Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՍՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է

Մարտ 16,2005 00:00

Չարենցի ծննդյան 108-ամյակն առաջին անգամ նշվում է իր ծննդավայրում

Այդ բացառիկ ուխտագնացությանը մասնակցում էին Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, կոմպոզիտոր Սասուն Պասկեւիչյանը, ժողովրդական դերասանուհի Ժենյա Ավետիսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, չարենցագետ Դավիթ Գասպարյանը, արձակագիր Հրաչյա Մաթեւոսյանը, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, Գյումրիի հրաշալի երաժիշտները:

Մարտի 13-ին մենք նախ այցելեցինք թուրք Չալիկլիի տուն: Այն գնվել է 1921-ին: Գտնվում էր Վարդանի կամրջի կողքին, Առաքելոց եկեղեցու հարեւանությամբ: Կարծիք կա, թե այստեղ է ծնվել բանաստեղծը: Տունը միհարկանի է, բակով:

Կարսի քաղաքապետը հարգելի պատճառով չկարողացավ մասնակցել հայ մտավորականների ընդունելությանը: Քաղաքապետի տեղակալ Աջանան Սիօղլին հայտնում է քաղաքապետի «դրական ցանկությունը». «Ձեր բանաստեղծի տունն անպայման կվերցնենք հսկողության տակ եւ անպայման կվերանորոգենք»:

Ի դեպ, Կարսի քաղցրավենիքների խանութից պատվիրում ենք տորթեր՝ վրան գրված՝ «Չարենց-108»:

Փոխքաղաքապետը ներկայացնում է քաղաքի ներկան. Կարսում գործում է Կովկասյան համալսարանը՝ 10 հազար ուսանողությամբ: Եվ որ առաջիկայում բացվելու է հետազոտական հիվանդանոց: Քաղաքապետարանին կից թատրոն կա: Կարսում 6 անուն թերթ կա, 1 ռադիո եւ 3 հեռուստաընկերություն: Դրանք պետական թերթեր չեն, ասում է թուրք լրագրող Մուքադիրը: Երբ հետաքրքրվում ենք, թե հայեր կա՞ն, նա պատասխանում է. «Իրավիճակից ելնելով, շատերը չեն ասում, թե հայ են»:

Ոստիկան եւ մուրացկան ընդհանրապես չտեսանք քաղաքում: Դպրոցների պատերին Աթաթուրքի դիմապատկերն է կամ դիմաքանդակը: «Եթե թուրք ես ծնվել, երջանիկ ես». սա էլ Կարսի բերդին ամրացված ցուցավահանակի բովանդակությունն է:

Նկարում պատկերվածն էլ Ե. Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում նկարագրած Առաքելոց եկեղեցին է: Եկեղեցու խաչը փոխել են, փոխարենն ամրացնելով լիալուսինը: Եկեղեցին փակ է, պատուհանները «եվրոնորոգման» տակ են ընկած: Եկեղեցու բակում ապրում է թուրք բազմանդամ ընտանիք: Տանտիրուհուն հարցնում եմ, թե այցելո՞ւմ են եկեղեցի, նա դրական պատասխան է տալիս: Նրան խնդրում եմ թույլ տալ իր տունը տեսնել: Մերժում է ինձ, թե «կհրավիրեի, եթե տանը քնած տղամարդ չլիներ»:

Կարսի գավառական թանգարանը հիշեցնում է հայ հնագիտական թանգարան: Այնտեղ ցուցադրված զարդանախշ դռան վրայի խաչի թեւերը քերել են: Նույնը «պատահել է» Առաքելոց եկեղեցու դռան հետ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Կարս-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031