Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կշահե՞նք

Մարտ 12,2005 00:00

Կշահե՞նք տրանզիտային գազ Այս օրերին Իրանի եւ Ուկրաինայի էներգետիկ համատեղ հանձնաժողովը քննարկում է իրանական գազը Ուկրաինա, հնարավոր է նաեւ՝ Եվրոպա արտահանելու հարցը: Այս նպատակով գազատարի կառուցման առավել հավանական երկու տարբերակներ անցնում են Հայաստանով: «Այն գազատարը, որն այսօր կառուցվում է (Իրան-Հայաստան- Լ. Բ.), ցավոք, տրանզիտային չէ: Եթե Իրանն ու Ուկրաինան պայմանավորվեն եւ Հայաստանը դառնա տրանզիտային, մեր երկիրը կշահի տրանզիտային գազ եւ ընդհանրապես լավ կլինի: Մենք, իհարկե, այդ շինարարությանն էլ մասնակցելու ցանկություն կհայտնենք»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում պատասխանելով հնարավոր տրանզիտային գազատարի մասին «Առավոտի» հարցին՝ ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը: Սակայն, ըստ նրա, Հայաստանի համապատասխան կառույցները լոբբինգ չեն կարող իրականացնել, քանի որ առայժմ բանակցում են Իրանը եւ Ուկրաինան: Հայտնի է, որ Եվրոպայում ռուսականին այլընտրանք համարվող նոր գազատարի կառուցման գաղափարը Ռուսաստանը չի ողջունում: Պարոն Կարապետյանը ասուլիս էր հրավիրել ընկերության նախորդ տարվա գործունեությունը ամփոփելու եւ այս տարվա ծրագրերը ներկայացնելու նպատակով: Ըստ նրա, վարձավճարները հավաքագրվել են ամբողջությամբ: Կ. Կարապետյանի խոսքերով, միակ «անբարեխիղճ» բաժանորդը «Նաիրիտ» գործարանն է: Ընկերության տնօրենը հույս հայտնեց, որ «Նաիրիտի» կառավարումը ստանձնած «ներկայիս թիմը» ավելի երկարատեւ կկառավարի. «Միշտ չէ, որ դրսի մենեջմենթն ավելի լավ է, քան ներսինը»: Խորհրդային տարիներին կառուցված շատ բնակելի շենքեր գազ ունենալու համար նախատեսված չեն, սակայն ընկերությունը պատրաստվում է դրանք էլ գազիֆիկացնել: Այս առնչությամբ Կ. Կարապետյանը վստահեցրեց, որ կգազիֆիկացնեն անվտանգության խնդիրը լուծելուց հետո միայն. «Մենք դիմել ենք քաղաքաշինության նախարարություն, որպեսզի վերանայեն այդ շենքերի շինարարական նորմերն ու կանոնները»: Ընկերության տնօրենի խոսքերով, նախորդ տարիների համեմատությամբ նվազել են գազի վթարային կորուստները: Կ. Կարապետյանը կարեւորեց նաեւ գազի որակյալ կառավարիչներ պատրաստելու հարցը: Այդ նպատակով ընկերությունը վճարում է Ճարտարապետաշինարարական համալսարանին՝ հետագայում մասնագետներ «ստանալու» պայմանով: Հարկային պետական ծառայության հրապարակած խոշոր հարկատուների ցուցակում ընկերությունը 3-րդ տեղում է: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել