Ռուս
անվանի դաշնակահար Վ. Կրայնեւը անցկացրել է հայ երիտասարդ դաշնակահարների լսումներ՝
իր անվան ֆոնդում ներգրավելու նպատակով: Այս լուրը հաստատեց Երեւանի պետկոնսերվատորիայի
ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը: Պարոն Սարաջյանը տեղեկացրեց, որ դաշնակահարի
սերը առ հայերը գալիս է դեռ 60-ականներից: Այդ թվականներին Մոսկվայի կենտրոնական
երաժշտական դպրոցի վաստակաշատ դասատու Անահիտ Սումբատյանը Երեւանում կազմակերպում
է իր աշակերտների դասարանական համերգը, որին մասնակցում է նաեւ պատանի դաշնակահար
Կրայնեւը: «Այդ օրերին ռուս երեխաներն ապրում են հայ ընտանիքներում եւ մինչեւ այսօր
անվանի դաշնակահարը հիացած է հայերիս հյուրընկալությամբ ու հատկապես հայկական խոհանոցով:
Եվ չմոռանամ ասել՝ հետագայում, երբ նա Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանում էր աշխարհահռչակ
Նեյհաուզի դասարանում, անպատմելի սիրով էր հիշում իր առաջին ուսուցչուհուն»,- պատմեց
ռեկտորը: Ըստ նրա, ավելի քան տասը տարի առաջ Վ. Կրայնեւի հիմնած ֆոնդում հայ դաշնակահարներ
ընդգրկելու միտքը ծագել է դեռ 2003-ին, երբ դաշնակահարը գլխավորում էր Երեւանում
անցկացված Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրին: Գործընթացը, սակայն,
ձգձգվում էր Կրայնեւի զբաղվածության պատճառով: «Օրերս կայացած լսումների արդյունքում
ընտրվեց չորս դաշնակահար: 2006-ի փետրվարին կկայանա Կրայնեւի ֆոնդի հայաստանյան մասնաճյուղի
բացումը»,- ասաց պրն Սարաջյանը: Այդ առիթով հաջորդ տարի ձմռանը ընտրված հայ դաշնակահարները
Երեւանում ելույթ կունենան Վ. Կրայնեւի հետ՝ Բախի, Մոցարտի, Մենդելսոնի, Պուլենկի
երկու դաշնամուրի համար գրված ստեղծագործությունների կատարումներով: Մեր հետաքրքրությանը,
թե ինչո՞ւ աշխարհում ճանաչված մեր երաժիշտներն էլ չեն բացում նման ֆոնդեր, Ս. Սարաջյանը
տվեց հակիրճ պատասխան. «Հարցրեք իրենցից»: Այդպես էլ վարվեցինք: Էդուարդ Թադեւոսյան,
ՀՀ ժողովրդական արտիստ, «Կոմիտաս» քառյակի գեղարվեստական ղեկավար.- Մեր քառյակը մինչ
այսօր աշխատում է ոչ «քաղաքակիրթ» եղանակով՝ առանց հովանավորի: Եթե գտնվեին աջակցողներ,
մենք այդ միջոցներով կբացեինք «Կոմիտաս» քառյակի ֆոնդ՝ բնականաբար աջակցելով երիտասարդ
երաժիշտներին: Թեեւ տեղեկացնեմ, որ քառյակի երաժիշտներս ժամանակ առ ժամանակ, մեր
հնարավորությունների չափով, ձեռք ենք մեկնում շնորհալի պատանիներին: Օրինակ, ես դեռ
90-ականների սկզբին Դաշնակցության գրասենյակի օգնությամբ խնդրեցի իմ խնայողություններից
10000 ռուբլի փոխանցել անապահով երկու ընտանիքի կամ այսօր կոնսերվատորիայի մի ուսանողուհի,
ճիշտ է՝ չնչին, բայց իմ աջակցությամբ սովորում է Ավստրիայում: Գեղամ Գրիգորյան,
Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր.- Ո՞ր արվեստագետը
չի ցանկանա իր անվամբ ֆոնդ բացել: Այն ֆոնդերը, որոնք կան արտերկրում, դրանք միայն
մագնատների բարձր գիտակցության արդյունք են: Պարզ ասած՝ կերազենք, որ Հայաստանում
էլ նման մարդկանց գիտակցությունը հասնի այդ մակարդակին: Ես ինքս օգնել եմ, աջակցել
որոշ երգիչների, բայց դա հրապարակելու անհրաժեշտություն չկա: Երբ կունենամ իմ ֆոնդը,
ինչ խոսք, շնորհիվ հայ մագնատների, այնժամ կհրավիրեմ մամուլի ասուլիսներ եւ մեկառմեկ
հաշվետու կլինեմ բոլորի առջեւ: Բարսեղ Թումանյան, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային
մրցույթների դափնեկիր.- Արդեն երկու տարի է՝ ինչ գործում է իմ հիմնադրած «Ռենեսանս»
կազմակերպությունը: Ասեմ, որ հովանավորման, աջակցման այն թափը, որ ես պատկերացնում
եմ՝ դեռ չկա: Ճիշտ է, օգնել ենք ոչ միայն երաժիշտների, այլեւ մեր համեստ միջոցներով
աջակցել գիտական թարգմանությունների եւ այլնի հրատարակմանը: Պարզապես չենք սիրում
հայտարարել արածի մասին: Լեւոն Մալխասյան, «Ջազ» ակումբի նախագահ.- Ես եւ
Ջիվան Գասպարյանը այս տարի հավանաբար կբացենք ջազի եւ դուդուկի դպրոց: Ու, բնականաբար,
այդ նպատակով կստեղծվի հատուկ ֆոնդ: Եվ, որ ամենակարեւորն է, այս դպրոցներում ուսումը
կլինի անվճար: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ