Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փակել

Մարտ 12,2005 00:00

Փակել BBC-ն Տարօրինակ է, որ մշտարթուն ՀՌԱՀ-ի տեսադաշտից վրիպել են BBC տեղեկատվական կորպորացիայի թույլիկ հեռարձակումները: Մինչդեռ որեւէ կարգին, կայուն եւ ազգային արժեքների դավանող երկրում երբեք չէին հանդուրժի BBC-ի նման ջհուդա-մասոնական ռադիոկայանի քայքայիչ հաճախականությունը եւ ազգաշեն «պամեխներով» կխեղդեին լեգիտիմ նախագահին վարկաբեկող ցանկացած ռադիոազդանշան: Ընդ որում, զայրացուցիչն այն է, որ BBC-ի մեկնաբան Սթիվեն Իքը Հայաստանի նախագահին, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ է դնում՝ օգտագործելով, ոչ ավել-ոչ պակաս, նրա մերձավոր զինակցի՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի դատողությունները, այդպիսով սեպ խրելով նախագահի ինստիտուտի եւ բանկային համակարգի միջեւ: Ըստ այդմ, Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե իր երկրի գոյատեւումն այժմ կախված է արտասահմանում ապրող հայերի դրամական փոխանցումներից: Փաստորեն, BBC-ի մեկնաբանը չտեսնված լկտիությամբ անտեսում է մեր նախագահի ու հայրենի կառավարության աննախադեպ ձեռքբերումները տնտեսության աճեցման ու բազմահազար աշխատատեղերի ստեղծման գործում, ինչի արդյունքում Հայաստանը, ի սարսափ իր տարածաշրջանային հարեւանների, վագրային թռիչքներով ոստնում է դեպի մեր սուրբ նախնյաց դարավոր երազի առարկայացումը՝ հզոր ու բարգավաճ հայրենիքի կերտումը: Սթիվեն Իքը վստահաբար չի կարողացել կամ չի ցանկացել ճիշտ ընկալել ՀՀ ԿԲ ղեկավարի այն խոսքերը, թե երկրի «միակ բնական պաշարը» հայկական սփյուռքն է, որը թվով երկու անգամ գերազանցում է Հայաստանի բնակչությանը, եւ որի ուղարկած դրամական փոխանցումները միայն այս տարի գրեթե երկու անգամ կգերազանցեն պետական բյուջեն (ավելի քան 1 մլրդ դոլար): Ավելին, հղում անելով Տիգրան Սարգսյանի խոսքերին՝ BBC-ի մեկնաբանը չարամտորեն նշում է, թե հենց այդ փոխանցումներով է պայմանավորված վերջերս Հայաստանում գրանցված տնտեսական աճի զգալի մասը: Նպատակը պարզ է՝ սասանել Արեւելյան կիսագնդի ամենակայուն հանրապետության սահմանադրական կարգերը՝ պարարտ հող նախապատրաստելով ամեն տեսակ զըռ գույներով ներկված հեղափոխությունների համար: Ուշադրություն դարձրեք այս նրբին դավադրության ենթատեքստին՝ փաստորեն, Իքի տրամաբանությամբ անմիջապես ծագում է հետեւյալ հարցը. ո՞ւմ են պետք այն իշխանությունները, որոնց ղեկավարած «երկրի գոյատեւումը կախված է արտասահմանում ապրող հայերի դրամական փոխանցումներից»: Մեր կողմից մեր բոլոր հայրենակիցներին բանականության եւ սթափության կոչ ենք անում՝ չտրվել այսօրինակ սադրիչ եւ ապակառուցողական դատողությունների ազդեցությանը: Ճշմարտությունը մեկն է, եւ այն, մասնավորապես, բոլորովին վերջերս հնչել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրթերից. մենք 100 տարի էլ կարող ենք ապրել շրջափակման մեջ եւ զարգանալ այդ պայմաններում: Վկա՝ մայրաքաղաք Երեւանում վերջին տարիներին ստեղծված մշակութային անանց արժեքները՝ անառականոցները, կազինոները, ռեստորանները, բենզակալոնկեքը եւ յառմռկեքը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել