Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՐԱՆԸ

Մարտ 15,2005 00:00

«ԻՐԱՆԸ ԿՏՈՒԺԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ» Ամերիկա-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակի գնահատմանը եւ ստեղծված ծանր վիճակից դուրս գալու հնարավոր տարբերակներին էր նվիրված «կլոր սեղանը», որ մարտի 14-ին կազմակերպել էր Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը: «ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ» հիմնական զեկուցմամբ հանդես եկավ Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Իրանի վերաբերյալ հետազոտությունների ծրագրի ղեկավար Շիրին Հանթերը: Նրա գնահատմամբ, ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում երկար տարիների ընթացքում ձեւավորվել է «մեծ անվստահության պատ», եւ անհրաժեշտ է ջանքեր գործադրել այդ անվստահությունը հաղթահարելու համար: Այսպես, ըստ Շ. Հանթերի, ԱՄՆ-ը գտնում է, որ ԻԻՀ-ի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում չի համապատասխանում իր շահերին: Մյուս կողմից, Թեհրանը շատ զարմացած է, որ ԱՄՆ-ը, ըստ էության, ոչ մի ձեւով չարձագանքեց Իրանի դեմ Իրաքի հարձակմանը 1980 թվականին. «Դա շատ ծանր է Իրանի համար ինչպես քաղաքական, այնպես էլ ազգային տեսակետներից»,- հայտարարեց Շիրին Հանթերը: Շիրին Հանթերը գոհունակություն արտահայտեց այն առնչությամբ, որ ԻԻՀ-ի եւ առաջատար եվրոպական երկրների միջեւ բանակցություններ են վարվում մի շարք կարեւոր հարցերի եւ առաջին հերթին Իրանի միջուկային ծրագրերի առնչությամբ: Սակայն, նրա կարծիքով, Եվրոպան չի կարող մինչեւ վերջ լուծել բոլոր խնդիրները «առանց ԱՄՆ-ի կողմից կանաչ լույսի»: Նա այդ առումով հուսադրող համարեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի եւ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի վերջին այցը Եվրոպա. «ԱՄՆ-ը մտադրություն ունի լծակներ ապահովել ԻԻՀ տնտեսական զարգացման համար, եւ եթե ԻԻՀ-ը չարձագանքի այդ դրական ազդանշաններին, ապա պահը բաց կթողնվի այս անգամ եւս»: Նա հույս հայտնեց, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ առկա խնդիրները կհաջողվի կարգավորել Եվրամիության երկրների մասնակցությամբ բանակցությունների ճանապարհով: Դրա հետ մեկտեղ, Շ. Հանթերը նշեց, որ Իրանը, որը կարող է ամենաշատը տուժել խնդրի ռազմական լուծման դեպքում, պետք է ավելի մանրակրկիտ քննի իր բոլոր քայլերը: ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել