Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ «ԱՌԱՎԵԼ ԽՈՑԵԼԻ»

Մարտ 16,2005 00:00

«Լրագրողների
պաշտպանության կոմիտե» («Committee to Protect Journalists») միջազգային կազմակերպությունը
հրապարակել է «Հարձակումները մամուլի վրա 2004-ին» զեկույցը, որում առանձին բաժին
է հատկացված Հայաստանին: Զեկույցում նախ նշվում է, թե մամուլի վիճակը
վատթարանում է Ռուսաստանում եւ նախկին խորհրդային հանրապետությունների մեծամասնությունում:
Եվ մասնավորապես մեր երկրի վերաբերյալ առաջին հերթին նշվում է. «Հայաստանի իշխանությունները
չեն ապահովել լրագրողների անվտանգությունը ապրիլին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ
բուռն հանրահավաքների ընթացքում: Որոշ դեպքերում իշխանություններն իրենք են ներգրավված
եղել մամուլի դեմ կատարված հարձակումների մեջ»: Որպես ապացույց՝ հիշատակված է անցած
տարի «Նաիրի» կինոթատրոնի մոտ տեղի ունեցածը. «Ապրիլի 5-ին ընդդիմության կազմակերպած
հանրահավաքի ժամանակ անհաղորդ ոստիկանների աչքի առջեւ մոտ երկու տասնյակ մարդ հարձակվել
են լրագրողների եւ օպերատորների վրա»: Հիշատակված են նաեւ ապրիլի 12-ի լույս 13-ի
գիշերվա իրադարձությունները, եւ ոստիկանությունն է ուղղակիորեն մեղադրված ՕՌՏ-ի օպերատորին
եւ «Հայկական ժամանակի» լրագրողին ծեծելու եւ նկարահանող սարքերը կոտրելու մեջ: «Հարձակումները
մամուլի վրա 2004-ին» զեկույցի հեղինակները նշում են, թե այս հարձակումներին հետեւած
անպատժելիությունն «առավել խոցելի» դարձրեց լրագրողներին եւ իբրեւ ապացույց մեջբերում
են 2004-ի օգոստոսին «Ֆոտոլուրի» լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանի հետ Ծաղկաձորում
պատահածը: Հիշատակվում է նաեւ, որ այդ արարքի կատարողը թեեւ դատապարտվեց 6 ամսվա
ազատազրկման, բայց որեւէ պատասխանատվության չենթարկվեց պատվիրատուն: «Լրագրողների
պաշտպանության կոմիտեն» անդրադարձել է նաեւ 2004-ի հանրահավաքների լուսաբանմանը.
«Ընդդիմության գարնանային ցույցերի եւ քաղաքական այլ նուրբ թեմաների հեռուստատեսային
լուսաբանումը շահեկան է եղել նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար, որն ամեն ինչ արել
է, որպեսզի հեռուստակայանները մնան նրանց ձեռքում, ովքեր սատարում են իշխանություններին
կամ չեն քննադատում նախագահի քաղաքականությունը»: Եվ այս կապակցությամբ անդրադարձ
է արվել «Ա1+»-ի խնդրին. «Եթերը վերահսկող քաղաքականացված մարմինները նախորդ տարիների
նման 2004-ին նույնպես եթերից դուրս են թողել անկախ եւ ազդեցիկ «Ա1+» հեռուստաընկերությանը,
որը խստորեն քննադատում էր իշխանություններին: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային
հանձնաժողովը, որտեղ գերիշխում են նախագահ Քոչարյանի կողմնակիցները, 2002-ի ապրիլին
«Ա1+»-ին զրկել է եթերից եւ դրանից ի վեր 8 անգամ մերժել է եթերի թույլտվություն
ստանալու «Ա1+»-ի դիմումները»: Նաեւ նշված է, որ ի տարբերություն հեռուստաընկերությունների՝
«տպագիր լրատվամիջոցներն այդքան խիստ չեն վերահսկվում պետության կողմից, սակայն նրանց
մեծամասնությունը վերահսկվում է քաղաքական կուսակցությունների եւ մեծահարուստների
կողմից, ինչը կասկածի տակ է դնում նրանց անկախությունը եւ մասնագիտական չափանիշները»:
Զեկույցում հիշատակված է նաեւ IREX ProMedia-ի գնահատականը, թե ցածր աշխատավարձերը
խթանում են մամուլում կոռուպցիայի լայն տարածմանը: Հարկ է նշել, որ «Լրագրողների
պաշտպանության կոմիտեի» զեկույցը շատ ավելի իրազեկ է կազմված, քան ԱՄՆ պետքարտուղարության
զեկույցը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որտեղ, ասենք, «Կենտրոն»
հեռուստաընկերության վերաբերյալ օգտագործված է՝ «որը կապված էր ընդդիմության հետ
կապեր ունեցող լայն տարածում ունեցող թերթի հետ» արտահայտությունը: Նշենք, թե սա
ասվում է 2003-ի մասին՝ այդ թվականին վերագրելով «Կենտրոնին» «Ա1+»-ի կապուղու տրամադրումը,
մինչդեռ իրականում դա արվել է դրանից մեկ տարի առաջ: Այդ զեկույցում նաեւ այսպիսի
մի խրթին արտահայտություն կա. «Անցյալում «Կենտրոն» հեռուստաընկերությունը փոխել
էր հաղորդավարներին՝ օբյեկտիվության բացակայության ու չափազանց քաղաքականացված լինելու
պատճառով»: Թույլ տանք մեզ կանխատեսել, որ Հայաստանում մամուլի վիճակն արձանագրողները
քննադատության նյութ կունենան նաեւ 2005-ին: Նման առիթ կարող են դառնալ, ասենք, կոալիցիայի
նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները: Այստեղ մի հոդվածում սահմանվում է, թե
«տեղեկատվության միջոցների գործունեության եւ պատասխանատվության կարգը սահմանվում
է օրենքով»: Եվ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ այս դրույթը կարող
է բարդություններ առաջացնել, քանի որ «կարող է դռները բացել անորոշ ձեւակերպումներով
տեղեկատվության միջոցների ազատության սահմանափակումների առջեւ: Տեղեկատվության միջոցների
ազատության էությունն այն է, որ տեղեկատվական կազմակերպություններն ու այդ ոլորտի
մասնագետներն ինքնուրույնաբար որոշեն, թե ինչ գործունեություն են ծավալում ընդհանուր
օրենքի շրջանակներում»: Մեկ այլ առիթ էլ կարող է դառնալ խմորվող նախաձեռնությունը
հեռուստաալիքների քանակը կրճատելու վերաբերյալ: Սակայն սա այլ անդրադարձի առարկա
է: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել