ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՐԿՐՈՐԴՆ ԵՆՔ Սլավոնական արտաքինը արդեն մոդայիկ չէ՞ Շաբաթ օրը Փարիզի Սպորտային պալատում արդեն 58-րդ անգամ կայացավ «Միսս Եվրոպա» գեղեցկության ու նրբագեղության մրցույթը: Այս տարի 36 երկրների գեղեցկուհիների թվում Հայաստանը ներկայացրեց «Միսս Հայաստան-2003» մրցույթի տիտղոսակիր Լուսինե Թովմասյանը: Նա 18 տարեկան է, հասակը՝ 179 սմ, քաշը՝ 53 կգ: Հիշեցնենք, որ հայ գեղեցկուհին անցյալ տարի ֆինանսական պատճառներով չկարողացավ մասնակցել Շանհայի մրցույթին, թեեւ հրավիրված էր: Ի դեպ, նախորդ տարիներին հայաստանցի գեղեցկուհիներից երկուսը ընդամենն ընդգրկվել են այդ մրցույթի լավագույն 15-ի մեջ: Իսկ Լուսինեի ցանկությունն էր՝ հայտնվել գոնե լավագույն հնգյակում: Սակայն նա գերազանցեց բոլորի սպասելիքները՝ արժանանալով «Վիցե միսս» կոչմանը: «Միսս Եվրոպա-2005» տիտղոսը շնորհվեց Գերմանիայի քաղաքացուն՝ ազգությամբ պարսկուհի Շերմին Շահրիբարին: Նա 22 տարեկան է, նոր է ավարտել համալսարանը, տիրապետում է 4 լեզվի՝ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն եւ պարսկերեն: Եվրոպայի ամենագեղեցիկ ոչ եվրոպացի կինը կստանա բազմաթիվ շքեղ նվերներ, 50 հազար եվրո, ադամանդակուռ վզնոց, ավտոմեքենա եւ այլն: Մրցույթի կազմակերպիչները ջանք չէին խնայել այն գունեղ ու գեղեցիկ հրամցնելու համար: Բավականին ներկայացուցչական էր նաեւ հեղինակավոր ժյուրին: Մոդելյորներից եւ շոու-բիզնեսի աշխարհահռչակ ներկայացուցիչներից բաղկացած 9 հոգանոց ժյուրին գլխավորում էր հայտնի թոփ-մոդել գեղեցկուհի Ադրիանա Կարեմբոն: Նա եւս փառահեղ տեսք ուներ, ու պատահական չէր, որ ժյուրիի պատվավոր անդամ Շարլ Ազնավուրը կես կատակ-կես լուրջ խնդրեց գեղեցկուհուն բեմից իջնել, որպեսզի իրենց ուշադրությունը չշեղվի եւ օբյեկտիվ գնահատեն 36 աղջիկներին: Այս տարվա «Միսս Եվրոպան» առանձնանում էր նախորդներից. կարծես թե Եվրոպայում փոխվել են գեղեցկության չափանիշները: Նկատելի էր, որ նախապատվությունը հիմնականում տրվում էր թխահերներին, ոչ սլավոնական արտաքինով գեղեցկուհիներին: Այս առիթով իրենց դժգոհությունն են արտահայտել հատկապես ռուսական լրատվամիջոցները: Նրանք այնքան էլ արդարացի չեն համարում ժյուրիի այն որոշումը, որ «Միսս Եվրոպա» եւ «Վիցե միսս» տիտղոսները բաժին են հասել, իրենց բնորոշմամբ, ասիացիներին: «Եվրոպայում չգտնվեց որեւէ թեկնածու «Վիցե միսս» տիտղոսի համար եւ այն շնորհվեց Լուսինե Թովմասյանին՝ Հայաստանից (մինչդեռ այս երկիրը չի դասվում եվրոպական երկրների շարքին)»,- դժգոհել է www.utro.ru-ն: Նկատենք, որ Հայաստանը միջազգային մակարդակներում համարվում է արեւելաեվրոպական երկիր: Այլ հարց է, որ մենթալիտետը… Արդեն երկրորդ տարին է՝ ռուս գեղեցկուհիներին չի հաջողվում հայտնվել նույնիսկ քառորդ եզրափակիչում: Ռուսաստանը ներկայացնող 19-ամյա Դիանա Զարիպովան լավագույն 12-ում էլ չհայտնվեց: Իսկ եզրափակիչ փուլ անցան Գերմանիայի, Հայաստանի, Սլովակիայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի գեղեցկուհիները: Երբ ամենավերջում հայտարարվեցին 2 ամենագեղեցիկ աղջիկների անունները՝ Շ. Շահրիբար եւ Լ. Թովմասյան, մրցույթի հանդիսավար Ժան Պիեռ Ֆուկոն նկատի ունենալով Ազնավուրի հայկական արմատները՝ ասաց. «Հնարավոր է, որ րոպեներ անց ունենաք մեծ բերկրանք կամ փոքր հիասթափություն»: «Հիասթափություն չեմ ապրի, մենք արդեն հաղթել ենք»,- պատասխանեց շանսոնյեն, որ մրցույթի առաջին րոպեներին դիվանագիտորեն շրջանցել էր Ֆուկոյի «Դուք ավելի շատ ո՞ր երկրի մարդ եք՝ Ֆրանսիայի, թե Հայաստանի» հարցը: Մրցույթի կազմակերպիչների միջեւ եղած տարաձայնությունների պատճառով արդեն քանի տարի է՝ «Միսս Եվրոպային» չեն մասնակցում Իտալիայի ներկայացուցիչները: Մինչդեռ ժամանակին հենց այս մրցույթն է բացահայտել Սոֆի Լորենին ու Ջինա Լոլոբրիջիդային: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ