Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՌԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԻՑ

Մարտ 15,2005 00:00

Ջավախքի
հայերի համար դա սոցիալական խնդիրներ է առաջացնում «Վրաստանի հայ համայնքը,
ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ պատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության
տարելիցը: Այդ օրը մենք կհավաքվենք Թբիլիսիի պանթեոնում, խաչքար կկանգնեցնենք Ցեղասպանության
զոհերի հիշատակին, նաեւ պատարագ կմատուցվի: Բացի այդ, այս անգամ էլ Վրաստանի խորհրդարանում
այդ հարցը մենք կբարձրացնենք, մեկ րոպե լռությամբ կհարգենք զոհերի հիշատակը եւ այլն»,-
կիրակի օրը Ախալքալաքում տեղի ունեցած հանրահավաքում առաջ քաշված պահանջները մեկնաբանելով՝
ասաց Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գենադի Մուրադյանը՝ հավելելով, թե նախատեսվող
միջոցառումներին կմասնակցեն նաեւ վրաց իշխանության ներկայացուցիչները: Հիշեցնենք,
որ Վրաստանի խորհրդարանը օրերս քննարկելով Վրաստանի տարածքից ռուսական ռազմական բազաների
դուրսբերման հարցը՝ ռուսական ԶԼՄ-ների ձեւակերպմամբ, վերջնագիր է ներկայացրել ՌԴ-ին՝
պահանջելով մինչեւ մայիսի 15-ը որոշում կայացնել եւ պատասխանել Վրաստանին բազաների
դուրսբերման ժամկետի վերաբերյալ: Ընդ որում, եթե ռուսական իշխանությունների պատասխանը
չգոհացնի պաշտոնական Թբիլիսիին, վրաց իշխանությունները իրենց իրավունք կվերապահեն
պատժամիջոցներ կիրառել եւ ռուս զինվորականներին մուտքի վիզայից զրկել: «Մենք Ռուսաստանի
հետ հարաբերությունների լարման կողմնակից չենք: Այս ամենն արվում է նրա համար, որպեսզի
եւ Ռուսաստանը, եւ Վրաստանը փոխադարձաբար ընդունելի պայմաններ գտնեն ռուսական ռազմաբազաները
դուրս բերելու համար եւ երկու կողմերն էլ շահեն»,- ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ
Սահակաշվիլին: Ռուսական լրատվամիջոցների գնահատմամբ, եթե Բաթումից ռուսական
ռազմաբազայի դուրսբերումը կարող է ցավագին չլինել տեղի բնակչության համար, ապա իրավիճակն
այլ է Ախալքալաքում տեղակայված բազայի դուրսբերման դեպքում: Ըստ ռուսական աղբյուրների,
հիմնականում հայերով բնակեցված այս բնակավայրում ռուսական բազայի դուրսբերումը կարող
է ծանրացնել ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Իհարկե, ռուսաստանյան իշխանությունները,
որ երբեւէ դեմ չեն եղել այլոց ձեռքով կրակից շագանակներ հանելու պրակտիկային, հիմա
էլ, թերեւս, մեծ հույսեր են փայփայում, որ իրենց կենսական շահերն այս հարցում կպաշտպանի
Ախալքալաքի հայ ազգաբնակչությունը, եւ երեւի չեն սխալվում: Կիրակի օրը Ախալքալաքում,
ըստ որոշ աղբյուրների, տեղի է ունեցել 10 հազարանոց հանրահավաք, որի մասնակիցները
«Միասնական Ջավախք» հասարակական միության նախաձեռնությամբ ստորագրահավաք են կազմակերպել
եւ Վրաստանի նախագահից ու խորհրդարանից պահանջել ոչ միայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը,
այլեւ հայտարարել են, թե դեմ են Ախալքալաքից ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերմանը,
քանի որ դրա ներկայությունը շրջանի բնակչության համար «կայունության եւ տնտեսական
բարեկեցության գործոն է»: Այդ հանրահավաքի վերաբերյալ մեր թերթի հարցերին
պատասխանելով՝ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գենադի Մուրադյանն ընդգծեց,
թե իրականում հանրահավաքի մասնակիցների թիվը ոչ թե 10, այլ մոտ 3-4 հազար է եղել:
Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը, ապա՝ պատգամավորի ասելով, այնտեղ
գլխավոր խնդիրը ավելի շատ սոցիալական է. «Այդ ռազմաբազայում մարդիկ են աշխատում,
եւ եթե զորքերը դուրս բերվեն, մտահոգություն կա, որ մարդիկ կմնան անգործ: Բայց երեկ
ելույթ ունեցավ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին եւ խոստացավ, որ Ջավախքում ոչ ոք անգործ
չի մնա, որ բոլորը կապահովվեն աշխատանքով, որ Սամցխե-Ջավախքի ու մասնավորապես նաեւ
Ախալքալաքի համար որոշակի սոցիալ-տնտեսական ծրագրեր են մշակվել»: Մեր այն
հարցին, թե վրաց իշխանությունների այդ պատասխանն արդյո՞ք կբավարարի Ախալքալաքի հայերին,
թե՞ հիմնախնդիրն, այնուամենայնիվ, ավելի շատ քաղաքական է, քան թե սոցիալական, պարոն
Մուրադյանն ասաց. «Այնտեղ ամեն ինչ խառնված է եւ դժվար է միանշանակ ասել, թե որ հարցն
է առաջնահերթ: Իհարկե, երեկ Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Համլետ Մովսիսյանը
ելույթ ունեցավ եւ մտահոգություն հայտնեց, որ ռուսական ռազմաբազան դուրս բերելու
դեպքում հայերը մտահոգություն ունեն, որ այնտեղ կարող են տեղակայվել այլ պետության,
մասնավորապես՝ Թուրքիայի ռազմական ուժեր: Նա ասաց, որ հայերը սահմանակից Թուրքիայի
հետ կապված մտավախություններ ունեն, որովհետեւ դեռեւս հիշեցնել է տալիս ցեղասպանության
գործոնը: Նա փորձել էր ճշտել, թե զորքերի դուրսբերումից հետո հնարավո՞ր է, որ Թուրքիայի
ներկայությունն այդտեղ լինի: Բայց վրաց իշխանությունները երեկ էլ հավաստիացրին, որ
որեւէ այլ պետության զորքեր Վրաստանի տարածքում եւ մասնավորապես Ախալքալաքում չեն
լինի»: Իսկ արդյոք Ռուսաստանի ջրաղացին ջուր լցնելու ջավախահայերի քայլերը
նորից լարվածություն չե՞ն առաջացնի Վրաստանում հայերի նկատմամբ: «Պետք է ամեն
ինչ անենք, որ լարվածություն չլինի: Վրաց իշխանությունների առջեւ մենք այդ հարցերը
բարձրացնում ենք, եւ համարելով, որ դա վրաց իշխանությունների խնդիրն է, այդուհանդերձ,
նշում ենք, որ այդ ռազմաբազայում աշխատող մոտ 1200 հոգու սոցիալական հարցերը պետք
է լուծվեն: Անշուշտ, կարծում եմ, որ այդ հիմնախնդիրների մասին ժողովուրդն իրավունք
ունի իր կարծիքը հայտնելու»,- պարզաբանեց Գ. Մուրադյանը: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել