Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն

Մարտ 12,2005 00:00

ԱՄՆ-Ն ԱՌԱՅԺՄ ՉԻ ՃՆՇԻ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Ըստ ամերիկացի փորձագետի՝ դրան խանգարում է հայկական սփյուռքը ԱՄՆ Պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոն Թեֆֆթը հայտարարել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մնում են էական տարաձայնություններ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ, սակայն նախագահներ Քոչարյանը եւ Ալիեւը հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Ամերիկացի դիվանագետն ասել է այս մասին՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում «Ժողովրդավարության ապագան Սեւծովյան տարածաշրջանում» լսումների ընթացքում: «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ ոգեւորված ենք նախորդ տարվա ընթացքում անցկացված բանակցություններով», ասել է Ջոն Թեֆֆթը: Վերջինս հայտարարել է նաեւ, որ «Հայաստանը պետք է ջանքեր գործադրի մարդու իրավունքների բնագավառում անբավարար իրավիճակի բարելավման համար»: «Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանն էական տնտեսական եւ սոցիալական առաջընթաց է գրանցել, սակայն 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական անկատար ընտրությունները ապացուցեցին, որ այն դեռեւս ջանքեր պետք է գործադրի իր ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ եւ արդար հավասարակշռություն ապահովի գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների միջեւ», հայտարարել է Ջոն Թեֆֆթը: Պետքարտուղարի օգնականի տեղակալը նշել է, որ «հետագա բարեփոխումներին խանգարում է Հայաստանի հարաբերականորեն մեկուսացված դիրքը եւ Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտությունը, որն ավելի քան 10 տարի կառավարության ռեսուրսների սարսափելի քայքայման պատճառ է հանդիսանում»: Խոսելով Ադրբեջանի մասին, Ջոն Թեֆֆթը ժողովրդավարական ինստիտուտների կայացածության առումով բառացիորեն կրկնել է նույն՝ Հայաստանին վերաբերող գնահատականները: Ամերիկացի դիվանագետն ասել է, որ այս տարվա աշնանն Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները «կարեւոր փորձություն կդառնան Ադրբեջանի համար»: Թեֆֆթը այս դեպքում եւս երկրորդել է, որ «Ադրբեջանում քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներին խանգարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որն ավելի քան 10 տարիների ընթացքում կառավարության ռեսուրսների սարսափելի քայքայման պատճառ է հանդիսանում»: Սակայն Թեֆֆթը հավելել է, որ «Ադրբեջանը շարունակում է անգնահատելի օգնություն առաջարկել ԱՄՆ ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում, այդ թվում՝ օդային տարածքի եւ ադրբեջանական ռազմակայանների օգտագործումը, տեղեկատվության փոխանակումը եւ համագործակցությունն իրավապահ բնագավառում»: Նույն լսումների ընթացքում Նիքսոնի կենտրոնի միջազգային անվտանգության եւ էներգետիկայի ծրագրերի տնօրեն տիկին Զեյնո Բարանը հայտարարել է, որ «հայկական սփյուռքի ուժը սահմանափակում է Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունները խրախուսելու՝ ԱՄՆ հնարավորությունները»: «Միացյալ Նահանգները պարզապես չեն կարող նույնպիսի ճնշում գործադրել նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, ինչպես Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի վրա: Նույնիսկ չի կարելի պատկերացնել, որ Վաշինգթոնը սպառնա հայկական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ թույլ չտալ վերջիններիս մուտքը ԱՄՆ տարածք` ընտրությունների կեղծման դեպքում», նշել է Զեյնո Բարանը: Տիկին Բարանը համարում է, որ «ԱՄՆ-ն պետք է ամենաբարձր մակարդակով ներգրավվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, որպեսզի փոփոխի քաղաքական եւ տնտեսական պայմանները եւ երկու կողմերի հաշվարկները»: Նա հիշեցրել է նաեւ, որ 2002 թվականին նախագահներ Բուշը եւ Պուտինը հանդես եկան Աբխազիայում եւ Ղարաբաղում սառեցված հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության մասին համատեղ հայտարարությամբ, «սակայն հետագա քայլեր չարվեցին», հավելելով. «Ղարաբաղյան գործընթացը թողեցին ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը չի կարող լուծում ապահովել, քանի որ հարցը ամենաբարձր մակարդակով քննարկումներ է պահանջում: Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության շարունակության դրական հանգամանքին, որոշումը գտնելու անկարողությունը մարդկանց մեջ մեծ հիասթափության պատճառ է դառնում եւ վնասում է ԵԱՀԿ-ի հեղինակությանը»: Ըստ Զեյնո Բարանի, «Բացի Բուշի եւ Պուտինի մակարդակում քննարկումների շարունակությունից, ղարաբաղյան խնդրի լուծման համար Հայաստանում եւ Ադրբեջանում անհրաժեշտ է ժողովրդավարական առաջընթաց, որպեսզի կառավարություններն իրենց ժողովուրդների աչքերում լեգիտիմություն վայելեն, որն անհրաժեշտ է վերջնական լուծմանն օժանդակելու համար, ԱՄՆ-ն պետք է կոչ անի երկու երկրների ղեկավարներին՝ ժողովրդավարացման գործընթացն ընկալել որպես տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը հասնելու անհրաժեշտ պայման»: Ուշագրավ է Բարանի հետեւյալ միտքը. «Արեւմուտքն ասում է Ադրբեջանին, որ նա կորցրել է Ղարաբաղը պատերազմում եւ պետք է հրաժարվի այդ տարածքից՝ հանուն խաղաղության եւ բարեկեցության եւ առաջ տանի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը: Նման խոսակցությունները միայն սաստկացնում են ազգայնամոլականների դիրքորոշումները, որոնք գտնում են, որ նավթային եւ գազային մեծ եկամուտները թույլ կտան իրենց ռազմական ուժով վերադարձնել տարածքները»: «Հայաստանը նույնպես համարում է, որ ժամանակն աշխատում է իր օգտին՝ Ադրբեջանից Ղարաբաղի փաստացի առանձնացումը իրավաբանորեն ձեւակերպելու համար: Նրանք կարծում են, որ Ադրբեջանը ռիսկի չի դիմի եւ չի սկսի պատերազմը, հասկանալով, որ նավթա-գազատարները կարող են գրոհի ենթարկվել ու հանգեցնել տնտեսության քայքայմանը», ասել է Նիքսոնի կենտրոնի միջազգային անվտանգության եւ էներգետիկայի ծրագրերի տնօրենը: Ըստ «Մեդիամաքսի» նյութերի՝ պատրաստեց ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել