Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ» ՀԱԿԱԳՐՈՀԸ

Մարտ 16,2005 00:00

«ՍՅՈՒՆՅԱՑ
ԱՐԾԻՎՆԵՐԻ» ՀԱԿԱԳՐՈՀԸ «Սյունյաց Երկիր» թերթի գլխավոր խմբագիր
Սամվել Ալեքսանյանն օրերս մամուլին հայտնել էր, թե իր նկատմամբ հոկտեմբերի 13-ին
կատարված հարձակման փաստի գործն ուղարկվել է Սյունիքի մարզի 1-ին ատյանի դատարան.
«Սակայն ես հրաժարվում եմ մասնակցել նիստերին»: Որպես պատճառաբանություն՝ մասնավորապես
նշել էր, թե ինքը որպես տուժող՝ այդպես էլ չի հարցաքննվել նախաքննության ընթացքում,
բացառությամբ այն հայտարարության, որը գրել էր կատարվածից անմիջապես հետո: Բացի այդ՝
«Ինձ վրա հարձակվել են 3 ջահելներ, որոնցից մեկը մահակով հարվածել է գլխիս, իսկ գործում
արձանագրված է հարձակվողներից միայն մեկը: Գործում արձանագրված չէ նաեւ այն հանգամանքը,
որ ջահելների առաջնորդը ժամանակին հեռացվել է ներքին գործերի մարմիններից եւ դատապարտված
է եղել գողության համար»: Հարձակման գլխավոր անձը՝ «Սյունյաց արծիվներ» կազմակերպության
նախագահ, Վարչապետին կից երիտասարդական խորհրդի անդամ Խաչիկ Ասրյանը երեկ ԶԼՄ-ներին
է ուղարկել իր պատասխանը, որում պնդում է՝ «Ս. Ալեքսանյանին ոչ ոք չի ծեծել, եւ դա
պարզապես չգիտեմ ում կողմից գրված սցենար է՝ վարկաբեկելու իմ բարոյական կերպարը,
ինչը երբեք չի հաջողվի ոչ մեկին: Նշեմ, որ Ս. Ալեքսանյանը հարուցված քրգործի ընթացքում
2 անգամ խուսափել է առերեսումից, 2 անգամ հրաժարվել ներկայանալ դատարան՝ արհամարհելով
ՀՀ դատախազությունների եւ դատարանների լեգիտիմ աշխատանքը»: Խաչիկ Ասրյանը նաեւ նշել
է, թե «ի տարբերություն Ս. Ալեքսանյանի, որը պարապությունից սցենարներ է գրում»,
ինքը «ձեռքերը ծալած չի նստում», այլ «Ցեղակրոնություն է քարոզում եւ կատարում հայրենանվեր
գործեր»: Մինչդեռ Սամվել Ալեքսանյանն իրեն «զրպարտել է»՝ նշելով խուլիգանության եւ
նախկինում դատվածության մասին: Խաչիկ Ասրյանը պնդում է, թե 1996-ին աշխատել է Սյունիքի
մարզային ոստիկանությունում եւ իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից, քանի որ
ժամանակավորապես պիտի մեկներ Ռուսաստան: Նաեւ, որ երբեք դատված չի եղել՝ մանավանդ
գողության համար: «Իմ բարի համբավը ոտնահարելու, ինձ հրապարակավ զրպարտելու եւ վարկաբեկելու
համար ստիպված եմ «Սյունյաց Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին ենթարկել
քրեական պատասխանատվության»,- հայտարարել է «Սյունյաց արծիվների» ղեկավարը: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել