Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶՈՒՆԱԿ

Մարտ 16,2005 00:00

ՊԱՐԶՈՒՆԱԿ ԲԼԵՖ՝ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՇՈՒՐՋ Արդեն սկանդալային դարձած բազմասակագնային էլեկտրահաշվիչների մրցույթի պատմությունը սկսվում է դեռ 1999թ., երբ Ճապոնիայի կառավարությունը ՀՀ էներգետիկ համակարգին հատկացրեց մոտ 40 մլն դոլար վարկ: Այդ գումարից ավելի քան 30 մլն նախատեսվում էր ծախսել 33 էներգետիկ ենթակայանների վերակառուցման նպատակով, իսկ մոտ 8,5 մլն դոլարով պետք է արտադրվեր 150 հազար բազմասակագնային էլեկտրահաշվիչ՝ դրանք Հայաստանի սոցիալապես անապահով խավին անվճար հատկացնելու նպատակով: 33 ենթակայանների վերականգնման ծրագրի մրցույթը առ այսօր տեղի չի ունեցել: Մի փոքր այլ է վիճակը բազմասակագնային հաշվիչների արտադրության մրցույթի կապակցությամբ: Մրցույթը հայտարարվել է մոտ երկու տարի առաջ, սակայն մինչ օրս այդպես էլ հաղթողն ի հայտ չի գալիս, ինչի պատճառով մեր անապահով խավը կրում է իսկական վնասներ: Պարզաբանենք ասվածը. ինչպես նշեցինք, հաշվիչների ծրագիրն ունի բավական լուրջ սոցիալական ուղղվածություն: Նկատենք, որ ներկայումս հանրապետության բնակիչ-բաժանորդների թիվը կազմում է մոտ 650 հազար, ինչը նշանակում է, որ բազմասակագնային հաշվիչների ծրագրի շրջանակներում անվճար հաշվիչներ պետք է տրամադրվեին այդ բաժանորդների 20-25%-ին: Միաժամանակ, եթե հաշվի առնենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում աղքատների թիվը կազմում է բնակչության մոտ 50%-ը, ապա այդ հաշվիչները տրամադրվելու են մեր երկրի անապահով խավի կեսին: Մեկ այլ ցուցանիշ եւս ներկայացնենք: Վերջերս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը մի առիթով հայտարարեց. «Երկդրույք սակագնի ռեժիմից օգտվող սպառողը, օրինակ, դեկտեմբեր ամսվա դրությամբ, նույն ծավալով էլեկտրաէներգիայի այլ օգտագործողի համեմատ պակաս է վճարել 3200 դրամ»: Խոսքը դեկտեմբեր ամսվա մասին է, եւ եթե այդ ցուցանիշը միջինացնենք տարվա կտրվածքով, ապա, ըստ ամենայնի, բազմասակագնային հաշվիչ ունեցող բաժանորդը ամսական պակաս է վճարել մոտ 1500 դրամ, այսինքն՝ տարեկան մոտ 18-20 հազար դրամ: Այսինքն մեկ անապահով ընտանիքը 5 տարի զրկված լինելով նման խնայողությունից, կորցրել է առնվազն 100-120 հազար դրամ, այսինքն նույն բազմասակագնային հաշվիչի շուկայական արժեքից 2,5-3 անգամ ավելի գումար: Եթե վերոհիշյալ կորուստները հաշվառենք 150 հազար ընտանիքի կտրվածքով, ապա ստացվում է, որ ընդհանուր առմամբ կորուստները կազմել են մոտ 30-40 մլն դոլար, ինչը համարժեք է ամբողջ վարկային ծրագրի արժեքին: Ասվածից կարելի է եզրակացնել, որ 5 տարի շարունակ մրցույթը չկազմակերպողները մեր երկրի բնակչությանը պատճառել են նշված ծավալի վնաս, ինչի համար կարծես թե ոչ մեկին չեն փորձում պատասխանատվության ենթարկել: Իսկ հիմա տեսնենք, թե ովքեր եւ ինչ պատճառով են առնվազն 30-40 մլն դոլարի վնաս պատճառել Հայաստանի անապահով խավին, այն էլ՝ այն պարագայում, երբ ՀՀ կառավարությունը անգամ ռազմավարական ծրագրեր է կազմում աղքատության հաղթահարման համար եւ այդ նպատակով մեկ-երկու տասնյակ միլիոն դոլար վարկ ստանալու համար միջազգային կառույցների առջեւ հայտնվում է խնդրողի դերում: Ճապոնական վարկի տրամադրման ժամանակաշրջանից սկսած, ստեղծվել է համապատասխան ծրագրերի իրականացման գրասենյակը (ԾԻԳ), որի, պատկերավոր ասած, սուրբ պարտականությունն էր ծրագրի շրջանակներում հնարավորինս շուտ մրցույթների կազմակերպումը եւ ծրագրերն ավարտին հասցնելը: Եթե այդ գործընթացը 5 տարի շարունակ ձգձգվում է, ապա իրավունք ունենք հարցնել, թե ԾԻԳ-ը ինչով է զբաղվել այդ տարիներին: Պատասխանը կարծում ենք միանշանակ է՝ ձրիակերությամբ: Ինչեւէ, թեկուզ եւ տարիներ անց, այնուամենայնիվ, բազմասակագնային հաշվիչների մրցույթը կազմակերպվեց, եւ հաղթող ճանաչվեց հայկական «Էներգիա կոնցեռն» ընկերությունը: Սակայն էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ գործող կառավարական հանձնաժողովը գոնե առաջին հայացքից անհասկանալի պատճառներով այդ որոշումը չեղյալ համարեց եւ հանձնարարեց կազմակերպել նոր մրցույթ: Լրատվամիջոցներում դրա պատճառների մասին բազմիցս է խոսվել, ընդհուպ մինչեւ մատնանշվել է, որ այդ ամենը առանց «սուպերնախարար» Հովիկ Աբրահամյանի միջամտության տեղի չի ունեցել: Բանն այն է, որ, ըստ տարածված տեսակետի, հայկական ընկերությանը դուրս մղելով՝ փորձում են մրցույթի «հաղթող» դարձնել չինական «Սինոհիդրոն» ընկերությանը՝ հասկանալի է, որ ոչ չինացիների սիրուն աչքերի համար: ՀՀ էներգետիկայի նախարարը, որպես չինական ընկերության օգտին խոսող հանգամանք մատնանշում է, թե վերջինս առաջարկել է մոտ 5,6 մլն դոլարով պակաս գին: Սակայն, ցավոք, պրն նախարարը «մոռանում է», որ իր այդ հայտարարությամբ խախտում է մրցույթի գաղտնիությունը եւ միաժամանակ բացահայտ լոբբինգ է անում չինական ընկերությանը (հավանաբար նախարարին էլ է չինացիների աչքերը դուր եկել): Թե ինչքանով է նման գործելաոճը հարիր համակարգի ղեկավարին, պարզ է: Սակայն խոսվում է նաեւ, որ մրցութային հանձնաժողովի որոշ անդամների հետ ակտիվ աշխատանք է տարվում նրանց չինացիների կողմը թեքելու նպատակով: Լինում են լուրջ շահագրգռող խոստումներ, սպառնալիքներ եւ այլն: Անգամ չինացիներին առաջ մղողները, ըստ որոշ լուրերի, պնդում են, թե ունեն անգամ ՀՀ նախագահի, այսպես ասած, «դաբրոն»: Թեեւ օրերս նախագահի մամլո խոսնակը հրապարակավ հերքեց նման խոսակցությունները, փաստորեն մատնանշելով, որ նախագահին մեջբերողները պարզապես շահարկում են նրա անունը, կամ, ինչպես ասում են, պարզունակ բլեֆ են անում: Սակայն այդ ամենով հանդերձ հիշյալ անձանց կարծես թե այդպես էլ չի հաջողվում չինացիներին պսակել հաղթողի դափնիով: Բանն այն է, որ եթե չինական հաշվիչները հայկականի համեմատ ավելի էժան են, սակայն որակական առումով դրանք անհամեմատելի են: Իսկ ավելի պարզ ասած, չինացիները եւ նրանց հայաստանյան բարձրաստիճան հովանավորները պարզապես փորձում են Հայաստան խցկել խոտան ապրանք: Դա հաստատում են անգամ պետստանդարտի եւ բաշխիչ ցանցերի մասնագիտացված լաբորատորիաները: Համապատասխան փաստաթղթերից մեկում ասվում է, որ չինական հաշվիչը բազմաթիվ պարամետրերով չի համապատասխանում Հայաստանում բազմասակագնային հաշվիչներին ներկայացվող տեխնիկական պայմաններին եւ նման հաշվիչները Հայաստան ներմուծելը արգելված է մեր երկրի օրենսդրությամբ: Ավելին, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները եւս դեմ են արտահայտվում չինական հաշվիչներին, համարելով, որ Հայաստան ներմուծվող չինական ապրանքանին պետք է պարզապես խոտան համարել: Էլ չասած, որ մրցույթին մասնակցող օտարերկրյա ընկերությանը պետք է, որ մրցույթի պայմաններին համաձայն ունենար ներկայացուցիչ: Մինչդեռ, ինչպես պարզվում է, չինական ընկերությունը չունի ներկայացուցիչ, սակայն ԾԻԳ-ը «տարօրինակ» կերպով աչք է փակում այդ փաստի վրա: Այս ամենով հանդերձ, անգամ մեր համապատասխան չինովնիկները չեն հրաժարվում չինացիներին առաջ մղելու ծրագրերից: «Էներգիա կոնցեռնի» հաղթանակը չեղյալ համարելուց հետո, փետրվարի 14-ին կազմակերպվեց եւս մեկ «մրցույթ», սակայն մրցութային հանձնաժողովի նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 9-ը, իսկ այդ օրը կրկին որոշման ընդունումը հետաձգվեց՝ այս անգամ արդեն անորոշ ժամկետով: Տպավորություն է ստեղծվում, որ հանձնաժողովը պարզապես փորձում է հարմար պահ գտնել եւ ԾԻԳ-ի կողմից որդեգրված խիստ գաղտնիության ոճով չինացիներին «հաղթող» դարձնել: ԱՐՄԵՆ ԳԱԼՈՅԱՆ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել