Կօգտվենք Կրայնեւի ֆոնդից Ռուս անվանի դաշնակահար Վ. Կրայնեւը անցկացրել է հայ երիտասարդ դաշնակահարների լսումներ՝ իր անվան ֆոնդում ներգրավելու նպատակով: Այս լուրը հաստատեց Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը: Պարոն Սարաջյանը տեղեկացրեց, որ դաշնակահարի սերը առ հայերը գալիս է դեռ 60-ականներից: Այդ թվականներին Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցի վաստակաշատ դասատու Անահիտ Սումբատյանը Երեւանում կազմակերպում է իր աշակերտների դասարանական համերգը, որին մասնակցում է նաեւ պատանի դաշնակահար Կրայնեւը: «Այդ օրերին ռուս երեխաներն ապրում են հայ ընտանիքներում եւ մինչեւ այսօր անվանի դաշնակահարը հիացած է հայերիս հյուրընկալությամբ ու հատկապես հայկական խոհանոցով: Եվ չմոռանամ ասել՝ հետագայում, երբ նա Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանում էր աշխարհահռչակ Նեյհաուզի դասարանում, անպատմելի սիրով էր հիշում իր առաջին ուսուցչուհուն»,- պատմեց ռեկտորը: Ըստ նրա, ավելի քան տասը տարի առաջ Վ. Կրայնեւի հիմնած ֆոնդում հայ դաշնակահարներ ընդգրկելու միտքը ծագել է դեռ 2003-ին, երբ դաշնակահարը գլխավորում էր Երեւանում անցկացված Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրին: Գործընթացը, սակայն, ձգձգվում էր Կրայնեւի զբաղվածության պատճառով: «Օրերս կայացած լսումների արդյունքում ընտրվեց չորս դաշնակահար: 2006-ի փետրվարին կկայանա Կրայնեւի ֆոնդի հայաստանյան մասնաճյուղի բացումը»,- ասաց պրն Սարաջյանը: Այդ առիթով հաջորդ տարի ձմռանը ընտրված հայ դաշնակահարները Երեւանում ելույթ կունենան Վ. Կրայնեւի հետ՝ Բախի, Մոցարտի, Մենդելսոնի, Պուլենկի երկու դաշնամուրի համար գրված ստեղծագործությունների կատարումներով: Մեր հետաքրքրությանը, թե ինչո՞ւ աշխարհում ճանաչված մեր երաժիշտներն էլ չեն բացում նման ֆոնդեր, Ս. Սարաջյանը տվեց հակիրճ պատասխան. «Հարցրեք իրենցից»: Այդպես էլ վարվեցինք: Էդուարդ Թադեւոսյան, ՀՀ ժողովրդական արտիստ, «Կոմիտաս» քառյակի գեղարվեստական ղեկավար.- Մեր քառյակը մինչ այսօր աշխատում է ոչ «քաղաքակիրթ» եղանակով՝ առանց հովանավորի: Եթե գտնվեին աջակցողներ, մենք այդ միջոցներով կբացեինք «Կոմիտաս» քառյակի ֆոնդ՝ բնականաբար աջակցելով երիտասարդ երաժիշտներին: Թեեւ տեղեկացնեմ, որ քառյակի երաժիշտներս ժամանակ առ ժամանակ, մեր հնարավորությունների չափով, ձեռք ենք մեկնում շնորհալի պատանիներին: Օրինակ, ես դեռ 90-ականների սկզբին Դաշնակցության գրասենյակի օգնությամբ խնդրեցի իմ խնայողություններից 10000 ռուբլի փոխանցել անապահով երկու ընտանիքի կամ այսօր կոնսերվատորիայի մի ուսանողուհի, ճիշտ է՝ չնչին, բայց իմ աջակցությամբ սովորում է Ավստրիայում: Գեղամ Գրիգորյան, Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր.- Ո՞ր արվեստագետը չի ցանկանա իր անվամբ ֆոնդ բացել: Այն ֆոնդերը, որոնք կան արտերկրում, դրանք միայն մագնատների բարձր գիտակցության արդյունք են: Պարզ ասած՝ կերազենք, որ Հայաստանում էլ նման մարդկանց գիտակցությունը հասնի այդ մակարդակին: Ես ինքս օգնել եմ, աջակցել որոշ երգիչների, բայց դա հրապարակելու անհրաժեշտություն չկա: Երբ կունենամ իմ ֆոնդը, ինչ խոսք, շնորհիվ հայ մագնատների, այնժամ կհրավիրեմ մամուլի ասուլիսներ եւ մեկառմեկ հաշվետու կլինեմ բոլորի առջեւ: Բարսեղ Թումանյան, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր.- Արդեն երկու տարի է՝ ինչ գործում է իմ հիմնադրած «Ռենեսանս» կազմակերպությունը: Ասեմ, որ հովանավորման, աջակցման այն թափը, որ ես պատկերացնում եմ՝ դեռ չկա: Ճիշտ է, օգնել ենք ոչ միայն երաժիշտների, այլեւ մեր համեստ միջոցներով աջակցել գիտական թարգմանությունների եւ այլնի հրատարակմանը: Պարզապես չենք սիրում հայտարարել արածի մասին: Լեւոն Մալխասյան, «Ջազ» ակումբի նախագահ.- Ես եւ Ջիվան Գասպարյանը այս տարի հավանաբար կբացենք ջազի եւ դուդուկի դպրոց: Ու, բնականաբար, այդ նպատակով կստեղծվի հատուկ ֆոնդ: Եվ, որ ամենակարեւորն է, այս դպրոցներում ուսումը կլինի անվճար: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ