Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՔԱԳՐՈՂ

Մարտ 12,2005 00:00

ՀԱՎԱՔԱԳՐՈՂ ԽՄԲԵՐՆ ԱԶԱՏ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ 21-ամյա Ա-ն Դուբայում է հայտնվել քրոջ՝ Ն-ի հետ: Քրոջը, որ հիմա էլ Դուբայում է, այնտեղ Կլարա են ասում: Մենք Ա-ին հանդիպեցինք Երեւանում: Նրանց մայրը՝ Ի-ն, պատմեց, որ մի հավաքույթի ժամանակ ծանոթացել է Վաղո անունով մի մարդու հետ, որն ապրում է «Երրորդ մաս» թաղամասում: «Երբ ասացի՝ գործ չկա, որ աղջիկներս աշխատեն, ասաց, որ ինքը կարող է միջնորդել նրանց Հունաստան՝ նարինջ հավաքելու տանել: Նա ծանոթացրեց Բանգլադեշում ապրող մի կնոջ հետ: Անունը Սիրուշ է, բայց նրան Գայանե էլ են ասում»,- պատմեց քույրերի մայրը: «2004-ի փետրվարի 14-ին քրոջս հետ մեկնեցի Մոսկվա: Մոսկվայում մեզ դիմավորեց Արա անունով մի տղա: Վախվորած էր, անընդհատ չորս կողմն էր նայում: Մի սենյակում 11 աղջիկ էինք՝ տարբեր տեղերից: Մեկը կար, ոտքի գանգրենա ուներ: Մի քիչ էլ դեբիլոտ էր, հետո նրան հետ ուղարկեցին: Այնտեղ մի տղա կար, անունը Սեւո էր»,- պատմությունը շարունակում է աղջիկը՝ Ա-ն: Մոսկվայում կանանց անձնագրերը փոխել են եւ տվել ռուսական անձնագրեր: 21-ամյա Ա-ի տարիքը նոր անձնագրում դարձել է 31: «Այնտեղ մեզ բաժանեցին: Դուբայի օդակայանում մենք տարբեր տեղեր գնացինք: Ես հայտնվեցի Մարետի մոտ: Երբ իմացա, թե ինչի համար են բերել, ասացի՝ ես կույս եմ, չեմ զբաղվի նման գործով: Ինձ չհավատացին: Տարան բժշկի, ստուգեցին, տեսան, որ կույս եմ: Ես անընդհատ լացում էի ու ասում էի՝ ինքնասպան կլինեմ, երրորդ հարկից ինձ կգցեմ: Երրորդ հարկում էինք ապրում: Էդ Մարետն ասում էր՝ քո վրա 5 հազար եմ ծախսել, պիտի հետ բերեմ, նոր գնաս: Փաստորեն, նրանք ինձ վաճառել են: Քրոջս անընդհատ ծեծում էին, աղջիկներին էլ, որ իրենց լավ չէին պահում, ծեծում էին: Ալի անունով մի արաբ էր գալիս. բոյով, երկար մազերով մարդ էր: Ծեծելուց հետո Մարետը նրան փող էր տալիս, նա գնում էր»,- պատմեց Ա-ն: Այնուհետեւ Ա-ին տարել են Մուհամեդ անունով շեյխի մոտ: Նրա պատմելով՝ ինքը փախել է շեյխի տնից: Սակայն Դուբայում, մեր տեղեկություններով, հենց Ա-ի համար՝ որպես կույս, շեյխը Մարիետային վճարել է քսան հազար դոլար: Հետո Մարիետան հինգ հազար դոլար է տվել Ա-ին, եւ նա վերադարձել է Երեւան: Այս մասին մեզ պատմեցին հայ մարմնավաճառները: Մոսկվայում այս խմբի մեջ կար նաեւ երեւանցի մեկ այլ աղջիկ: Նա ծայրահեղ աղքատ մի ընտանիքից է, ապրում է Երեւանի ծայրամասում, տնակի մեջ: Այդ աղջկա մորը նույնպես ասել են, որ աղջկան տանում են Հունաստան՝ նարինջ հավաքելու: Նրան հավաքագրել է նույն կինը՝ բանգլադեշցի Սիրուշը: Երբ աղջիկը դեռ Մոսկվայում էր, նրա չափահաս եղբայրը ինչ-որ տեղից տեղեկանում է, որ քրոջը տանում են Դուբայ, եւ որ Սիրուշ անունով այդ կինը հենց նման գործերով է զբաղվում: «Գնացի Սիրուշի մոտ ու ասացի՝ եթե մինչեւ 24 ժամը աղջկաս ետ չբերես, կգնամ ոստիկանություն: Սիրուշը խառնվեց իրար, ասաց՝ երկու օրից ետ կբերենք: Ու աղջկաս մի քանի օրից ետ բերեց, թե չէ աղջիկս պիտի գնար, կործանվեր, երկու ամսվա էլ հղի էր»,- պատմեց մայրը: Որպեսզի համոզվենք, որ Սիրուշը աղջիկներ է հավաքագրում, սկսեցինք փնտրել նրան: ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի ուսանողուհի, զանգելով Սիրուշին, ասաց, որ նրա հեռախոսահամարն իմացել է իր ծանոթներից մեկից, որը նրա միջոցով գնացել է Դուբայ եւ այնտեղ աշխատում է: Ուսանողուհու հետ Սիրուշն ու Նելլին հանդիպեցին Բանգլադեշում: Նա ներկայացավ այդ կանանց իբրեւ մեկը, որը փողի խիստ կարիք ունի՝ ասելով, թե ընտանիքը պարտքերի մեջ է: Ուսանողուհու եւ կանանց զրույցը ամբողջությամբ գաղտնի ձայնագրվել է: Սիրուշը սկզբից պատմում է իր կատարած մեծ աշխատանքի մասին. «Ես մոտ մի 100 հոգի մարդ եմ թռցրել Էմիրաթներ՝ 16-ից մինչեւ 27 տարեկան։ Դրանից ավելի չեմ ուզում։ Հիշում եմ կիրովականցի Սյուզիին, երեւանցի Քիսոյին, Լիլոյին, Ֆլորին, Արմինեին, Հասիկոյին, Աննային։ Ահագին վախտ ա՝ թռցնում եմ։ Ինձ դուր եկած մարդկանց մի տեղ եմ ուղարկում, դուր չեկածներին՝ մի ուրիշ տեղ։ Աշխատում եմ գրուպա-գրուպա չուղարկեմ, որ աչք չծակի, մի քիչ աերոպորտի մոմենտներ կան։ Սկզբից ուղարկում եմ Մոսկվա։ Ընդեղ 5-6 հոգի հերթափոխով դիմավորում են։ Իրանք աերոպորտի հետ կապ ունեն, գործ են անում, էդ էլ իրանց մաֆիան ա»։ Հետո Սիրուշը ուսանողուհուն ծանոթացրեց պայմաններին. «Ես քեզ իմ մորքուրի աղջկան՝ կիրովականցի Նանոյին եմ միջնորդելու։ Եթե ինքը դաբրոն տա, հենց վաղը կարաս թռնես։ Ինքը մնում ա Դուբայի Բարդուբայ՝ հարուստների թաղամասում, 3 հատ տուն ունի վարձած։ 20-25 հոգի մարդ կա մոտը։ Շիկարնի ապրող աղջիկ ա, մեքենայով, բանով։ Քեզ որ ուղարկեմ, 3-4 հազար դոլար փող ա ծախսվելու վրադ, մինչեւ հասնես Դուբայ։ Մոսկվայում քեզ կդիմավորեն, կտանեն տուն։ Հետո պասպորտդ կդասավորեն, ձեռիցդ կբռնեն, կտանեն, ռեգիստրացիա կլինես ու կթռնես Դուբայ։ Ընդեղ քո եկամուտը, ամեն ինչ քեզնից ա կախված։ Կարող ա գնում ես, շշմածի պես կանգնում: Նանոն էն դիշովի մամա ռոզաներից չի, որ դնի ու …(հայհոյանք)»։ Միջամտելով՝ Նելլին ուսանողուհուն ասում է, որ Դուբայում աղջիկների համար լավագույն պայմաններն ապահովված են: «Գնա, կյանք տես, քո կյանքով ապրի, ամեն ինչով, ուտելդ, խմելդ, հագնելդ ձրի: Փողն էլ կա, ըստե ի՞նչ պտի անես: Դու որ գնաս, չես ուզի գաս: Էդ աղջիկների ծնողների հետ էլ ենք մենք մոտիկ, մերերը գալիս են, գնում են, մենք իրանց տներն ենք գնում: Ըտենց բան չկա, որ խաբենք, փողոցից բռնենք, տանենք: Ոչ մի բան քեզ պետք չի (Դուբայ գնալու համար), հենց ըտենց՝ քո պասպորտը, մեկ էլ մի քիչ ուտելիք ու սիգարետ: Կեթաս, քեզ կհագցնեն, կխմցնեն: Ես իմ աղջկան էլ եմ ուղարկել»,- ոգեւորված շարունակում է Նելլին: Զրույցից հետո որոշվում է ուսանողուհու՝ Մոսկվա մեկնելու օրը: Մոսկվայում հայ կավատներն ունեն իրենց օգնականները: Սա կարեւոր օղակ է հայկական սեքս-բիզնեսի ցանցում: Դեռեւս 2004թ. հունիսին, երբ մենք Դուբայում էինք, մեր ծանոթ մարմնավաճառներն ասացին, որ Մոսկվայում բռնվել են այն տղաները, ովքեր աղջիկներին ուղարկում են Դուբայ, եւ հայ կանանց հերթական խումբը չի կարողացել գալ ԱՄԷ: Այդ գործողությունը կատարվել էր հենց նույն օրը, որովհետեւ նույն պահին մենք զանգեցինք Երեւան, եւ իրավապահ մարմինների մեր աղբյուրները հաստատեցին փաստը: Իսկապես, 2004-ի հունիսին Ռուսաստանի եւ Հայաստանի իրավապահների համատեղ իրականացրած գործողության արդյունքում Մոսկվայում ձերբակալվեց հայերի մի խումբ, որը հայ կանանց փորձում էր ճանապարհել Էմիրություններ: Սակայն, այդ խմբի տղաներին, որոնք բերվել էին Հայաստան, շուտով ազատ արձակեցին: Երբ իրավապահ մարմնի մի ներկայացուցչի հարցրինք, թե ինչու են ազատել այդ տղաներին, ասաց. «Երեւի շատ փող են տվել»: Հենց այդ տղաներն էին կեղծ անձնագրեր ձեռք բերում եւ հայ կանանց տեղափոխում Դուբայ: Նրանց անունները տալիս էին տասնյակ հայ մարմնավաճառներ: Սակայն նրանք այսօր ազատության մեջ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել