Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 12,2005 00:00

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ Որովհետեւ այդպես ցանկացավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը Կառավարության անցյալ տարվա թիվ 1146 որոշմամբ նախատեսվել է նախկին՝ 2002-ի թիվ 1821 որոշման 2-րդ հավելվածի 1-ին բաժնի 1-ին կետում «Սոցիալական մոնիթորինգի վարչություն» բառերը փոխարինել «Վերահսկողության եւ սոցիալական մոնիթորինգի վարչություն» բառերով: Որոշումն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանով կրճատվել են սոցիալական մոնիթորինգի վարչության հսկողության բաժնի չորս աշխատակիցների հաստիքները եւ նրանց ազատել աշխատանքից: Ի դեպ, չորսն էլ քաղծառայողներ էին եւ ատեստավորվել էին ընդամենը մեկ ամիս առաջ: Հաստիքների կրճատմանը զուգահեռ, «վերահսկողության» վերանվանված բաժինը համալրվել է եւս ութ աշխատակիցներով: Եվ հին, եւ նոր վերահսկողներն այժմ աշխատում են ժամանակավոր պայմանագրերով՝ հիմնական տեղ ունենալու համար նրանք պետք է հաղթեն քաղծառայողի մրցույթում: Այն դեպքում, երբ վարչության պետին եւ մյուս՝ վերլուծության բաժնի աշխատակիցներին աշխատակազմի ղեկավարի այլ հրամանով ազատել ու անմիջապես ընդունել են աշխատանքի նոր անունով բաժնում՝ նախկինին համարժեք պաշտոններում: Բոլոր հրամանների հիմքում եղել է նախարարի համապատասխան հրամանը: Այսինքն, նույն վարչության երկու բաժինների նկատմամբ կիրառվել են տարբեր մոտեցումներ՝ խախտելով Քաղծառայողի մասին օրենքի 29-րդ հոդվածի 1-ն կետը, ըստ որի՝ կազմակերպության անվանափոխությունը կամ կառուցվածքային փոփոխությունը հիմք չի կարող դառնալ քաղծառայողին աշխատանքից ազատելու համար: Ի դեպ, նույն այդ կետով է առաջնորդվել նախարարությունը՝ մյուս աշխատակիցներին վերականգնելիս: Իրենց իրավունքների պաշտպանության համար կրճատված քաղծառայողները դիմել են դատարան: 1-ին ատյանում հայցը բավարարվել է մասնակի, վճիռն անփոփոխ մնաց նաեւ երեկ՝ վերաքննիչ դատարանում: Թեպետ նախարարության ներկայացուցիչներն այդպես էլ լիարժեք չհիմնավորեցին, թե ինչո՞ւ կրճատելու փոխարեն աշխատակիցներին չեն առաջարկել վերապատրաստման դասընթացներ՝ նոր վերահսկողական գործառույթի «նրբություններին» ծանոթանալու համար: «Նախարարը գտավ, որ ստուգումներ իրականացնելու համար անհրաժեշտ են այլ աշխատողներ, որոնք կանցնեն քաղծառայողի մրցույթով, իսկ մյուս բաժնի գործառույթներն էական փոփոխություն չեն կրել, դրա համար էլ նրանց վերականգնել ենք առանց մրցույթի»,- «Առավոտին» ասաց նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Հովանուշ Գորոյանը: Հետաքրքիր է, թե այդ դեպքում ինչո՞ւ Քաղծառայողի մրցույթի ճանապարհը չեն առաջարկել նաեւ վարչության պետին, որովհետեւ նույն տրամաբանությամբ փոխվել է նաեւ վարչության գործառույթը՝ միայն մոնիթորինգ իրականացնողից դառնալով նաեւ վերահսկող: «Որովհետեւ հենց վարչության պետն էր ուզում ազատվել մեզանից ու նոր աշխատողներով սկսել նոր գործը»,- սա կրճատված աշխատակիցների կարծիքն է: Նաեւ այդ պատճառով է, որ նրանք քաղծառայողի մրցույթին մասնակցելը համարում են անիմաստ քաշքշուկ՝ իրենց համար: Ասենք, որ նախարարության աշխատակազմի ղեկավարը հաստիքների կրճատման մասին երկու ամիս առաջ տեղյակ չի պահել կրճատվողներին, ինչպես պահանջում է Աշխատանքային օրենսգիրքը, պատճառաբանելով, թե ժամանակավոր աշխատանք է առաջարկել նրանց, ինչը որեւէ կապ չունի հիշյալ օրենքի պահանջի հետ: Վերաքննիչ դատարանը որոշեց, որ բողոքող երկու աշխատակիցները չեն կարող վերականգնվել «լուծարված» աշխատատեղերում, եւ հորդորեց մասնակցել մրցույթին: Իսկ մյուս կրճատվածին՝ Եղիշե Գրիգորյանին վերականգնեց վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում: Չորրորդ աշխատակիցը նախընտրել էր չբողոքել: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել