Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է»

Մարտ 16,2005 00:00

Հովհաննես
Իգիթյանի դիտարկումները ԵԽԽՎ վերջին բանաձեւի առիթով «Չեմ ուզում ասել, որ
ԵԽԽՎ բանաձեւը այնքան վտանգավոր է Հայաստանի համար, որ հենց վաղը պետք է իրականացվեն
այնտեղ ամրագրված դրույթները, բայց որ ամենեւին էլ «հայանպաստ» չէ՝ դա ակնհայտ է:
Ու թեեւ ադրբեջանցի գործիչներն իրենց ելույթներում նշեցին, որ իրենք հաղթանակել են՝
ես այդպես չեմ կարծում: Հայաստանը մեծ պարտություն կրեց այն իմաստով, որ ԵԽ-ն չի
հասկանում մեզ, բայց Ադրբեջանն էլ հաղթանակած չէ, քանի որ այս որոշումը Ղարաբաղի
հարցի լուծումը չի մոտեցրել: Հակառակը՝ ավելի խճճել է այն»,- կարծում է ՀՀ ԱԺ արտաքին
հարաբերությունների նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: ԵԽԽՎ որեւէ բանաձեւի օգտակարությունը
Հայաստանի կամ Ադրբեջանի համար մեր զրուցակիցը գնահատում է ելնելով նրանից, թե փաստաթուղթը
որքանո՞վ կաջակցի ղարաբաղյան հակամարտության լուծմանը, որքանո՞վ կմոտեցնի այն համաձայնություն
կնքելու ժամկետը, որը հակամարտության բոլոր կողմերը կհամարեն օպտիմալ լուծում: Այս
տեսանկյունից՝ «փաստաթուղթը նպաստավոր չէ հակամարտության լուծման համար, չի մոտեցնում
ավարտը»,- գտնում է մեր զրուցակիցը: Պրն Իգիթյանը նաեւ չի հասկանում հայաստանյան
այն քաղաքական գործիչներին, ովքեր հայտարարում են, թե փաստաթուղթը իրավական չէ, ուստի
չի կարող իրավական հետեւանքներ ունենալ. «Դա սխալ է, քանի որ այսօր եվրոպացիները
ղարաբաղյան հակամարտությունը դիտում են որպես Հայաստանի՝ այլ պետության նկատմամբ
ոտնձգություն, տարածքների բռնագրավում եւ նույնիսկ «էթնիկական զտումների» իրականացում:
Իսկ իր իրավունքների համար պայքարի ելած Ղարաբաղի բնակչությունը ներկայացվում է որպես
անջատողականների խումբ»: Հովհաննես Իգիթյանը նույնպես արձանագրում է, որ 7-8
տարի առաջ պատկերը բոլորովին այլ էր, եւ նմանօրինակ զարգացումները բացատրում է Հայաստանի
ներկայիս իշխանությունների վարած ոչ ճիշտ քաղաքականությամբ, որը միտված է հարցի ձգձգմանը:
Մինչդեռ՝ «21-րդ դար ենք մուտք գործել եւ բավականին փոփոխություններ են տեղի ունեցել,
այդ թվում նաեւ Եվրոպայում»: Դիտարկմանը՝ պատրա՞ստ եք Ձեր փորձառությունները փոխանցել
ղարաբաղյան հարցով զբաղվող ներկայիս գործիչներին, պարոն Իգիթյանը նշեց, որ երբեք
չի խուսափել դրանից, սակայն վստահ չէ, որ մեծ օգուտներ կլինեն. «Ընդհանուր ռազմավարությունը,
ընդհանուր հայեցակարգն է սխալ: Եվ դեռ բավականին հարվածներ կստանանք նմանօրինակ փաստաթղթերով,
քանի դեռ չենք հասկացել, որ ստատուս-քվոն պահպանելը հաջողության չի բերի»: Հովհաննես
Իգիթյանը վրդովված է այն փաստից, որ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի
համար ԵԽ-ն նոր կառույց է. «Կարծես գոյություն չեն ունեցել ԵԽ-ի հետ 1991-92 թվականներից
սկսված հարաբերությունները, երբ Հայաստանը դիմեց այդ կառույցին անդամագրվելու խնդրանքով:
1995-ին Հայաստանին ԵԽ-ում հատուկ կարգավիճակ շնորհվեց: Այդ տարիներին բազմաթիվ փաստաթղթեր
ընդունվեցին. նույն Դեյվիդ Աթկինսոնը այլ բնույթի ելույթներ էր ունենում: Մինչդեռ՝
այդ նույն մարդիկ այսօր այլ տեսակետներ են հնչեցնում: Այդ թվում՝ եղել են քննարկումներ
Ղարաբաղի պատվիրակության մասնակցությամբ: Հնարավոր չէ, որ այդ կազմակերպությունը
կտրականապես փոխեր իր մոտեցումները»: Ուստի Հովհ. Իգիթյանը կասկածներ ունի՝ արդյո՞ք
այսօրվա մեր պատվիրակները պատրաստված են մեկնում Եվրոպա, տեղյա՞կ են անցյալի փաստաթղթերին,
որովհետեւ որեւէ պատգամավորի ելույթում մինչ օրս ընդունված փաստաթղթերին հղումներ
չեն եղել: «Օրինակ, նախկինում այսպիսի ձեւակերպում կար. «Հայաստանը հնարավորինս օգնել
է Հայաստանից գնացող ադրբեջանցի փախստականներին՝ հատկացնելով նյութական օժանդակություն»:
Սա ամրագրված էր նաեւ ԵԽ փաստաթղթերում, ինչպես նաեւ այն, որ, ցավոք, Ադրբեջանն իր
կողմից որեւէ օգնություն չի ցուցաբերել հայ փախստականներին: Եղել են բազմաթիվ այլ
կշռադատված եւ օգտակար զեկույցներ ու բանաձեւեր: Հիմա ամեն ինչ ջնջել են եւ
զրոյից են սկսում: Չեմ ուզում ասել, որ Հայաստանը ԵԽ-ում ներկայացնողներն այն ժամանակ
ավելի խելացի էին, իսկ հիմա… Առաջին հերթին՝ Հայաստանի ներկա քաղաքականությունն
անհասկանալի է, իսկ մոտեցումներն անընդունելի են եվրոպացու համար: Մենք չենք կարող
լրիվ մեկուսացած ապրել՝ կառչելով միայն նախորդ դարի սկզբունքներից եւ բոլորովին անտեսելով
զարգացումները, որ այսօր տեղի են ունենում Եվրոպայում»,-ասում է Հովհ. Իգիթյանը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել