Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒԲԱՅԻ

Մարտ 12,2005 00:00

ԴՈՒԲԱՅԻ ՍԵՔՍ-ԲԻԶՆԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑԸ Այս լուսանկարում պատկերված մարդը՝ Ասադը, հայ կավատների պարագլուխն է Դուբայում: 2005թ. փետրվարի 8-ին, գիշերվա ժամը 3-ին, երբ վերջացավ «Հայաթ Ռիջենսի» հյուրանոցի առաջին հարկում գտնվող «Premiere» դիսկոտեկի հերթական երեկոն, մենք նախասրահում սպասում էինք, որպեսզի գաղտնի նկարենք Ասադին եւ նրա ընկերներին: Սակայն նրանք դուրս չեկան հյուրանոցից: Այդ օրը սեքս-բիզնեսի «ղեկավար անձնակազմի» մի քանի ներկայացուցիչներ դիսկոտեկից հետո սրճարանում ինչ-որ բան էին քննարկում: Մեր բոլոր ջանքերը՝ որեւէ բան պարզելու, արդյունք չտվեցին: Արդեն ժամը չորսն էր, երբ անվտանգության աշխատակիցները մեզ դուրս հրավիրեցին նախասրահից, այնուհետեւ՝ հյուրանոցի մուտքի մոտից: Նախկինում Ասադին մի քանի անգամ հանդիպել էինք դիսկոտեկի ներսում: Բայց այնտեղ հնարավոր չէ նույնիսկ գաղտնի նկարահանում կատարել, որովհետեւ անվտանգության աշխատակիցները մուտքի մոտ յուրաքանչյուր այցելուի ոտքից գլուխ ստուգում են հատուկ սարքավորումներով: Մի քանի օր անց մեզ հաջողվեց հայ կանանցից մեկի պայուսակի մեջ անցկացնել փոքր չափերի մեր տեսախցիկը, սակայն Ասադն այդ օրը չեկավ դիսկոտեկ: Ասադին ճանաչում են Դուբայի ոչ միայն բոլոր հայ կավատները, այլեւ բոլոր հայ մարմնավաճառները: «Հայաթ Ռիջենսիի» դիսկոտեկում հայ կանայք հերթով մոտենում էին նրան եւ մի քանի բառ փոխանակում: Եթե Ասադը չէր առաջարկում նստել, նրանք շատ արագ հեռանում էին: Սովորաբար, եթե որեւէ աղջկա Ասադն առաջարկում է նստել իր հետ, նշանակում է կամ ուզում է այդ աղջկա հետ գիշերն անցկացնել, կամ էլ իր հետ եկածներին է ներկայացնում նրան: Ասադը Սիրիայից է: Ամենայն հավանականությամբ, նա իր հայրենիքում ունի հայ հարեւաններ կամ ընկերներ, որովհետեւ որոշ չափով տիրապետում է արեւմտահայերենին: Նա է լուծում հայ կանանց վիզաների հարցը եւ, միաժամանակ, նրանց անվտանգության երաշխավորն է: Հենց նրա միջոցով են հայ կավատները կանանց տանում Արաբական Միացյալ էմիրություններ: Նա կապող օղակ է հայ կավատների, Միացյալ էմիրությունների միգրացիոն ծառայության եւ ոստիկանության միջեւ: Եթե հայերը որեւէ խնդիր են ունենում, այդ մասին առաջին հերթին իմանում է Ասադը: Կավատները հենց նրան են զանգում, երբ կանանցից որեւէ մեկը վիզայի հետ կապված խնդիր է ունենում կամ հայտնվում է ոստիկանությունում: Ասադի եղբայրը՝ Ալին, նույնպես ներգրավված է մարմնավաճառության բիզնեսում: Նա զբաղվում է ռուս կանանց «ներկրմամբ»: Ռուսներից ոմանք երբեմն Ասադի միջոցով հայտնվում են հայ կավատների մոտ: Օրինակ՝ փետրվարին էջմիածնեցի Անոյի (Անահիտ) մոտ հայտնվեց 16-ամյա մի ռուս աղջնակ՝ սիբիրցի Օլգան: Օլգայի համար, ինչպես պատմեց Անոյի խմբում գտնվող հայ կանանցից մեկը, կավատը Ասադին վճարել է վեց հազար դոլար: Անչափահաս աղջիկները Դուբայում ավելի թանկ են: Օլգային մենք հանդիպեցինք Անոյի վարձակալած բնակարանում: Այս բնակարանը գտնվում է շենքի երկրորդ հարկում, իսկ Անոն ապրում է մի հարկ վերեւ: Օլգայի ձեռքերին բազմաթիվ սպիեր կային. դրանք երակները կտրելու փորձի հետքեր էին: Նա այդ մասին չի խոսում: Թե ինչպես է Օլգան հայտնվել Դուբայում, այդպես էլ չկարողացանք պարզել: Ամենայն հավանականությամբ, նրան այստեղ է բերել Ասադի եղբայր Ալին: Ամինը Ասադի մենեջերը՝ սեւամորթ Ամինը, ցերեկվա ժամերին այցելում է հայ կավատներին եւ հավաքում փողերը: Նա մարմնավաճառ հայ կանանց սեփական խմբերն ունի, որոնց անձամբ է վերահսկում: Մենք երկու անգամ հայ կավատ Անուշի տան մոտ հետեւում էինք Ամինին՝ նկարելու համար, սակայն այդպես էլ չհաջողեցինք: Երկու անգամ էլ նույն ժամին՝ 15.00-ին, նա մտավ Անուշի բնակարան եւ ուղիղ կես ժամ անց դուրս եկավ այնտեղից: Երկու անգամ էլ տարբեր մեքենաներով էր: Ալին կամ պատժիչ խումբը Հայ կավատները անհնազանդ մարմնավաճառներին պատժելու յուրահատուկ մեթոդ ունեն: «Կա մի արաբ, որի ծառայություններից օգտվում են բոլոր հայ բոսերը: Նրա անունը Ալի է, մականունը՝ «Պապա տյուլպան»: Կանայք նրան նաեւ «Պոչիկ Ալի» են ասում: «Նա երկար մազեր ունի եւ պոչ է կապում»,- պատմում է կավատ Նելլիի (Հայաստանում հայտնի է «Սվերդլովի Նելլի» մականունով) աղջիկներից երեւանցի Անուշը, որը Դուբայում արդեն երկու տարի մարմնավաճառությամբ է զբաղվում: «Բոսը զանգում է Ալիին, նա գալիս է եւ աղջիկներին տանում է Սահարա անապատ, մի քանի հոգով բռնաբարում են, ծեծում եւ ետ բերում: Մեր Շուշանը որ փախավ տնից, բռնեցին ու տարան: Ահավոր վիճակում էր, որ եկավ: Մի քանի օր խելքի չէր գալիս»,- պատմում է մեկ այլ կավատի՝ «չաղ» Նելլիի աղջիկներից մեկը՝ Անին: Բոլոր հայ աղջիկները սարսափում են Ալիից: «Մի անգամ մեր աղջիկներից մեկին էլ տարան անապատ: Էդ աղջիկը ասաց, որ վրեժ պիտի լուծի: Հաջորդ օրը նա գնաց ոստիկանություն եւ ասաց, որ իրեն բռնաբարել ու ծեծել են: «Police»-ը բռնեց Ահմեդին, Ալիին եւ Օմարին, եւ նրանք երկու ամիս բանտում մնացին»,- ասում է մասիսցի Արմինեն: Հայ կանանց մի մասը, որոշ ժամանակ կավատների վերահսկողությամբ աշխատելուց եւ նրանց ունեցած պարտքերը վերադարձնելուց հետո, առանձնանում է եւ ինքնուրույն աշխատում: Անուշը, որին հիշատակեցինք վերեւում, ներկայում ինքնուրույն է աշխատում եւ ապրում է մի ռուս աղջկա հետ: Նա ունի իր մշտական հաճախորդները եւ հանգիստ է: Հաճախորդներից մեկը Անուշի համար աշխատանքային վիզա է ուղարկել Երեւան, եւ նա այլեւս որեւէ խնդիր չունի սահմանն անցնելիս, թեեւ դեռ քսանչորս տարեկան է: Անուշի նախկին բոսը՝ Նելլին, հիմա Երեւանում է: Նելլիի որդին՝ Դավիթը, եւ հարսը՝ Գայանեն, նույնպես Դուբայում են: Այս ընտանիքի բոլոր անդամները հայտնի կավատներ են: Գայանեն կավատության համար 1990-ականներին Հայաստանում մի անգամ ազատազրկվել է: Բժիշկ Տիգրանը Նախորդ հոդվածներից մեկում արդեն պատմել ենք հայ մարմնավաճառներին սպասարկող բժշկի՝ Տիգրան Մելիքյանի մասին: Սիրիահայ Տիգրանը կրթությունը ստացել է Երեւանում: Ավարտելուց հետո մինչեւ 1999 թվականը աշխատել է Երեւանի 8-րդ հիվանդանոցում: Հնարավոր է, որ Տիգրանն ու Ասադը Սիրիայից են ճանաչում միմյանց: Դուբայի բոլոր հայ կավատները, ինչպես նաեւ մարմնավաճառները, ճանաչում են Տիգրանին: Տիգրանը գրեթե կապ չունի Դուբայի հայ համայնքի հետ: Մեր զրույցի ժամանակ նա ասաց, որ չի շփվում տեղի հայերի հետ: Տիգրանը, հավանաբար, միակ մարդն է, որը կարող է ասել, թե քանի հայ մարմնավաճառ կա Դուբայում: Նա ամբողջ օրը վազքի մեջ է. չի հասցնում սպասարկել աղջիկներին: Հայ մարմնավճառներից մեկն ասաց, որ Տիգրանը ամիսը մեկ անգամ պարտադիր սրսկում է իրենց: «Մեզ ասում է՝ սպիդի դեմ է»,-պատմում է հրազդանցի Դիանան: Նա իսկապես հավատում է, որ իրեն սպիդի դեմ են սրսկում: Երբ ասացինք, որ նման դեղ չկա, զարմացավ. «Բա ի՞նչ են մեզ սրսկում»: Ի դեպ, սրսկման օրը աղջիկներն աշխատանքի չեն գնում. բժիշկը խստիվ արգելել է այդ օրը սեքսով զբաղվել: Փետրվարի սկզբին ՀՀ գլխավոր դատախազության երեք աշխատակից Դուբայում էին: Մեր նախորդ այցելության ժամանակ էլ նրանք այնտեղ էին: Այդ մասին մեզ տեղեկացրին հայ մարմնավաճառները: Առաջին անգամ դատախազության աշխատակիցները այցելել էին նաեւ «Սայկլոն» դիսկոտեկ: Սակայն սա արդեն այլ պատմություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել