Լրահոս
Օրվա լրահոսը

Ա.

Մարտ 15,2005 00:00

Ա. Կարապետյանը պատրաստ է բանտ նստել Եթե դա Հայաստանին կօգնի Մարտի 30-ին տեղի կունենա «Նոր ժամանակներ» կուսակցության համագումարը, որի ընթացքում կհրապարակվի հեղափոխական գործողությունների ծրագիր: Առաջին քայլը կլինի հանդիպումները շրջաններում. «Ժողովուրդը պետք է հստակ իմանա, որ առաջնորդները չեն փախնելու, չեն ծախվելու, չեն վախենալու»,- «Առավոտին» փոխանցեց Արամ Կարապետյանը: Հանդիպումների նպատակը հետեւյալն է՝ «Զգալ ժողովրդի հուսահատության աստիճանը, ինչ է պետք մարդկանց այդ վիճակից դուրս բերելու համար: Հասարակության մեջ ընդդիմության դերը բարձրացնել եւ աշխարհին ցույց տալ, որ հայ ազգը պատրաստ է ապրել նոր կյանքով»: Միակ լուրջ քաղաքական վերլուծությունն իր առաջարկած հեղափոխության գաղափարի առիթով Արամ Կարապետյանը լսել է Ռոբերտ Քոչարյանից՝ «Եթե իշխանությունը վատն է, ժողովուրդը չի սիրում՝ հեղափոխության հիմքը ստեղծված է»: Իսկ մյուսների թերահավատությունը նա այսպես է բացատրում. «Մեր քաղաքական դաշտում թերահավատ են բոլորը բոլորի նկատմամբ, եթե նախաձեռնության հեղինակն իրենք չեն»: «Հայաստանը հիմա կանգնած է ճամփաբաժանին,- ասում է Ա. Կարապետյանը,- կամ այս համակարգով ենք շարունակում՝ արդյունքում երկրում մնում է մեկ միլիոն-միլիոն երկու հարյուր հազար մարդ: Որպեսզի այդ մարդիկ չկոտորվեն՝ աշխարհը կտա փող, նույնիսկ թվերն են հայտնի՝ 100 մլն դոլար: Կունենանք պետության ատրիբուտները եւ կհամալրենք 48 նմանատիպ վիրտուալ պետությունների շարքը ու կգոյատեւենք որպես էթնոս՝ այնքան, մինչեւ աշխարհում հասկանալի կդառնա, որ հայ ազգը պատրաստ է նոր կյանքով ապրելու»: Այլընտրանքը համակարգային փոփոխություններն են: Ովքեր չեն հավատում այս տարբերակին՝ «կարծում եմ նրանք վիրտուալ աշխարհում են ապրում»: Իսկ հեղափոխությունը Արամ Կարապետյանը տեխնոլոգիայի խնդիր է համարում. «Հաշվում եք՝ ինչքան մարդ ի սրտե է գալիս, ինչքանը թամաշայի, ինչքանին փողով պետք է բերել, որպեսզի կրիտիկական զանգվածն ապահովվի»: «Պետք է հասկանալ, որ հետխորհրդային տարածքում ստեղծված էլիտաներն իրենց դերն սպառել են: Եվ բոլոր նրանք, ովքեր կառչած մնալու են՝ շատ վատ կվերջացնեն: Ղըրղըզստանում նույնիսկ, երբ այդ ազգը նստակյաց կյանքի կողմնակից չի եղել, հեղափոխական գործընթացներ են առաջ գալիս՝ Ջալալաբադում, Օշիում: Հիմա ոչ ոք դա չի ուզում ցույց տալ, բայց…»,- ասում է «ՆԺ» ղեկավարը: Կոալիցիոն գզվռտոցները, երբ մեկը բոյկոտում է մյուսին՝ ցույց տալու համար, թե նա ինչ վատն է, Ա. Կարապետյանը մկնավազք է անվանում՝ երկրի նախագահին ասելով. «Նորմալ երկրում, պարոն Քոչարյան, նախագահը ցրում է այդպիսի կոալիցիան»: Իր եւ իր կուսակցության անունից մեր զրուցակիցը հայտարարում է, որ իրենք մկնավազքով (հավանաբար, նկատի ունի առնետավազքը- Ն. Գ.) չեն զբաղվելու, ուստի այդքան էլ մեծ նշանակություն չի տալիս իր նկատմամբ թերահավատ քաղաքական գործիչներին: Իսկ իր հնարավոր ձերբակալությանն այսպես է վերաբերվում. «Եթե դրանից Հայաստանում ամեն ինչ կփոխվի, եթե դրանից Հայաստանը կծաղկի՝ ես վաղը կամովին կնստեմ»: Իր վրդովմունքը նա նաեւ այսպես է արտահայտում. «Մի անգամ նույնիսկ հարցրել եմ (իշխանությանը- Ն. Գ.)՝ ինչքան է ձեզ պետք, ասեք, ազգովին հավաքենք-տանք, միայն թե գնացեք»: Իբրեւ ի գիտություն, Արամ Կարապետյանը իր հիշողությունները բարձրաձայնեց՝ «Երբ Սերբիայի ներկայացուցիչները Մոսկվա եկան, նրանց հետ հանդիպման եկած մարդիկ առաջարկեցին, որ քչով բավարարվեն: Նրանք մաքսիմալիզմի գնացին. բոլորն այսօր կամ ձերբակալված են, կամ սպանված: Իշխանությունը պիտի հասկանա, որ ինչ-որ ընթացքից հետո վերջանում է նաեւ իր հնարավորությունը: Եթե մտածում են, որ կվառեն ամեն ինչ ու կմնան միայն իրենք՝ աշխարհն էլ ուզած-չուզած իրենց հետ գործ կունենա, սխալվում են: Կուչման էլ էր այդպես մտածում. հիմա դատարան են կանչում: Ակաեւն էլ էր այդպես մտածում: Ի դեպ, գործը, որը բացվել էր Իսրայելում, նախագահը, որի փողերի մասին խոսում են՝ տեղեկություն կա, որ Ակաեւն է: Պետք չէ հասցնել նրան, որ աշխարհը սկսի զբաղվել մեր ներքին խնդիրներով: Ես դրա կողմնակիցը չեմ, լավ է՝ մի անգամ ի սրտե բախվենք ու մեր հարցերը լուծենք»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել