Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԿԱ-ՉԿԱ ԸՆԴԵՐՔՈՒՄ

Մարտ 15,2005 00:00

Վերջերս Սոթքի հանքավայրը շահագործող «Արարատ» ընկերության տնօրենը լրատվամիջոցներից մեկով դժգոհություն հայտնեց, որ հանքը չի պարունակում այնքան պաշար, որքան «հրամցրել» է իրենց պետությունը:

Դա նշանակում է, որ մեծանում է ռիսկի չափը՝ ներդրումներ անելու եւ ակնկալվող շահույթը ստանալու տեսանկյունից: Այլ խնդիր չկա, քանի որ բնապահպանական եւ այլ վճարներ գանձվում են ըստ արդյունահանված պաշարի ծավալի: Այնուամենայնիվ, ստացվում է, որ ներդրում կատարողը հստակ պատկերացում չի կարող կազմել իր սկսած գործի վերջնական արդյունքի մասին՝ եթե ոչ եկամուտների, ապա գոնե ծավալների վերաբերյալ: Այնինչ հանքարդյունաբերությունը բավականին ծախսատար ոլորտ է եւ մինչեւ բաղձալի դոլարները ստանալու օրը՝ շահագործողից պահանջում է «դոլարային» մեծ ներդրումներ՝ ճանապարհ ու գործարան կառուցելու, սարքավորման եւ այլնի համար:

«Այդ բիզնեսում ներգրավված ցանկացած ոք գիտե, որ նոր շահագործվող հանքավայրի ծավալների մասին թիվն ուղեկցվում է «հավանական» բառով, իսկ գնահատված եւ իրականում առկա պաշարների միջեւ շեղումը, որպես կանոն, կարող է կազմել շուրջ 30 տոկոս: Այդպես եղել է տասնամյակներ առաջ, այդպես է նաեւ այժմ: Ընդերքի օգտակար հանածոների ծավալների գնահատման բացարձակ ճշգրտություն ապահովելն անհնարին է: Շահագործողները գիտեն այդ մասին: Այնպես որ, որեւէ խնդիր այս հարցում ես չեմ տեսնում»,- դժգոհությունը «Առավոտին» մեկնաբանեց բնապահպանության նախարարության Պաշարների գնահատման գործակալության տնօրեն Խաչիկ Սապոնջյանը: Նրա ասելով, 30 տոկոս շեղումը կարող է լինել ե՛ւ բացասական, ե՛ւ դրական, բայց հիմնականում գերակշռում է բացասական սալդոն, այսինքն՝ փաստացին քիչ է գնահատվածից: Առայսօր բացված հանքերից ընդամենը երկուսն են «արդարացրել» գնահատողներին՝ ոսկու «Լիճքվաս-Թեյ»-ն ու Քաջարանի պղնձամոլիբդենայինը. այդ հանքերում փաստացի առկա պաշարները գերազանցել են գնահատվածին:

Արդյո՞ք նույն խնդիրն ունեն նաեւ զարգացած երկրների հանքարդյունաբերողները, թե՞ դա խորհրդային ժառանգություն է եւ անհրաժեշտ ներդրումներ անելով կարելի է ունենալ ընդերքի ունեցվածքի առավել ճշգրիտ պատկերը: «Ընդերքի գնահատման հարցում հնարավոր չէ, որ նման խնդիր չլինի: Պարզապես այդ երկրներում օգտակար հանածոների ամբողջական պատկերն ավելի թռուցիկ է, եւ ընդհակառակը, առավել խորությամբ ուսումնասիրված են որոշ՝ առավել գայթակղիչ հանքեր: Բայց մենք նույնպես հնարավորություն ենք տալիս պոտենցիալ շահագործողին՝ նախ հետազոտել հանքավայրը, հետո նոր պայմանագիր կնքել»,- ասաց պարոն Սապոնջյանը:

Նա իր հերթին մեր ուշադրությունը հրավիրեց շահագործվող հանքերի, հատկապես՝ տուֆի, ռեկուլտիվացիայի (տարածքի վերականգնման) խնդրին, որին «Առավոտը» մի առիթով անդրադարձել է: Ընդերքի շահագործումը բերում է լանդշաֆտի փոփոխության, ինչն էլ իր հերթին՝ էկոլոգիական աղետ: Շատ երկրներում օգտակար հանածոները «ծածկած» են պահում նաեւ այդ պատճառով: Մեզ մոտ, մասնավորապես՝ Շիրակի հարթավայրում, ավելի ստույգ՝ Արթիկում, տուֆի բաց հանքերն աղճատել են երկրի մակերեւույթը, ոչնչացրել բնաշխարհը: Այնտեղ ճանապարհի եզրով կիլոմետրերի երկարությամբ ձգվում է «մեռած հողերի» շարքը: Խորհրդային տարիներից շահագործվող հանքավայրերից որեւէ մեկն առայսօր փակ չէ, որովհետեւ մինչեւ վերջ արդյունահանված չէ, հետեւաբար էլ՝ ռեկուլտիվացիա արված չէ: Ճիշտ է, վերջին տարիներին ստեղծված հատուկ բնապահպանական հիմնադրամի հաշվին հանքատերերը փոխանցում են որոշակի գումար՝ հետագայում հողային ծածկույթը վերականգնելու համար: Նախկինում այդ պարտավորությունը շահագործողների համար սահմանված էլ չի եղել:

Իսկ բնական միջավայրը վերականգնելու համար երբեմն տասնամյակներ են պահանջվում:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել