Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴՈՒԲԱՅԻ

Մարտ 12,2005 00:00

ԴՈՒԲԱՅԻ ՀՄԱՅՔԸ ԿԱՆԱՆՑ ՄԵՋ Է Հայ կանայք Էմիրություններում հայտնվել են 90-ականների սկզբին: Հենց այդ ժամանակ ավիաչվերթեր բացվեցին Էմիրությունների ուղղությամբ, եւ կանայք կամաց-կամաց սկսեցին հիմնավորվել Դուբայում: Սկզբում նրանք առեւտրով էին զբաղվում՝ բերում էին էժան ապրանքներ եւ վաճառում Հայաստանում: Հետո տեսան, որ Դուբայում կա բիզնեսի ավելի շահավետ տեսակ, եւ վաճառքի հանեցին իրենց մարմինները: Ավելի գործունյաները, կապեր հաստատելով, որոշեցին Հայաստանից «արտահանել» աղջիկներ: Հայաստանում կանանց վաճառքով զբաղվողներին «մամա ռոզաներ» են ասում, քրեական ամփոփագրերում նրանց անվանում են «կավատներ», իսկ Դուբայում նրանք բոսեր են: Նրանց հսկողության տակ աշխատում են հինգից մինչեւ քսան, երբեմն՝ երեսուն կանայք: Սկզբնական շրջանում կանայք Դուբայ էին մեկնում անմիջապես Հայաստանից: Երկու տարի առաջ, սակայն, էմիրություններում ընդունվեց օրենք, ըստ որի մինչեւ 31 տարեկան կանայք չեն կարող մուտք գործել այդ երկիր, եթե ամուսնու կամ ծնողների հետ չեն: Արդեն երկրորդ տարին է՝ սեքս-բիզնեսի ներկայացուցիչները մինչեւ 31 տարեկան կանանց էմիրություններ են տեղափոխում Ռուսաստանով: Հիմնականում՝ Մոսկվայով կամ Կրասնոդարով: Ռուսաստանում աղջիկների համար պատրաստում են կեղծ անձնագրեր, որոնցում նրանց տարիքը 31-ից բարձր է: Կանանց անուններն ու ազգանունները երբեմն նույնպես փոխվում են: Էմիրություններում աշխատող ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողների համար չգրված, շատ պարզ օրենք է գործում՝ երբեք որեւէ վատ բան չգրել այս երկրի, հատկապես՝ Դուբայի մասին: Տեղի անգլալեզու թերթերում քրեական նորությունների հազվադեպ կարելի է հանդիպել: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ այս երկրում հանցագործությունները քիչ են: Մարդասպանությունների մասին գրեթե չեն գրում: Արաբալեզու թերթերում երբեմն ինչ-որ բան սպրդում է: Ասենք՝ 2004-ին անապատում հայտնաբերվել են ուզբեկ կանանց կտրտված դիակներ: Նույն թվականին անապատում սպանել են նաեւ մի հայ աղջկա. «Մենք մի քանի օր դուրս չէինք գալիս տներից: Ոստիկանությունը այդ աղջկա նկարներով պտտվում էր, փորձում ինչ-որ բան իմանալ նրա մասին: Այդպես էլ ոչ ոք ոչինչ չասաց հայերից, չգիտենք էլ՝ ի՞նչ եղավ վերջը, նրա նկարը կպցրած էր Սայկլոնում, այլ դիսկոտեկներում»,-պատմում է երեւանցի Լ-ն: Դուբայի օդակայանում իջնելիս յուրաքանչյուր ուղեւորի աչքի բիբը նկարվում է, այսինքն՝ ստուգվում է, արդյոք այդ բիբը գրանցվա՞ծ է Միգրացիոն ծառայության «սեւ ցուցակում»: Եթե կա, տվյալ անձով անմիջապես զբաղվում է ոստիկանությունը: Հայ մարմնավաճառներից մեկը մեզ ասաց, որ Միգրացիոն ծառայության համակարգչից հնարավոր է ջնջել «սեւ ցուցակում» գտնվող աչքաբիբը: «Աբու Դաբիում գտնվող գլխավոր համակարգչից հանում են աչքերը եւ տվյալները: Փող են տալիս, հանում: Մեր աղջիկներից դիլիջանցի Դիանային մի անգամ դեպորտ են արել, աչքն էլ նկարել են, բայց երկու ամիս հետո ետ եկավ: Ահագին փող ծախսեց նրա բոսը՝ Անուշը, էդ տվյալները հանելու համար»,-պատմում է Լ-ն: Նելլին, որը Հայաստանի հայտնի կավատներից է եւ, ինչպես նշել ենք նախորդ նյութերից մեկում, իր մասնագիտությունը փոխանցել է որդուն եւ հարսին, այսօր գտնվում է Երեւանում: Յուրաքանչյուր հայ կավատ Դուբայում իր կողքին ունի մի տղամարդ՝ որպես սիրեկան եւ անվտանգության երաշխավոր: Նելլիի համար այդ դերում Համլետ Վարդանյանն էր: Նրան մի անգամ Էմիրություններից արտաքսել են: Երեւանում Համլետը փոխել է անձնագիրը եւ ազգանունը դարձրել Միքայելյան: Այժմ այդ ազգանունով է Համլետը մեկնում ԱՄԷ եւ վերադառնում: Մեր տեղեկություններով՝ Նելլին այժմ Հայաստանում աղջիկների նոր խումբ է հավաքագրում: «Նա իր աղջիկներին տեղափոխում է Կրասնոդարով: Նրա ծանոթներն այնտեղ են: Յուրաքանչյուր կեղծ անձնագրով աղջկա համար նա մաքսավորներին վճարում է 1500 դոլար: Ինձ էլ այնտեղով տարավ, երբ մաքսավորը նայեց ինձ, ասաց՝ դու հիմա 31 տարեկան ես, հա՞: Իսկ ես էդ ժամանակ 20 էի: Ինձ տանում էր էդ Համլետը»,-պատմում է Նելլիի նախկին աղջիկներից Ն-ն: Նելլիին ունեցած վեց հազար դոլար պարտքը փակելուց հետո նա արդեն երկրորդ տարին է Դուբայի «Սեն Ջորջ» հյուրանոցում մարմնավաճառություն է անում առանց բոսի: «Ինտեր Սիթի» հյուրանոցը «Inter City» հյուրանոցի գիշերային ակումբը ժամը 3-ին ավարտում է աշխատանքը: Ժամը 8-ից արդեն մեծ թվով հայ կանանց կարելի է հանդիպել այստեղ՝ մոտ երեսուն հոգու: Ակումբում մենք հանդիպեցինք նաեւ արաբուհու տարազով մի հայ կնոջ, որը բիլիարդ էր խաղում ու արաբերեն խոսում տղամարդկանց հետ: «Inter City»-ի գիշերային ակումբի կանայք ավելի էժան են: Որքան էլ շպարված լինեն ու գայթակղիչ հագուստներ կրեն, միեւնույն է՝ նրանց դեմքերը «թոշնած են»: Հենց այստեղ մենք հանդիպեցինք երկու բոսերի, ովքեր ժամը 3-ին հյուրանոցի դիմաց վաճառում էին իրենց աղջիկներին: Մեկը Ուզբեկստանից էր, մյուսը՝ Հայաստանից: Ահա այդ կանանց լուսանկարները: Ուզբեկ կավատ Ամինան վաճառում էր 19-ամյա Ալեքային, իսկ հայ կավատը՝ 16-ամյա Ժասմինին: Նա անգլերեն ոչինչ չէր խոսում, ուստի նրա փոխարեն սակարկում էր բոսը՝ հիշեցնելով հաճախորդներին, որ աղջիկը տասնվեց տարեկան է եւ սեքսի մեջ նորաթուխ է, շատ բաներ չգիտի: «Inter City»-ի դիմաց փետրվարի 3-ին, առավոտյան ժամը երեքն անց տասին, երբ իմ գործընկեր Արան փորձում էր մի աղջկա հետ սակարկել, գինովցած մի արաբ սկսեց վիճել նրա հետ այդ աղջկա համար: Արան մի քանի անգամ ներողություն խնդրեց տղամարդուց, սակայն նա շարունակում էր բարձրաձայն ինչ-որ բաներ ասել: Հենց այդ պահին մոտեցավ տարազով մի արաբ, ցույց տալով վկայականը՝ ասաց, որ ոստիկանությունից է. «Ի՞նչ պրոբլեմ ունեք»,- հարցրեց նա Արային: Արան ասաց, որ ոչ մի խնդիր չկա: Ոստիկանի ներկայությունը, սակայն, չէր խանգարում հայ եւ ուզբեկ կավատներին վաճառել իրենց աղջիկներին, ինչպես եւ տասնյակ այլ աղջիկներին, ովքեր հաճախորդ էին «որսում»: Թըհարիյաթը՝ Քրեական հետախուզության ծառայությունը (Criminal Investigation department), իր գործակալներն ունի ամենուր: Նրանք գիտեն՝ որտեղ է աշխատում եւ ապրում այս կանանցից յուրաքանչյուրը, սակայն չեն խոչընդոտում, որովհետեւ սեքս-բիզնեսը այս երկրի տնտեսության բաղկացուցիչ մասն է: Եվ եթե ընդհանուր համակարգից հանվի այդ մասը, հնարավոր է՝ այս երկրում ամեն ինչ փուլ գա: «Դուբայի հմայքը այս կանանց մեջ է»,- ասաց «Մուվենպիկ» հյուրանոցում ապրող, բիզնես-ճամփորդության եկած վաթսունին մոտ մի հոլանդացի: Վճարելով՝ հաճախորդները երբեմն մտածում են, որ մարմնավաճառների հետ կարող են վարվել ինչպես մտքներով անցնի. «Պատահում է, որ ծեծում են, իհարկե: Ստիպում են անել բաներ, որոնք դու չես ուզում»,-պատմում է քսանմեկամյա Բ-ն, որը Դուբայի ամենագեղեցիկ հայ մարմնավաճառներից մեկն է: Բ.-ն Արարատյան դաշտավայրի գյուղերից մեկում է ապրում: Ունի մի տղա, որին թողել է ծնողների մոտ, իսկ ինքը «եկել է փող աշխատելու»: «Ամուսնուցս բաժանվել եմ: Չէի կարողանում գործ գտնել, որտեղ գնում էի, ինձ նախ առաջարկում էին իրենց հետ լինել, նոր աշխատանք տալ: Մեր հայերն այդպիսին են, եթե բաժանված ես, վերջ, ուրեմն քո մասին ամեն ինչ կարող են մտածել»,-շարունակում է Բ-ն: Նա փախստական է, Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքից: «Սեն Ջորջ» հյուրանոցը Սուրբ Գեւորգի անունը կրող այս հյուրանոցում հայ մարմնավաճառները հնաբնակ են: Արդեն 5 տարի է նրանք սպասարկում են այս հյուրանոցի հաճախորդներին: Մեր աղբյուրներն ասացին, որ «Սեն Ջորջ»-ի տերն ազգությամբ տաջիկ է, անունը՝ Իլյաս: Նա Շեյխ Մուստաֆայի եղբայրն է: Իսկ Մուստաֆան «Մետրոյի»՝ ամենամեծ տաքսի-ընկերության ( 3000 մեքենա ) տերն է: «Սեն Ջորջ»-ում կան ռեստորաններ, գիշերային ակումբներ, դիսկոտեկներ, բարեր: Այս հյուրանոցում են գործում «Բաքու բայ նայթ» ադրբեջանական ռեստորանն ու գիշերային ակումբը: Առավոտյան չորսին մտանք հյուրանոց: Մեզ ընդառաջ եկավ անվտանգության աշխատակիցը: Բարեւելուց հետո հարցրինք՝ որտե՞ղ կարող ենք աղջիկների շրջապատում ժամանակ անցկացնել: Նա մի պահ անակնկալի եկավ, հետո, ցույց տալով բարի ուղղությամբ, ասաց. «Ահա այնտեղ, բայց հիմա ուշ է, արդեն գնացել են»: Մենք մտանք բար: Երկու հայ կանայք նստած էին մի ծեր արաբի հետ: Նրանք անընդհատ ծերուկի ձեռքն էին շոյում: Կանանցից մեկն անգլերենով վարժ խոսում էր, մյուսը երբեմն ինչ-որ բառեր էր արտաբերում: Մենք սուրճ էինք խմում, երբ սկսեցին ներս ու դուրս անել ինչ-որ կանայք: Անվտանգության աշխատակիցները նրանց տեղեկացրել էին, որ երկու հաճախորդներ են հայտնվել բարում: «Սեն Ջորջ» մենք այցելել էինք նաեւ 2004թ.-ին՝ Դուբայ կատարած մեր երկրորդ այցելության ժամանակ: Հունիսի 23-ի կեսգիշերին «Սեն Ջորջ»-ի դիսկոտեկում էինք: Դիջեյը ողջունեց Ուզբեկստանից, Տաջիկստանից, Հայաստանից եւ Ադրբեջանից եկած հյուրերին՝ մարմնավաճառներին: Հայ ու ադրբեջանցի կանայք այստեղ մտերիմ են: Իրենց հայրենիքներից հեռու՝ միմյանց նկատմամբ թշնամանք ունեցող երկու ազգերին անապատի գիշերներում ամենից առաջ միավորում է մարմնավաճառությունը, ապա՝ նախկին ընդհանուր հայրենիքը եւ, իհարկե, ռուսերենը: Երբ հնչում է արաբական մեղեդին, պարահրապարակում հայտնվում են գինովցած տղամարդիկ եւ կանայք: Ցանկացած պար այս դիսկոտեկում շուտով վերածվում է պորտապարի: Հայ, տաջիկ, ադրբեջանցի, ուզբեկ կանայք երգչին զուգահեռ ձայնակցում են արաբերենով: Այս կանանցից յուրաքանչյուրն անգիր գիտի արաբական երգերը, որովհետեւ նրանց բոլոր գիշերները լի են արաբական մեղեդիով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել