով, թե ղեկավարներից ոչ ոք չկա, խնդիրը լսել էր քարտուղարուհիներից մեկը եւ խոստացել նամակն անպայման հանձնել հասցեատիրոջը: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել