Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ա. Կարապետյանը պատրաստ է բանտ նստել

Մարտ 15,2005 00:00

Եթե
դա Հայաստանին կօգնի Մարտի 30-ին տեղի կունենա «Նոր ժամանակներ» կուսակցության
համագումարը, որի ընթացքում կհրապարակվի հեղափոխական գործողությունների ծրագիր: Առաջին
քայլը կլինի հանդիպումները շրջաններում. «Ժողովուրդը պետք է հստակ իմանա, որ առաջնորդները
չեն փախնելու, չեն ծախվելու, չեն վախենալու»,- «Առավոտին» փոխանցեց Արամ Կարապետյանը:
Հանդիպումների նպատակը հետեւյալն է՝ «Զգալ ժողովրդի հուսահատության աստիճանը, ինչ
է պետք մարդկանց այդ վիճակից դուրս բերելու համար: Հասարակության մեջ ընդդիմության
դերը բարձրացնել եւ աշխարհին ցույց տալ, որ հայ ազգը պատրաստ է ապրել նոր կյանքով»:
Միակ լուրջ քաղաքական վերլուծությունն իր առաջարկած հեղափոխության գաղափարի
առիթով Արամ Կարապետյանը լսել է Ռոբերտ Քոչարյանից՝ «Եթե իշխանությունը վատն է, ժողովուրդը
չի սիրում՝ հեղափոխության հիմքը ստեղծված է»: Իսկ մյուսների թերահավատությունը նա
այսպես է բացատրում. «Մեր քաղաքական դաշտում թերահավատ են բոլորը բոլորի նկատմամբ,
եթե նախաձեռնության հեղինակն իրենք չեն»: «Հայաստանը հիմա կանգնած է ճամփաբաժանին,-
ասում է Ա. Կարապետյանը,- կամ այս համակարգով ենք շարունակում՝ արդյունքում երկրում
մնում է մեկ միլիոն-միլիոն երկու հարյուր հազար մարդ: Որպեսզի այդ մարդիկ չկոտորվեն՝
աշխարհը կտա փող, նույնիսկ թվերն են հայտնի՝ 100 մլն դոլար: Կունենանք պետության
ատրիբուտները եւ կհամալրենք 48 նմանատիպ վիրտուալ պետությունների շարքը ու կգոյատեւենք
որպես էթնոս՝ այնքան, մինչեւ աշխարհում հասկանալի կդառնա, որ հայ ազգը պատրաստ է
նոր կյանքով ապրելու»: Այլընտրանքը համակարգային փոփոխություններն են: Ովքեր չեն
հավատում այս տարբերակին՝ «կարծում եմ նրանք վիրտուալ աշխարհում են ապրում»: Իսկ
հեղափոխությունը Արամ Կարապետյանը տեխնոլոգիայի խնդիր է համարում. «Հաշվում եք՝ ինչքան
մարդ ի սրտե է գալիս, ինչքանը թամաշայի, ինչքանին փողով պետք է բերել, որպեսզի կրիտիկական
զանգվածն ապահովվի»: «Պետք է հասկանալ, որ հետխորհրդային տարածքում ստեղծված
էլիտաներն իրենց դերն սպառել են: Եվ բոլոր նրանք, ովքեր կառչած մնալու են՝ շատ վատ
կվերջացնեն: Ղըրղըզստանում նույնիսկ, երբ այդ ազգը նստակյաց կյանքի կողմնակից չի
եղել, հեղափոխական գործընթացներ են առաջ գալիս՝ Ջալալաբադում, Օշիում: Հիմա ոչ ոք
դա չի ուզում ցույց տալ, բայց…»,- ասում է «ՆԺ» ղեկավարը: Կոալիցիոն գզվռտոցները,
երբ մեկը բոյկոտում է մյուսին՝ ցույց տալու համար, թե նա ինչ վատն է, Ա. Կարապետյանը
մկնավազք է անվանում՝ երկրի նախագահին ասելով. «Նորմալ երկրում, պարոն Քոչարյան,
նախագահը ցրում է այդպիսի կոալիցիան»: Իր եւ իր կուսակցության անունից մեր զրուցակիցը
հայտարարում է, որ իրենք մկնավազքով (հավանաբար, նկատի ունի առնետավազքը- Ն. Գ.)
չեն զբաղվելու, ուստի այդքան էլ մեծ նշանակություն չի տալիս իր նկատմամբ թերահավատ
քաղաքական գործիչներին: Իսկ իր հնարավոր ձերբակալությանն այսպես է վերաբերվում.
«Եթե դրանից Հայաստանում ամեն ինչ կփոխվի, եթե դրանից Հայաստանը կծաղկի՝ ես վաղը
կամովին կնստեմ»: Իր վրդովմունքը նա նաեւ այսպես է արտահայտում. «Մի անգամ նույնիսկ
հարցրել եմ (իշխանությանը- Ն. Գ.)՝ ինչքան է ձեզ պետք, ասեք, ազգովին հավաքենք-տանք,
միայն թե գնացեք»: Իբրեւ ի գիտություն, Արամ Կարապետյանը իր հիշողությունները բարձրաձայնեց՝
«Երբ Սերբիայի ներկայացուցիչները Մոսկվա եկան, նրանց հետ հանդիպման եկած մարդիկ առաջարկեցին,
որ քչով բավարարվեն: Նրանք մաքսիմալիզմի գնացին. բոլորն այսօր կամ ձերբակալված են,
կամ սպանված: Իշխանությունը պիտի հասկանա, որ ինչ-որ ընթացքից հետո վերջանում է նաեւ
իր հնարավորությունը: Եթե մտածում են, որ կվառեն ամեն ինչ ու կմնան միայն իրենք՝
աշխարհն էլ ուզած-չուզած իրենց հետ գործ կունենա, սխալվում են: Կուչման էլ էր այդպես
մտածում. հիմա դատարան են կանչում: Ակաեւն էլ էր այդպես մտածում: Ի դեպ, գործը, որը
բացվել էր Իսրայելում, նախագահը, որի փողերի մասին խոսում են՝ տեղեկություն կա, որ
Ակաեւն է: Պետք չէ հասցնել նրան, որ աշխարհը սկսի զբաղվել մեր ներքին խնդիրներով:
Ես դրա կողմնակիցը չեմ, լավ է՝ մի անգամ ի սրտե բախվենք ու մեր հարցերը լուծենք»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել