Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉ

Մարտ 12,2005 00:00

ՈՉ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՉ ԷԼ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Այսպես է ընդդիմադիր պատգամավորը բնութագրում իրավիճակը Աջարիայում Գնահատելով 2004-ի մայիսի 5-ի աջարական հեղափոխության դրական եւ բացասական կողմերը՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության տարածաշրջանային խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Մուրման Դումբաձեն կարծիք հայտնեց, թե Աբաշիձեի բռնապետական ռեժիմը տապալելուց հետո Աջարիայում կան եւ դրական, եւ բացասական տեղաշարժեր: «Դրականն այն է, որ Շեւարդնաձեն այլեւս չկա, եւ չկա նրա ձեւավորած բյուրոկրատական համակարգը, չկան անջատողական շարժումն ու Աբաշիձեն: Սահակաշվիլու գալուց հետո, կարելի է ասել, Վրաստանում, ըստ էության, կոռուպցիա այլեւս չկա: Ընդհանուր առմամբ տնտեսական զարգացում էլ կա, բայց ոչ այն մակարդակի, որը ցանկալի կլիներ: Մյուս կողմից՝ տնտեսությունն առաջվա նման կլանային է, սեգմենտացված: Կան ոլորտներ, որոնք ամբողջովին կառավարության լիակատար վերահսկողության տակ են եւ ճնշումների են ենթարկվում՝ նավահանգիստ, մաքսային ծառայություն եւ այլն: Դա է նաեւ պատճառը, որ դրսից ներդրումները Աջարիայում քիչ են»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Դումբաձեն: Վրաստանի անկախացումից հետո՝ 1991 թվականի ապրիլին, Վրաստանի առաջին նախագահ Զվիաթ Գամսախուրդիան շրջանցելով օրենքը՝ Աջարիայում որպես առաջին քաղաքական դեմք՝ նշանակեց ուժային կառույցի ներկայացուցիչ Ասլան Աբաշիձեին: Աջարիայի տարածաշրջանային խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության անդամ Մուրման Դումբաձեի ասելով, վերջինիս բռնապետական իշխանությունը տեւեց մինչեւ 2004-ը, երբ տեղի ունեցավ, այսպես ասած, աջարական հեղափոխությունը: Իսկ ի՞նչ փոխվեց այս տարածաշրջանում «Վարդերի հեղափոխությունից» հետո: «Ներկայիս նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իշխանության գալով՝ նույնպես կոպիտ սխալներ թույլ տվեց: Դրանք սկզբունքորեն նույն բնույթի սխալներ էին, որոնք ժամանակին թույլ էր տվել Զվիաթ Գամսախուրդիան 1991-ին: 2004-ի հունիսի 20-ին տեղի ունեցան Աջարիայի ռեգիոնալ խորհրդարանական ընտրություններ, որոնք, ցավոք, կեղծվեցին: Այսօր Գերագույն խորհրդում կա 30 պատգամավոր, որոնցից 28-ը միայն Սահակաշվիլու գլխավորած «Ազգային շարժում» կուսակցության անդամներ են եւ միայն 2-ն են ընդդիմադիր կուսակցության՝ «Հանրապետականի» ներկայացուցիչներ՝ ես եւ Գեորգի Մասալկինը: Սահակաշվիլու երկրորդ կոպիտ սխալն այն էր, որ մեկ տարի առաջ Վրաստանի խորհրդարանը Աջարիայի կարգավիճակին վերաբերող փոփոխություններ կատարեց Սահմանադրության մեջ, որի արդյունքում ռեգիոնում պետական եւ նախկինում ընտրովի բոլոր պաշտոնները դարձան նշանակովի: Այսօր Աջարիայի առաջին քաղաքական դեմքը՝ Աջարական Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Լեւան Վարչաումիձեն, որ Սահակաշվիլու համակուրսեցին է, ոչ թե ընտրվեց Աջարիայի խորհրդարանի կողմից, այլ նշանակվեց ուղղակիորեն Սահակաշվիլու կողմից: Լ. Վարչաումիձեն հենվում է կառավարման սեփական կլանային եւ իր ազգականներից ձեւավորված համակարգի վրա: Բոլոր պետական պաշտոններում, այդ թվում՝ մաքսային եւ հարկային ծառայություններում, պետական հիմնարկներում, նավահանգստի վարչական, կառավարության եւ քաղաքապետարանի ապարատներում նշանակված են Վարչաումիձեի յուրայինները, որոնք ժամանակին Աբաշիձեի զինակիցներն են եղել: Այսինքն՝ ըստ էության, հեղափոխությունից հետո Աջարիայի կառավարման համակարգում ոչինչ չի փոխվել: Նրա նշանակման համար միակ չափանիշը, այլ թեկնածուների թվում, հանդիսացել է միայն այն, որ նա նախագահ Սահակաշվիլու համակուրսեցին է: Սա է պատճառը, որ ռեգիոնի ժողովուրդները վատ են վերաբերվում այս նշանակմանն ու չեն վստահում ինքնավարության կառավարության նախագահին: Մենք մտադիր ենք դիմել Վրաստանի խորհրդարանին՝ Սահմանադրության որոշ դրույթներում դարձյալ փոփոխություններ անելու համար: Մասնավորապես, «Հանրապետական» կուսակցությունը կողմնակից է, որ կենտրոնական իշխանությունները տնտեսական, ֆինանսական, բյուջետային, կադրային քաղաքականությունը վերապահեն ռեգիոններին՝ բացառությամբ դատախազությունը, ներքին գործերը, ներքին զորքերը, բանակը: Իսկ այսօր ինքնավարության կարգավիճակը նման հնարավորություն մեզ չի ընձեռում, եւ իշխանությունը կենտրոնացված է»: «Օրերս Աջարիայի հեռուստաընկերության որոշ լրագրողներ ազատվեցին աշխատանքից՝ հայտարարելով, որ կառավարությունը ճնշումներ է գործադրում հեռուստաընկերության վրա եւ վերահսկում է եթեր արձակվող տեղեկատվությունը: Այսինքն՝ մարդիկ Աջարիայում օբյեկտիվ լրատվություն ստանալու հնարավորությունից զրկվում են: Այդ առնչությամբ նույնիսկ գործադուլներ եղան»,- պատմեց ընդդիմադիր պատգամավոր Մուրման Դումբաձեն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել