Երեկ
ՀՅԴ երիտասարդական միությունը ԵՊՀ-ից դեպի Եվրամիության գրասենյակ երթ էր կազմակերպել՝
Թուրքիայի ոճրագործությունները դատապարտող նամակ-ուղերձը հանձնելու ԵՄ ներկայացուցիչներին:
«1921-ին, այս օրը Սողոմոն Թեհլերյանի գործողություններն արդարացվեցին Բեռլինի
դատարանի կողմից, այսինքն նրան չհամարեցին մարդասպան եւ ոճրագործ՝ դրանով իսկ ապացուցելով,
որ Թուրքիայի վարչակազմի գործողությունները եղել են անօրինական եւ անմարդկային: Միջազգային
պատմության մեջ շատ քիչ դեպքեր են եղել, երբ նման արարքն արդարացվել է: Ներկայիս
Եվրամիության դատարանները Բեռլինի դատարանի իրավահաջորդն են, ուստի եւ պարտավոր են
լինել նույն սկզբունքների ջատագովը»,- ակցիայի նպատակը պարզաբանեց ՀՅԴ երիտասարդական
միության ներկայացուցիչ Մխիթար Մարգարյանը: Երթին, սակայն, մասնակցում էին մոտ 60
հոգի, որից 15-ը լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին, 10-ը՝ ոստիկանության աշխատակիցներ:
Մեր հարցին, թե ինչո՞վ է բացատրվում երիտասարդության այդ պասիվությունը, Մ.
Մարգարյանը պատասխանեց, թե սա դեռեւս ցեղասպանությանը նվիրված առաջին միջոցառումն
է, «եթե նույնկերպ, նույն ոճով շարունակենք, ապրիլի 24-յան ակցիաներին ավելի մեծ
թվով երիտասարդներ կմասնակցեն»: Ի դեպ, կազմակերպիչներն անընդհատ կրկնում էին, որ
երթը համահամալսարանական է, մինչդեռ ԵՊՀ ուսանողական խորհուրդը կտրականապես դեմ է
նման կուսակցական հավաքներին, թեկուզ այն նվիրված լինի ցեղասպանությանը: Այս առնչությամբ
Մ. Մարգարյանը կարճ արտահայտվեց. «Մենք, ճիշտն ասած, ուսխորհրդի կարծիքը չենք հարցնում»:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին նաեւ ցուցապաստառներ, որոնց վրա
գրված էր՝ «1921թ. մարտի 15. կրակոց աշխարհի քնած հիշողությանը», «Այստեղով թուրքեր
են անցել, ամենուր ավեր է ու մահ»: «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ
Իշխան Սաղաթելյանի մեկնաբանությամբ, «եթե ժամանակագրությանն ուշադրություն դարձնենք,
1915-ից հետո կրկնվեցին ուրիշ ցեղասպանություններ ու չդատապարտվեցին: Մենք թույլ
չենք տա Թուրքիային արյունոտ ձեռքերով մտնել Եվրոպա»: Հարցին, թե ի՞նչ արդյունք կարող
են ունենալ նմանատիպ ակցիաները, Մ. Մարգարյանը պատասխանեց. «Մենք պահանջատեր երիտասարդներ
ենք եւ գիտակցում ենք, որ մյուս ժողովուրդների պես մենք էլ ունենք արժանապատիվ եւ
ազատ ապրելու իրավունք: Միանշանակ հույս ունենք, որ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու
համար նախապայման կդառնա ցեղասպանության ճանաչումը»: Որքան էլ զարմանալի էր,
ԵՄ գրասենյակի աշխատակիցներն այս անգամ ոչ թե դարպասների ճաղերի արանքից նամակը վերցրին,
այլ Մ. Մարգարյանին հրավիրեցին ներս: Սակայն պատճառաբանելով, թե ղեկավարներից ոչ
ոք չկա, խնդիրը լսել էր քարտուղարուհիներից մեկը եւ խոստացել նամակն անպայման հանձնել
հասցեատիրոջը: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ