Արդեն սկանդալային
դարձած բազմասակագնային էլեկտրահաշվիչների մրցույթի պատմությունը սկսվում է դեռ 1999թ.,
երբ Ճապոնիայի կառավարությունը ՀՀ էներգետիկ համակարգին հատկացրեց մոտ 40 մլն դոլար
վարկ: Այդ գումարից ավելի քան 30 մլն նախատեսվում էր ծախսել 33 էներգետիկ
ենթակայանների վերակառուցման նպատակով, իսկ մոտ 8,5 մլն դոլարով պետք է արտադրվեր
150 հազար բազմասակագնային էլեկտրահաշվիչ՝ դրանք Հայաստանի սոցիալապես անապահով խավին
անվճար հատկացնելու նպատակով: 33 ենթակայանների վերականգնման ծրագրի մրցույթը
առ այսօր տեղի չի ունեցել: Մի փոքր այլ է վիճակը բազմասակագնային հաշվիչների արտադրության
մրցույթի կապակցությամբ: Մրցույթը հայտարարվել է մոտ երկու տարի առաջ, սակայն մինչ
օրս այդպես էլ հաղթողն ի հայտ չի գալիս, ինչի պատճառով մեր անապահով խավը կրում է
իսկական վնասներ: Պարզաբանենք ասվածը. ինչպես նշեցինք, հաշվիչների ծրագիրն ունի բավական
լուրջ սոցիալական ուղղվածություն: Նկատենք, որ ներկայումս հանրապետության բնակիչ-բաժանորդների
թիվը կազմում է մոտ 650 հազար, ինչը նշանակում է, որ բազմասակագնային հաշվիչների
ծրագրի շրջանակներում անվճար հաշվիչներ պետք է տրամադրվեին այդ բաժանորդների 20-25%-ին:
Միաժամանակ, եթե հաշվի առնենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում աղքատների
թիվը կազմում է բնակչության մոտ 50%-ը, ապա այդ հաշվիչները տրամադրվելու են մեր երկրի
անապահով խավի կեսին: Մեկ այլ ցուցանիշ եւս ներկայացնենք: Վերջերս «Հայաստանի
էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը մի առիթով հայտարարեց.
«Երկդրույք սակագնի ռեժիմից օգտվող սպառողը, օրինակ, դեկտեմբեր ամսվա դրությամբ,
նույն ծավալով էլեկտրաէներգիայի այլ օգտագործողի համեմատ պակաս է վճարել 3200 դրամ»:
Խոսքը դեկտեմբեր ամսվա մասին է, եւ եթե այդ ցուցանիշը միջինացնենք տարվա կտրվածքով,
ապա, ըստ ամենայնի, բազմասակագնային հաշվիչ ունեցող բաժանորդը ամսական պակաս է վճարել
մոտ 1500 դրամ, այսինքն՝ տարեկան մոտ 18-20 հազար դրամ: Այսինքն մեկ անապահով ընտանիքը
5 տարի զրկված լինելով նման խնայողությունից, կորցրել է առնվազն 100-120 հազար դրամ,
այսինքն նույն բազմասակագնային հաշվիչի շուկայական արժեքից 2,5-3 անգամ ավելի գումար:
Եթե վերոհիշյալ կորուստները հաշվառենք 150 հազար ընտանիքի կտրվածքով, ապա ստացվում
է, որ ընդհանուր առմամբ կորուստները կազմել են մոտ 30-40 մլն դոլար, ինչը համարժեք
է ամբողջ վարկային ծրագրի արժեքին: Ասվածից կարելի է եզրակացնել, որ 5 տարի շարունակ
մրցույթը չկազմակերպողները մեր երկրի բնակչությանը պատճառել են նշված ծավալի վնաս,
ինչի համար կարծես թե ոչ մեկին չեն փորձում պատասխանատվության ենթարկել: Իսկ
հիմա տեսնենք, թե ովքեր եւ ինչ պատճառով են առնվազն 30-40 մլն դոլարի վնաս պատճառել
Հայաստանի անապահով խավին, այն էլ՝ այն պարագայում, երբ ՀՀ կառավարությունը անգամ
ռազմավարական ծրագրեր է կազմում աղքատության հաղթահարման համար եւ այդ նպատակով մեկ-երկու
տասնյակ միլիոն դոլար վարկ ստանալու համար միջազգային կառույցների առջեւ հայտնվում
է խնդրողի դերում: Ճապոնական վարկի տրամադրման ժամանակաշրջանից սկսած, ստեղծվել է
համապատասխան ծրագրերի իրականացման գրասենյակը (ԾԻԳ), որի, պատկերավոր ասած, սուրբ
պարտականությունն էր ծրագրի շրջանակներում հնարավորինս շուտ մրցույթների կազմակերպումը
եւ ծրագրերն ավարտին հասցնելը: Եթե այդ գործընթացը 5 տարի շարունակ ձգձգվում է, ապա
իրավունք ունենք հարցնել, թե ԾԻԳ-ը ինչով է զբաղվել այդ տարիներին: Պատասխանը կարծում
ենք միանշանակ է՝ ձրիակերությամբ: Ինչեւէ, թեկուզ եւ տարիներ անց, այնուամենայնիվ,
բազմասակագնային հաշվիչների մրցույթը կազմակերպվեց, եւ հաղթող ճանաչվեց հայկական
«Էներգիա կոնցեռն» ընկերությունը: Սակայն էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի
գլխավորությամբ գործող կառավարական հանձնաժողովը գոնե առաջին հայացքից անհասկանալի
պատճառներով այդ որոշումը չեղյալ համարեց եւ հանձնարարեց կազմակերպել նոր մրցույթ:
Լրատվամիջոցներում դրա պատճառների մասին բազմիցս է խոսվել, ընդհուպ մինչեւ մատնանշվել
է, որ այդ ամենը առանց «սուպերնախարար» Հովիկ Աբրահամյանի միջամտության տեղի չի ունեցել:
Բանն այն է, որ, ըստ տարածված տեսակետի, հայկական ընկերությանը դուրս մղելով՝ փորձում
են մրցույթի «հաղթող» դարձնել չինական «Սինոհիդրոն» ընկերությանը՝ հասկանալի է, որ
ոչ չինացիների սիրուն աչքերի համար: ՀՀ էներգետիկայի նախարարը, որպես չինական ընկերության
օգտին խոսող հանգամանք մատնանշում է, թե վերջինս առաջարկել է մոտ 5,6 մլն դոլարով
պակաս գին: Սակայն, ցավոք, պրն նախարարը «մոռանում է», որ իր այդ հայտարարությամբ
խախտում է մրցույթի գաղտնիությունը եւ միաժամանակ բացահայտ լոբբինգ է անում չինական
ընկերությանը (հավանաբար նախարարին էլ է չինացիների աչքերը դուր եկել): Թե ինչքանով
է նման գործելաոճը հարիր համակարգի ղեկավարին, պարզ է: Սակայն խոսվում է նաեւ, որ
մրցութային հանձնաժողովի որոշ անդամների հետ ակտիվ աշխատանք է տարվում նրանց չինացիների
կողմը թեքելու նպատակով: Լինում են լուրջ շահագրգռող խոստումներ, սպառնալիքներ եւ
այլն: Անգամ չինացիներին առաջ մղողները, ըստ որոշ լուրերի, պնդում են, թե ունեն անգամ
ՀՀ նախագահի, այսպես ասած, «դաբրոն»: Թեեւ օրերս նախագահի մամլո խոսնակը հրապարակավ
հերքեց նման խոսակցությունները, փաստորեն մատնանշելով, որ նախագահին մեջբերողները
պարզապես շահարկում են նրա անունը, կամ, ինչպես ասում են, պարզունակ բլեֆ են անում:
Սակայն այդ ամենով հանդերձ հիշյալ անձանց կարծես թե այդպես էլ չի հաջողվում
չինացիներին պսակել հաղթողի դափնիով: Բանն այն է, որ եթե չինական հաշվիչները հայկականի
համեմատ ավելի էժան են, սակայն որակական առումով դրանք անհամեմատելի են: Իսկ ավելի
պարզ ասած, չինացիները եւ նրանց հայաստանյան բարձրաստիճան հովանավորները պարզապես
փորձում են Հայաստան խցկել խոտան ապրանք: Դա հաստատում են անգամ պետստանդարտի եւ
բաշխիչ ցանցերի մասնագիտացված լաբորատորիաները: Համապատասխան փաստաթղթերից մեկում
ասվում է, որ չինական հաշվիչը բազմաթիվ պարամետրերով չի համապատասխանում Հայաստանում
բազմասակագնային հաշվիչներին ներկայացվող տեխնիկական պայմաններին եւ նման հաշվիչները
Հայաստան ներմուծելը արգելված է մեր երկրի օրենսդրությամբ: Ավելին, սպառողների շահերը
պաշտպանող հասարակական կազմակերպությունները եւս դեմ են արտահայտվում չինական հաշվիչներին,
համարելով, որ Հայաստան ներմուծվող չինական ապրանքանին պետք է պարզապես խոտան համարել:
Էլ չասած, որ մրցույթին մասնակցող օտարերկրյա ընկերությանը պետք է, որ մրցույթի պայմաններին
համաձայն ունենար ներկայացուցիչ: Մինչդեռ, ինչպես պարզվում է, չինական ընկերությունը
չունի ներկայացուցիչ, սակայն ԾԻԳ-ը «տարօրինակ» կերպով աչք է փակում այդ փաստի վրա:
Այս ամենով հանդերձ, անգամ մեր համապատասխան չինովնիկները չեն հրաժարվում
չինացիներին առաջ մղելու ծրագրերից: «Էներգիա կոնցեռնի» հաղթանակը չեղյալ համարելուց
հետո, փետրվարի 14-ին կազմակերպվեց եւս մեկ «մրցույթ», սակայն մրցութային հանձնաժողովի
նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 9-ը, իսկ այդ օրը կրկին որոշման ընդունումը հետաձգվեց՝
այս անգամ արդեն անորոշ ժամկետով: Տպավորություն է ստեղծվում, որ հանձնաժողովը պարզապես
փորձում է հարմար պահ գտնել եւ ԾԻԳ-ի կողմից որդեգրված խիստ գաղտնիության ոճով չինացիներին
«հաղթող» դարձնել: ԱՐՄԵՆ ԳԱԼՈՅԱՆ R