ՔՍԵՆՈՖՈԲԻԱ ՉԿԱ, ԿԱՆ ՏՀԱՍՆԵՐ Հայ ազգայնականների ճակատը, որը հայտնի է լուսավորման սյուների վրա թռուցիկներ փակցնելով, եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով խոստանում են պայքարել քսենոֆոբիայի եւ կրոնական անհանդուրժողականության դեմ: Հայտարարության մեկ այլ կետով պատրաստակամություն է հայտնվում պայքարել նաեւ աղանդների դեմ (հավանաբար՝ որպես կրոնական հանդուրժողականության դրսեւորում): Ակնհայտ է, որ ազգայնականների այս քայլերն ուղղված են վաղը սկսվելիք դատավարության համար որոշակի ֆոն ստեղծելուն: Հիշեցնենք, որ այդ օրը դատարանի առջեւ է կանգնելու արվամոլության դեմ պայքարի առաջամարտիկ ազգայնականը: Ի՞նչ է ասվում այդ կապակցությամբ: Որ Հայաստանում քսենոֆոբիա չկա: Եվ դա 100 տոկոսանոց ճշմարտություն է: Մեր հասարակությունը, բարեբախտաբար, թունավորված չէ այդ արատով: Քանի որ դա չկար նաեւ Խորհրդային Հայաստանում, որտեղ այլազգիները (առաջին հերթին՝ ադրբեջանցիները) համեմատաբար ավելի բարձր տոկոս էին կազմում, քան այսօր, հակված եմ կարծել, որ ազգային անհանդուրժողականությունն ընդհանրապես հատուկ չէ մեր ժողովրդին: Այլամերժություն մեզ մոտ իսկապես չկա: Փոխարենը կան «գործիչներ», որոնք ինքնահաստատվելու այլ ոլորտ չունենալով՝ փորձում են հռչակ եւ համբավ ձեռք բերել «ջհուդների», «հուդամասոնական դավադրության» եւ սեռական փոքրամասնությունների մասին իրենց հայհոյախառն արտահայտություններով: Եվ նման մարդիկ պետք է պատժվեն դատական կարգով, որպեսզի հետագայում ոչ մի նման «գործիչ» ամբախ-զամբախ չխոսի եւ մեր երկրի վարկի հետ չխաղա: Իսկ որ լրատվամիջոցները պաշտպանում են մի սուբյեկտի, որն ասուլիսի ժամանակ հայհոյել է կին լրագրողին՝ դա արդեն այլ խոսակցության թեմա է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ