Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՀԱՆՋ

Մարտ 12,2005 00:00

ՆԱՀԱՆՋ 2003-Ի ՀԱՄԵՄԱՏ Սահմանադրական իրավունքի պրոֆեսոր, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը գտնում է, որ մութ սենյակում սեւ կատու չկա ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի կարծիքով, սահմանադրական փոփոխությունների փաթեթում բավականին փոփոխված է Սահմանադրական դատարանի կարգավիճակի հարցը: Ըստ պրոֆեսորի, այս հարցում լուրջ հետընթաց է գրանցվել. «Ցավոք, ՍԴ կարգավիճակի իմաստով լուրջ հետընթաց է արձանագրվել: Ըստ ամենայնի, այնքան էլ չի ընկալվում երկրում սահմանադրական արդարադատության կարեւորագույն դերակատարությունը: Սահմանադրական դատարանը ոչ միայն մարդու սահմանադրական իրավունքների հիմնական պաշտպանն է, այլ՝ բոլոր սահմանադրական սկզբունքների գերագույն պահապանը, առաջին հերթին մարդու իրավունքների, բայց, ոչ պակաս՝ իշխանության տարանջատման, քաղաքական բազմակուսակցականության եւ, իհարկե, ժողովրդավարության սկզբունքի պաշտպանն է: Սահմանադրական դատարանի լիազորություններից հանվել է այնպիսի կարեւորագույն դրույթ, ինչպիսին է Սահմանադրության պաշտոնական մեկնաբանումը, իշխանության միջեւ կոմպետենտության վեճերի լուծումը: Առ այսօր մենք տեսնում ենք իշխանության երկու թեւերի ներկայացուցիչներ, բարձրագույն դեմքեր միմյանց հետ վիճում են, թե ով ունի հանձնաժողով ստեղծելու իրավունք, ով՝ չունի: Տարրական սահմանադրական վեճ է, եթե հնարավորությունը տրվեր, կարող էին դիմել ՍԴ եւ հարցի լուծումն ստանալ: Ցավոք, ՍԴ-ի լիազորություններից հանվել է նաեւ այն դրույթը, որը պետք է ապահովեր արդարադատության անկախությունը՝ որպես ինքնուրույն ճյուղ: Դատավորներին վաղաժամկետ լիազորությունների դադարեցման հարցում ՍԴ-ն ունի ամենակարեւոր մասնակցությունը՝ իմփիչմենթի մեխանիզմով դատավորները կկարողանային պաշտպանվել ՍԴ-ում՝ համապատասխան հրամանագրի դեմ եւ ոչ թե լիներ այսօրվա դատավորների կախյալ վիճակը: Մինչդեռ հնարավոր էր ՍԴ-ի եզրակացության հիման վրա նրանց վերականգնել: Անհրաժեշտ է ՍԴ անդամների նկատմամբ պահանջները ամրագրել Սահմանադրությամբ, դրանք պետք է շատ ավելի խիստ լինեն, եւ, ինչու չէ, պետք է ի վերջո ամրագրել, թե ո՞վ է լինելու երկրում բարձրագույն վարչական դատարանը: Այսօրվա նախագծով վարչական արդարադատության համակարգը որպես բարձրագույն դատական մարմին դրվում է Սահմանադրական դատարանի վրա, որը ես մեծապես սխալ եմ համարում»: Ըստ Ֆելիքս Թոխյանի, 2005-ի սահմանադրական փոփոխությունների փաթեթը նահանջ է 2003-ի փաթեթից. «2005-ի փոփոխությունների փաթեթը նահանջ է 2003-ի փաթեթից»: Վենետիկի հանձնաժողովի մասնագետների կարծիքներն ու առաջարկները որքանո՞վ են հաշվի առնվել այս անգամ: Մանավանդ, վերջիններս առաջարկել էին վերադառնալ 2001-ի նախագծին: Ֆելիքս Թոխյանը ասաց, որ ուրախ է վենետիկցիների այս առաջարկի կապակցությամբ. «Քանի որ նրանք հստակ նշել են, որ կոալիցիայի եւ ՄԱԿ-ի նախագծերը գործող Սահմանադրությունից մեկ քայլ առաջ են եւ ուղղակի առաջարկվել է՝ վերադարձեք 2001-ի նախագծին: Ես բախտ եմ ունեցել աշխատել նաեւ այդ նախագծի վրա եւ ուրախ եմ, որ ԵԽ փորձագետները տվյալ դեպքում պաշտպանում են այն գիծը, որը մենք ենք պաշտպանել: Նրանք գտնում են, որ իշխանության տարանջատման տեսակետից բալանսն ավելի արդյունավետ է պաշտպանված 2001-ի նախագծում: Ուրախալի է, որ իշխանություններն այսօր ականջալուր են եվրոպական փորձագետների ասածներին: Իրենց վերջին հայտարարություններում եւ՛ պարոն Թորոսյանը, եւ՛ պարոն Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեցին, որ 2001-ի նախագծի դրույթները առավելագույնս պետք է հաշվի առնել 2005-ի նախագծում: Այսինքն, տեղաշարժը միանշանակ առկա է»: Մենք նկատեցինք, որ այսօր տպավորություն կա, թե նախագահականում առանձնապես շահագրգռված չեն Սահմանադրության փոփոխությամբ: Պարոն Թոխյանը մեզ հետ համակարծիք չէր. «Ես մի փոքր այլ կարծիքի եմ: Նախորդ փոփոխությունների նախաձեռնողը եղել է գործող նախագահը, նախագիծը դրվել է հանրաքվեի ու չի անցել: Չի անցել, որովհետեւ քվորումը բարձր է: Եվ այստեղ որեւէ մեղադրանք չի կարող լինել: Այսօր սուբյեկտը փոխվել է՝ խորհրդարանն է: Բայց պետք է հիշենք, թե ի՞նչ է խորհրդարանի քաղաքական կոալիցիան: Այսօր կոալիցիան ինքն է հուշագրում հայտարարել, որ իրենք իրագործում են ոչ միայն իրենց, այլեւ նախագահի նախընտրական ծրագիրը: Այսինքն, դա մեկ քաղաքական միավոր է: Ուստի պատասխանատուն բոլոր դեպքերում երկուսն են՝ կոալիցիան եւ նախագահը: Չեմ կարծում, թե նախագահականում կամ իշխանության այլ կենտրոնում որեւէ մեկը շահագրգռված է, որ սահմանադրական բարեփոխումները տապալվեն, միանշանակ մերժում եմ դա: Խնդիրն այն չէ, որ մենք ուզում ենք ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները մեկ ժամ առաջ կատարենք կամ՝ ձեւական կատարենք: Վստահ եմ, որ իշխանությունները նույնպես գիտակցում են, որ այսօր սահմանադրական բարեփոխումներն ամենակարեւոր խթանն են, որ այսօր երկիրն ու ժողովրդավարությունը զարգանան, եւ՛ տնտեսական զարգացում լինի, եւ՛ սոցիալական ու մյուս խնդիրները կատարվեն: Պետության կառավարելիության խնդիրը իրոք շատ կարեւոր է, բայց ավելի կարեւոր է ժողովրդավարության խորացումը»: Ենթադրվում է, որ որպես ՍԴ անդամ, Ֆելիքս Թոխյանը պետք է ծանոթ լինի սահմանադրական փոփոխությունների ամբողջ փաթեթին, ինչո՞ւ են գաղտնի պահվում Սահմանադրության անցումային դրույթները, եւ արդյո՞ք դրանցում ամրագրված են գործող նախագահի պաշտոնավարման ժամկետները երկարաձգելու կամ կրկին առաջադրվելու մեխանիզմներ: «Անցումային դրույթները գաղտնի չեն պահվում, այլ այս պահին դրանց նկատմամբ չկա մոտեցումը: Եվ, հնարավոր չէ, որ դրանցում այլ բան լինի, քան այն, ինչ հանրաքվեի էր դրվել 2003-ին: Որեւէ միտում այստեղ չկա, կարծում եմ, չարժե սեւ կատու փնտրել մութ սենյակում, մանավանդ որ այնտեղ կատու չկա»: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել