Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԶՎԱՐՃԱԼԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Մարտ 15,2005 00:00

Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում երեկ քննարկվեցին սահմանադրական փոփոխությունների նախագծերի՝ նախագահին, խորհրդարանին եւ կառավարությանը վերաբերող գլուխները:

Բանավեճը բավական բուռն եւ տեղ-տեղ զավեշտալի ստացվեց մանավանդ կոալիցիայի նախագծի քննարկման ժամանակ, քանի որ արծարծվում էր առանցքային այն հարցը, որն ամենախնդրահարույցն էր դիտվել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից, այն է՝ պետական մարմինների միջեւ իշխանության հավասարակշռության, զսպումների եւ հակակշռումների մեխանիզմի խնդիրները: Հիշեցնենք, որ ըստ հանձնաժողովի փորձագետների եզրակացության՝ կոալիցիայի նախագծով «Ազգային ժողովը ստորադասվում է նախագահին, քանի որ վերջինս իրավասու է խորհրդարանի հետ վեճ ունենալու դեպքում նշանակել նոր ընտրություններ», եւ ընդհանրապես՝ նախագահին վերապահված լիազորությունները «իշխանությունների հավասարակշռումը շեղում են նախագահի օգտին»: Այսուհանդերձ, քննարկման բովանդակային մասի ներկայացումը կարող է իմաստազուրկ թվալ, քանզի ի սկզբանե ազդարարվեց, թե կոալիցիայի նախագծի հեղինակներն արդեն իսկ փոփոխություններ են անում իրենց տարբերակում, եւ ինչպես օրվա վերջում բացահայտեց նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը՝ Վենետիկի հանձնաժողովի արած առաջարկների «մեծամասնությունն ընդունելի է»:

Կոալիցիայի նախագծի հին տարբերակը ներկայացնում էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Ընդ որում՝ նա անդրադառնում էր ոչ միայն այն փոփոխություններին, որոնք արդեն իսկ իրականացրել է կոալիցիան, այլեւ շարադրում էր նաեւ անձնապես իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը տվյալ փոփոխության կամ Վենետիկի հանձնաժողովի առաջարկի նկատմամբ, ավելի՛ն՝ քանի որ նաեւ «Ժողպատգամավորի» անդամ է՝ արդեն իսկ իրազեկում էր, թե խումբն ինչ դիրքորոշում ունի տվյալ հարցի նկատմամբ: Արշակ Սադոյանն անթաքույց հեգնանքով արձանագրեց այն իրողությունը, որ կոալիցիայի նախագծի հեղինակներից մեկն անհամաձայնություն է հայտնում դրա դրույթներին: Իսկ Խաչատուր Սուքիասյանը հարց տալուց առաջ հատուկ խնդրեց, որ ի պատասխան հնչի կոալիցիայի կարծիքը եւ ոչ թե այն, թե ինչ է որոշել «Ժողպատգամավորը»: Եվ վերջապես, երբ հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն էլ Ռաֆիկ Պետրոսյանին հորդորեց, որ չներկայացնի խմբի կամ իր մասնավոր կարծիքը ՝ վերջինս հաղթական ժպիտով ազդարարեց. «Արդեն ներկայացրի՝ պրծա՜»:

Ի շարս այս ամենի՝ պրն Պետրոսյանը պատմեց, որ դեռ 1995-ին Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ վեճեր կային, թե ով է գործադիր իշխանության ղեկավարը, եւ եթե դա նախագահն է, ապա՝ «վերացրե՛ք վարչապետին»: Հնչած ծիծաղից հետո նա ուղղեց վրիպումը եւ պարզաբանեց, թե նկատի ուներ վարչապետի ինստիտուտը: Քիչ անց էլ նշեց, թե գործող Սահմանադրության 80-րդ հոդվածի ռուսերեն տեքստում որոշ ձեւակերպումներ ավելի ճշգրիտ են, քան հայերեն օրինակում: Եվ մինչ Արշակ Սադոյանը տարակուսում էր, թե՝ չէ՞ որ մեր պետական լեզուն հայերենն է, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը մի «զարկ» էլ տվեց. «Ես մասնագետը չեմ, բայց ասում են, թե անգլերե՛ն տեքստն է ավելի ճիշտ»: Իսկ երբ Խաչիկ Ստամբոլցյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է նշանակելու Վերահսկիչ պալատի ղեկավարին՝ թերեւս հաշվի առնելով հարց տվողի անձը Ռաֆիկ Պետրոսյանը հակադարձեց. «Ո՞վ պիտի նշանակի, Աստվա՞ծ»:

Վերոշարադրյալից կարող է տպավորություն առաջանալ, թե երեկվա քննարկումն անցավ բացառապես ծիծաղի եւ զվարճության մթնոլորտում: Սակայն իրականում եղան նաեւ վեճեր՝ մասնավորապես հանձնաժողովի նախագահի եւ Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոնի համանախագահ Սիմոն Կամսարականի (Շահազիզյանի) միջեւ: Հիշեցնենք, որ վերջինս մամուլում հոդվածաշար էր հրապարակել Սահմանադրության փոփոխությունների շուրջ՝ եւ անգամ ազատամարտիկների ցույց նախաձեռնել նախագահի նստավայրի մոտ՝ բողոքելով այս փոփոխությունների դեմ: Երեկ էլ նա բավական սուր հարցադրումներ էր ներկայացնում, ասենք այս կարգի, թե ինչու է կոալիցիայի նախագծում Ազգային ժողովին վերապահվել իրավասություն, որ վավերացնի այնպիսի միջազգային պայմանագրեր, որոնք «նախատեսում են պետական սահմանի փոփոխություն»: Ըստ նրա՝ ստացվում է, թե «մենք կարող ենք Հայաստանը կիսենք՝ կեսը տանք ուրիշի՞ն»: Տիգրան Թորոսյանն ի վերջո վրդովվեց եւ նման հարցադրումների մեջ միտում տեսավ՝ ցուցադրելու, թե ինքը խելոք է, իսկ ԱԺ պատգամավորները՝ տհաս: Վրդովվեցին նաեւ այլ պատգամավորներ՝ Կամսարականից պահանջելով կոռեկտ լինել հարցադրումների մեջ: Եվ Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահը սպառնաց. «Ձեզ պահեք այն սահմաններում, որը պատշաճ է հանձնաժողովի նիստին հրավիրված մարդուն, հակառակ դեպքում՝ Դուք չե՛ք մասնակցի հանձնաժողովի նիստերին»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել