«Նախագահի վերընտրությունները ազգային աղետ են» Կարծում է պրոֆեսոր Հենրիկ Գրիգորյանն ու առաջարկում փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ «Ես եկել եմ այն եզրահանգման, որ նախագահական վերընտրությունները մեր երկրի համար դարձել են ազգային աղետ, որոնց հետեւանքը միշտ լինում է լեգիտիմության ճգնաժամը, ինչն էլ բերում է հեղափոխական իրավիճակների»,- իր մտահոգություններն «Առավոտին» փոխանցեց ԱԺ նախկին գումարման պատգամավոր, պրոֆեսոր Հենրիկ Գրիգորյանը: Նա նաեւ կառուցողական առաջարկ ուներ այդ աղետի դեմն առնելու համար. «Ուզում եմ առաջարկել՝ սահմանադրորեն ամրագրենք, որ նախագահը վերընտրվելու իրավունք չունենա: Ընդամենը մեկ անգամ ընտրվելու հնարավորություն տրվի երկրի յուրաքանչյուր նախագահի, բայց փոխարենը ոչ թե հինգ, այլ՝ յոթ-յոթուկես տարի ժամկետով»: Պարոն Գրիգորյանը իր առաջարկը հիմնավորող մի քանի փաստարկներ բերեց. «Հայաստանում դեռեւս չի եղել դեպք, որ նախագահը չվերընտրվի, այլ սահուն կերպով իշխանությունը փոխանցվի մեկ ուրիշ թեկնածուի: Սակայն դրան անպայման ցնցումներ են հետեւում: Հիշենք 1996, 2003թթ. վերընտրությունները: Ի՞նչ է ստացվում: Վերընտրության ժամանակ ոչ թե միայն պրեզիդենտն է վերընտրվում, այլեւ իր կողմից նշանակված դատախազներն ու դատավորները, ամբողջ վարչական կորպուսը, շատ հաճախ նաեւ՝ նույն կառավարությունը: Հետեւաբար վերը նշածներիցս ամեն մեկը ընտրությունների ժամանակ ինքնապահպանման բնազդով ընդգրկվում է այդ ընտրական պրոցեսին: Արդյունքում օգտագործվում է ամբողջ վարչական ռեսուրսը, իսկ դա բերում է նրան, որ ընտրություններն ապրիորի դառնում են անարդար: Սա, իհարկե, բերում է սարսափելի դժգոհությունների, չինովնիկների լկտիացման տարբեր աստիճանների: Վերընտրության ժամանակ բոլոր իշխանական օղակները մտադրվում են վերարտադրվել, հետեւաբար այս բարոյալքման պրոցեսներն այդ ժամանակ սարսափելի մեծանում են, մեծ ծավալներ են ստանում կաշառակերությունը, կոռուպցիան, այլեւայլ մարդկային եւ հասարակական արատներ: Այս ամենի պատճառները թաքնված են վերընտրության իրավունքի մեջ: Կան երկրներ, որտեղ չկա մեկ անգամից ավելի նախագահ դառնալու իրավունքը, եւ սա հոգեհարազատ է մեր ազգային մենթալիտետին: Ես համոզված եմ, որ սոցիալ-տնտեսական, հոգեբարոյական առումներով մեր երկիրն ավելի մոտ է դրան. եթե դա անենք, մեծ օգուտ կտանք ՀՀ-ին»: Իր առաջարկի համար լուրջ հակափաստարկներ պարոն Գրիգորյանը չէր տեսնում: Մենք հետաքրքրվեցինք՝ իսկ եթե այդ յոթ տարում նախագահն այնքա՜ն լավը լինի, որ ժողովուրդը նրան ծնկաչոք խնդրի կրկին իշխել իրենց, ինչպես օրինակ՝ բելառուսները պաղատեցին Լուկաշենկոյին, ու նա սիրահոժար վերաձեւել տվեց Սահմանադրությունն իր հագով: Կամ հակառակը՝ անցնի երկու-երեք տարի, եւ զգանք, որ, ախր, հե՛չ բանի պետք չէ այս նախագահը, մի՞թե ստիպված պիտի եւս մի քանի տարի ձգենք: Պարոն Գրիգորյանը առաջին դեպքում միանշանակ գտնում էր, որ որեւէ մեկին, անգամ եթե նա ունենա հրեշտակի թեւեր ու սրբի լուսապսակ, չի կարելի թույլ տալ երկրորդ ժամկետի մասին մտածել: Ինչ վերաբերում է երկրորդ դեպքին, ապա, ըստ նախկին պատգամավորի, հարկավոր է մշակել ետկանչի հստակ մեխանիզմներ, եւ եթե մարդը չի արդարացնում իրեն, պառլամենտը հնարավորություն ունենա շտկել ժողովրդի սխալը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ