Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ֆրակցիոն

Մարտ 12,2005 00:00

«Ֆրակցիոն պայքարը պառլամենտի մահն է» Մարքսիստ Դավիթ Հակոբյանը ցիտում է մարքսիստ Վլադիմիր Ուլյանովին Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի համոզմամբ, Հայաստանի 15-ամյա անկախ հանրապետությունում բոլոր իշխանափոխությունները կատարվել են «խունտիզմի, բլանկիզմի, քաղաքական ավանտյուրիզմի, պալատական տեռորիզմի եւ բոնապարտիզմի» միջոցով: 1995 թվականին ընդունված «Ընտրական օրենսգիրքը» նա համարում է «երկրապահների խունտայի կողմից պարտադրված», որը հայ ժողովրդին «պարտադրել է գույքային, ցենզային» ընտրական իրավունք: Դրա պատճառով էլ «կեղծ ժողովրդավարները եւ բարեփոխիչները Հայաստանը դարձրել են արյունոտ շահատակությունների թատերաբեմ»: Ուստի, մարքսիստի համոզմամբ, այսօր պատմական պահն է, որ Հայաստանում նոր ընտրական իրավունք ձեւավորվի: Վերջերս ՀԺԱՄ-ՀՌԱԿ-«Հզոր հայրենիք» համագործակցությունը նույնպես հայտ ներկայացրեց ԸՕ-ում իրենց պատկերացրած փոփոխություններն ընդգրկելու համար: Դավիթ Հակոբյանը միանգամայն կիսում է այդ պատկերացումները եւ հայտարարում, որ առաջին անգամ այդ առաջարկներն իր կուսակցությունն է բարձրաձայնել: Բացի այդ, մարքսիստների գերագույն խնդիրն է արտախորհրդարանական ուժերին հայտարարել, որ «իշխանափոխության պրոցեսում այսօր գլխավոր հարվածի ուղղությունը նոր ԸՕ-ի ստեղծումն է»: Նա հույս ունի, որ այս հողի վրա կոնսոլիդացիա կկայանա: «Նոր ընտրական դոկտրինա կամ արքայական գամբիտ. ընտրեք ինքներդ՝ պարոնայք լիբերալ պրաֆեսուրաներ»,- ասում է Դավիթ Հակոբյանը: Ընտրահանձնաժողովներում վերականգնել մոնիտորինգի ինստիտուտը, սանձել քաղաքական կոռուպցիան, որը քաղաքականությունը դարձրել է եկամտի աղբյուր: Գույքային-ցենզային ընտրական իրավունքից անցում կատարել համընդհանուր ընտրական իրավունքի, որպեսզի բացառվի հասարակության դիսկրիմինացիան եւ հավասար ստարտային պայմաններ ստեղծվի. «5000 դոլար ընտրագրավ դրվում է ե՛ւ 400-500 միլիոն դոլար ունեցող օլիգարխների համար, ե՛ւ 5000 դրամ ստացող բժշկի ու ուսուցչի համար: Այդպիսով, ազգի ինտելեկտուալ սերուցքը հայտնվում է խաղից դուրս: Եթե անցնում ենք մեր տարբերակին՝ եկամուտներից, որոնց մասին հայտարարագիր է ներկայացվում, 10 տոկոս են վճարում»,- ասում է Դ. Հակոբյանը: Ինչպես նաեւ՝ վերացնել 5 տոկոսի շեմը. «Մեկ տոկոս հավաքած կուսակցությունը մեկ մարդ է տալիս: Սրանով արգելում ենք ֆրակցիոն պայքարը պառլամենտում՝ երբ մի որոճող կենդանի արարած 40 պատգամավորի խոսքի վրա կողպեք է դնում: Լենինն ասել է. «Ֆրակցիոն պայքարը պառլամենտի մահն է»: Վերջ: Մենք դեմ ենք դրան»: Եվ վերջինը՝ վերացնել բանակի ընտրական իրավունքը, բացի սպայական կազմից, քանի որ, պարոն Հակոբյանի համոզմամբ՝ բանակը հանցագործ դերակատարում է ունեցել բոլոր ընտրություններում: Դիտարկմանը, որ շատ եվրոպական երկրներում 5 տոկոսի շեմը նույնիսկ բարձրացվել է մինչեւ 7 տոկոս, մեր զրուցակիցը արձագանքեց. «Իսկ բյուլետեններն ընտրություններից առաջ գիշերները նկարելը, դրանք այրելը ե՞ւս եվրոպական չափանիշներ են: Եվրոպայի հետ ոտք չպարզեք: Ազգի վրա թքել՝ ուռնաներում խտացված ընտրաթերթիկների ձեւով՝ ոչ ոքի իրավունք չի տրված»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել