ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ «ԱՌԱՎԵԼ ԽՈՑԵԼԻ» «Լրագրողների պաշտպանության կոմիտե» («Committee to Protect Journalists») միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Հարձակումները մամուլի վրա 2004-ին» զեկույցը, որում առանձին բաժին է հատկացված Հայաստանին: Զեկույցում նախ նշվում է, թե մամուլի վիճակը վատթարանում է Ռուսաստանում եւ նախկին խորհրդային հանրապետությունների մեծամասնությունում: Եվ մասնավորապես մեր երկրի վերաբերյալ առաջին հերթին նշվում է. «Հայաստանի իշխանությունները չեն ապահովել լրագրողների անվտանգությունը ապրիլին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ բուռն հանրահավաքների ընթացքում: Որոշ դեպքերում իշխանություններն իրենք են ներգրավված եղել մամուլի դեմ կատարված հարձակումների մեջ»: Որպես ապացույց՝ հիշատակված է անցած տարի «Նաիրի» կինոթատրոնի մոտ տեղի ունեցածը. «Ապրիլի 5-ին ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ անհաղորդ ոստիկանների աչքի առջեւ մոտ երկու տասնյակ մարդ հարձակվել են լրագրողների եւ օպերատորների վրա»: Հիշատակված են նաեւ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա իրադարձությունները, եւ ոստիկանությունն է ուղղակիորեն մեղադրված ՕՌՏ-ի օպերատորին եւ «Հայկական ժամանակի» լրագրողին ծեծելու եւ նկարահանող սարքերը կոտրելու մեջ: «Հարձակումները մամուլի վրա 2004-ին» զեկույցի հեղինակները նշում են, թե այս հարձակումներին հետեւած անպատժելիությունն «առավել խոցելի» դարձրեց լրագրողներին եւ իբրեւ ապացույց մեջբերում են 2004-ի օգոստոսին «Ֆոտոլուրի» լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանի հետ Ծաղկաձորում պատահածը: Հիշատակվում է նաեւ, որ այդ արարքի կատարողը թեեւ դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման, բայց որեւէ պատասխանատվության չենթարկվեց պատվիրատուն: «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» անդրադարձել է նաեւ 2004-ի հանրահավաքների լուսաբանմանը. «Ընդդիմության գարնանային ցույցերի եւ քաղաքական այլ նուրբ թեմաների հեռուստատեսային լուսաբանումը շահեկան է եղել նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար, որն ամեն ինչ արել է, որպեսզի հեռուստակայանները մնան նրանց ձեռքում, ովքեր սատարում են իշխանություններին կամ չեն քննադատում նախագահի քաղաքականությունը»: Եվ այս կապակցությամբ անդրադարձ է արվել «Ա1+»-ի խնդրին. «Եթերը վերահսկող քաղաքականացված մարմինները նախորդ տարիների նման 2004-ին նույնպես եթերից դուրս են թողել անկախ եւ ազդեցիկ «Ա1+» հեռուստաընկերությանը, որը խստորեն քննադատում էր իշխանություններին: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որտեղ գերիշխում են նախագահ Քոչարյանի կողմնակիցները, 2002-ի ապրիլին «Ա1+»-ին զրկել է եթերից եւ դրանից ի վեր 8 անգամ մերժել է եթերի թույլտվություն ստանալու «Ա1+»-ի դիմումները»: Նաեւ նշված է, որ ի տարբերություն հեռուստաընկերությունների՝ «տպագիր լրատվամիջոցներն այդքան խիստ չեն վերահսկվում պետության կողմից, սակայն նրանց մեծամասնությունը վերահսկվում է քաղաքական կուսակցությունների եւ մեծահարուստների կողմից, ինչը կասկածի տակ է դնում նրանց անկախությունը եւ մասնագիտական չափանիշները»: Զեկույցում հիշատակված է նաեւ IREX ProMedia-ի գնահատականը, թե ցածր աշխատավարձերը խթանում են մամուլում կոռուպցիայի լայն տարածմանը: Հարկ է նշել, որ «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» զեկույցը շատ ավելի իրազեկ է կազմված, քան ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որտեղ, ասենք, «Կենտրոն» հեռուստաընկերության վերաբերյալ օգտագործված է՝ «որը կապված էր ընդդիմության հետ կապեր ունեցող լայն տարածում ունեցող թերթի հետ» արտահայտությունը: Նշենք, թե սա ասվում է 2003-ի մասին՝ այդ թվականին վերագրելով «Կենտրոնին» «Ա1+»-ի կապուղու տրամադրումը, մինչդեռ իրականում դա արվել է դրանից մեկ տարի առաջ: Այդ զեկույցում նաեւ այսպիսի մի խրթին արտահայտություն կա. «Անցյալում «Կենտրոն» հեռուստաընկերությունը փոխել էր հաղորդավարներին՝ օբյեկտիվության բացակայության ու չափազանց քաղաքականացված լինելու պատճառով»: Թույլ տանք մեզ կանխատեսել, որ Հայաստանում մամուլի վիճակն արձանագրողները քննադատության նյութ կունենան նաեւ 2005-ին: Նման առիթ կարող են դառնալ, ասենք, կոալիցիայի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները: Այստեղ մի հոդվածում սահմանվում է, թե «տեղեկատվության միջոցների գործունեության եւ պատասխանատվության կարգը սահմանվում է օրենքով»: Եվ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ այս դրույթը կարող է բարդություններ առաջացնել, քանի որ «կարող է դռները բացել անորոշ ձեւակերպումներով տեղեկատվության միջոցների ազատության սահմանափակումների առջեւ: Տեղեկատվության միջոցների ազատության էությունն այն է, որ տեղեկատվական կազմակերպություններն ու այդ ոլորտի մասնագետներն ինքնուրույնաբար որոշեն, թե ինչ գործունեություն են ծավալում ընդհանուր օրենքի շրջանակներում»: Մեկ այլ առիթ էլ կարող է դառնալ խմորվող նախաձեռնությունը հեռուստաալիքների քանակը կրճատելու վերաբերյալ: Սակայն սա այլ անդրադարձի առարկա է: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ