Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարտ 12,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ վեցերորդ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

Իմ ու Հրաչի գրազի պատճառն ու առիթը մեր կուրսի տղերքից մեկի մի խղճուկ ոտանավորն էր, որ հայտնվել էր Հրաչի խմբագրած վերջին պատի թերթում, ու երբ ես Հրաչին ասացի, որ էդ մակարդակի ոտանավոր կարող եմ հինգ րոպեում գրել, Հրաչն ինձ թասիբի գցելով՝ ասաց.

– Գրազ գանք՝ չես կարա:

– Ինչի՞ վրա ենք գրազ գալի,- տղերքի ներկայությամբ հարցրի ես:

– Քսան շիշ պիվա,- ասաց Հրաչն ու ավելացրեց.- հինգ րոպե չէ, էրկու ժամ ժամանակ եմ տալի:

– Համաձայն եմ,- ասացի ես,- ուրեմն՝ պայմանավորվեցինք:

– Բայց… մի րոպե. ո՞վ պիտի որոշի գրածիդ լավն ու վատը,- հարցրեց Հրաչը:

– Դո՛ւ,- ասացի ես ու իջա Աբոյի գարեջրատուն եւ երբ արդեն անկյունի մեր մշտական սեղանի մոտ նստած՝ մտմտում էի, թե ինչ պիտի բստրեմ, դռների մեջ շողշողաց Ժիրոյի երկար ու լուսավոր դեմքը:

– Հը՞, կարա՞ս խելքը գլխին մի բան գրես,- հարցրեց Ժիրոն:

– Դժվար թե. ուղեղս վաբշե չի աշխատում: Երեւի իզուր աքլորացա,- ասացի ես:

– Ուզո՞ւմ ես՝ էս վիճակից քեզ փրկեմ,- խորամանկ ժպտաց Ժիրոն:

– Ո՞նց պիտի փրկես,- զարմացած հարցրի ես:

– Պատրաստի բանաստեղծություն կա,- ասաց Ժիրոն,- կարամ թելադրեմ՝ գրես:

– Քո գրածն ա՞,- հարցրի ես:

– Դու լավ գիտես, որ ես ոչ մի բան էլ չեմ գրում,- ասաց Ժիրոն:

– Բա ի՞նչ բանաստեղծություն ես ասում,- հարցրի ես:

– Բանաստեղծության ա, է՛լի. ի՞նչ կապ ունի՝ ում գրածն ա:

– Հրաչը գլխի կընկնի. ինքը ամեն զիբիլ կարդացել ա:

– Էս մեկը չի կարդացել. էս մեկն աշխարհում մենակ ես եմ կարդացել:

– Դե թելադրի՛, գրո՛ւմ եմ,- ասացի ես:

Երբ Ժիրոն բանաստեղծության առաջին տողերը թելադրեց, ես, մի պահ գրելը դադարեցնելով, ասացի.

– Էս ոնց որ ծանոթ բանաստեղծություն ա. ինչ-որ տեղ կարդացել եմ: Ես որ կարդացել եմ, Հրաչը հաստատ կարդացած կըլնի:

– Էս քո գրած բանաստեղծությունն ա, ա՛յ ախմախ,- հռհռալով ասաց Ժիրոն:

– Ի՞նչ բանաստեղծություն,- ապշեցի ես:

– Չես հիշո՞ւմ. էն որ հիվանդ վախտդ Յալթայում գրել էիր՝ էն աճյունի ու Վարվառայի օրը,- ասաց Ժիրոն:

– Հա, էդ օրն ու բանաստեղծություն գրելս հիշում եմ, բայց բանաստեղծությունը չեմ հիշում: Մի օր դարակներս շատ քրքրեցի, բայց չգտա:

– Երեւի կորցրել ես,- ասաց Ժիրոն:

– Կարող ա՞ մոտդ ա մնացել,- ասացի ես:

– Չէ,- ասաց Ժիրոն,- շառ ե՞ս անում:

– Ի՞նչ ա, կարող ա՞ անգիր հիշում ես,- հարցրի ես:

– Ի՞նչ կա որ,- ասաց Ժիրոն:

– Ես որ չեմ հիշում, դու ո՞նց պիտի հիշես:

– Հենց ըտենց,- ասաց Ժիրոն.- իմ հիշողությունը քո հիշողությունից հազար անգամ ուժեղ ա:

– Ճիշտ ես ասում,- համաձ այնվեցի ես:

– Համ էլ՝ էդ գրածդ իմ դուրը շատ էր էկել. երեւի դրա համար էլ մնացել ա մտքիս մեջ: Դե՛, շարունակի՛, թելադրում եմ:

– Հա՛, ասա՛, գրո՛ւմ եմ,- ասացի ես:

– Տղե՛րք, պիվա խմելու ե՞ք,- հարցրեց Աբոն:

– Չէ, Աբո ջան, վռազ ենք, հիմի վեր ենք կենում,- ասաց Ժիրոն:

– Մի-մի շիշ չխմե՞նք,- հարցրի ես:

– Չէ՛,- ասաց Ժիրոն,- ժամանակ չունենք. ժամանակը մեր դեմ ա աշխատում: Համ էլ՝ քսան շիշը դեմներս ա. խի՞ ես վռազում: Դե, արագացրո՛ւ, թելադրում եմ. շարունակությունն եմ թելադրում, գրի՛:

Ժիրոն մինչեւ վերջ դանդաղ արտասանեց, ու ես արագ-արագ գրի առա իմ բանաստեղծությունը, եւ, ի՞նչ մեղքս թաքցնեմ, իմ գրածն իմ դուրն էլ եկավ:

– Դե գնացինք, ժամանակ չունենք,- ասաց Ժիրոն, ու մենք դուրս եկանք Աբոյի գարեջրատնից: Երբ արդեն ինստիտուտի դռների մոտ էինք, ես մի պահ կանգ առա ու ասացի.

– Ա՛յ Ժիրո, բայց Հրաչն ի՛նքը պիտի որոշի՝ իմ գրածն ա՞ լավ, թե՝ էն մի հոգավորինը:

– Արխային,- ասաց Ժիրոն.- Հրաչը քսան շիշ պիվի խաթեր իրա անունը չի քցի. մենակ անխելք ու անճաշակ մարդը չի հասկանա, որ քոնը հազար անգամ լավն ա:

– Հրաչը հինգ շիշ առնի՝ հերիք ա,- ասացի ես:

– Դու իրա տեղը դարդ մի արա, մանավանդ որ՝ թոշակներն էսօր տալու են,- ասաց Ժիրոն:

– Հանկարծ բերնիցդ չթռցնես, որ էս ոտանավորը մի տարի առաջ եմ գրել,- ասացի ես:

– Խելառ ե՞ս: Էս գաղափարն ի՛մն ա. ես ո՞նց բերնիցս կթռցնեմ: Համ էլ, որ ուզում ես իմանաս, էս մեր արածի մեջ սխալ բան չկա. վերջիվերջո, դու ես, չէ՞, էդ ոտանավորի հեղինակը:

– Ճիշտ ես ասում,- համաձայնվեցի ես:

– Դե՛, արագացրո՛ւ, ժամանակ չունենք,- ասաց Ժիրոն:

– Բայց հիմի մերոնք դասի են,- ասացի ես, երբ արդեն մեր ֆակուլտետի միջանցքում էինք:

– Ոչի՛նչ, Ղազարյանի դասն ա, բան չի ասի: Ներս կմտնենք, էս բանաստեղծությունդ կդնես Հրաչի նստարանին, ու մենք վերջում կնստենք: Թող իմանա, որ ընդամենը կես ժամ ա տեւել գրելդ,- ժամացույցին նայելով՝ ասաց Ժիրոն:

Էդպես էլ արեցինք: Մենք մեր փիլիսոփայության դասախոս Ղազարյանից ներողություն խնդրեցինք դասի կեսից լսարան մտնելու համար, այնուհետեւ ես բանաստեղծությունս դրեցի Հրաչի նստարանին, եւ Ժիրոյի հետ նստեցինք ամենավերջին նստարանին: Ղազարյանը, տեսնելով, որ Հրաչին ինչ-որ թուղթ տվինք, սպասեց՝ մինչեւ Հրաչը կարդաց-պրծավ, եւ երբ Հրաչը կարդաց-պրծավ, Ղազարյանը Հրաչի ձեռքից հանգիստ վերցրեց թուղթս, մի րոպեի չափ մտքի մեջ կարդաց ու Հրաչին հարցրեց.

– Էս ո՞վ ա գրել:

– Արմե՛նը. Արմենի գրածն ա,- ասաց Հրաչը:

– Էս դու ես գրե՞լ,- իմ կողմ թեքվելով՝ հարցրեց Ղազարյանը:

– Չէ՛. ճապոնական պոեզիայից եմ թարգմանել, ընկեր Ղազարյան,- կմկմացի ես:

– Պարզ ա: Ինչերենի՞ց ես թարգմանել,- հարցրեց Ղազարյանը:

– Ռուսերենից,- ասացի ես:

– Հեղինակի անունն ի՞նչ ա,- հարցրեց Ղազարյանը:

– Կատայամա,- վայրկենապես կողմնորոշվեցի ես:

– Ամեն ինչից էրեւում ա, որ հայի գրած չի,- ասաց Ղազարյանը:

– Հա,- ասացի ես:

– Վսյո ժե, էդ շան տղի ճապոնացիքի մտածողությունը մնացածներից շատ ա տարբերվում,- ասաց Ղազարյանը:

– Հա,- համաձայնվեցի ես:

Երբ դասն ավարտվեց, ու դուրս եկանք միջանցք, Հրաչն ինձ մոտենալով՝ ասաց.

– Արմե՞ն, ուրեմն՝ էդ ճապոնացու գրածն ուզում էիր վրես սաղացնեիր, հա՞: Փաստորեն, ինձ խաբում էիր, հա՞:

– Քե՛զ չեմ խաբել, Հրա՛չ ջան, Ղազարյանի՛ն եմ խաբել,- ասացի ես:

– Այսինքն, ուզում ես ասես՝ դու ես գրե՞լ,- հարցրեց Հրաչը:

– Ոչ թե ուզում եմ ասեմ, այլ ասում եմ,- ասացի ես:

– Այսինքն՝ դու ես գրե՞լ,- նորից հարցրեց Հրաչը:

– Այսինքն՝ գրազը կրված ես,- ասացի ես:

– Ճիշտն ասած՝ հավատս չի գալի, որ դու ես գրել, բայց որ ասում ես՝ հավատում եմ,- ասաց Հրաչը:

– Եթե հանկարծ պարզվի, որ ուրիշի գրածն ա, ես քսանի տեղակ քառասուն շիշ եմ առնում,- ասացի ես:

– Բա էդ ի՞նչ Կատայամա էիր ասում,- հարցրեց Հրաչը:

– Եթե հանկարծ պարզվի, որ Կատայամա անունով բանաստեղծ կա, գրազը կրված եմ,- ասացի ես:

– Բա որ էսքան կարաս գրես, ինչի՞ չես գրում,- հարցրեց Հրաչը:

– Հես ա՝ գրել եմ,- պատասխանեցի ես:

Հիմա պիտի անկեղծորեն խոստովանեմ, որ էդ բանաստեղծության մի տողն անգամ էս պահին էլի չեմ հիշում, բայց հստակ հիշում եմ, որ իմ էդ առաջին բանաստեղծությունից Հրաչն էնքան էր ոգեւորվել, որ մի շաբաթվա ընթացքում մի բոլորովին նոր պատի թերթ նախաձեռնեց, ուր ամենաառաջինն իմ լուսանկարն ու իմ էդ առաջին բանաստեղծությունն էին, եւ էդ օրվանից ես միանգամից սողոսկեցի ու տեղավորվեցի բանաստեղծի միանգամայն հարմարավետ կերպարի մեջ, եւ Հրաչի ու մեր էդ ամենավերջին պատի թերթից հետո մեր կուրսի ու հատկապես բանասիրական ցածր կուրսերի աղջկերքն սկսեցին ինձ բոլորովին ուրիշ հայացքով նայել, ու էդ նայողներից մեկն իր հայացքով ինձ էնպես խոցեց ու սրախողխող արեց, որ ես ոտով-գլխով սիրահարվեցի, ու մեր հարաբերություններն ընդամենը մի քանի օրում էնքան խորացան ու առաջացան, որ ես նրան շատ շուտով առաջարկություն արեցի ու անմիջապես էլ իրենից ու իրեն ճանաչողներից սպառիչ կերպով տեղեկացա, որ ինքը բանակում նշանած ունի, ու երբ էդ բանն իմացա, հաջորդ իսկ առավոտ մտա մեր դեկան Պարույր Սահակյանի կաբինետ եւ թախանձագին խնդրեցի ու աղաչեցի, որ ինձ գյուղ ուղարկի, որովհետեւ ինքն ինձ էդ բանը մի շաբաթ առաջ առաջարկել էր, քանի որ հենց էդ տարի նոր օրենք դուրս եկավ, համաձայն որի՝ վերջին կուրսեցիներս կարող էինք մեկնել գյուղ՝ մանկավարժական աշխատանքի, ու երբ ես բանակային նշանածի մասին տեղեկանալով՝ մտա ու Պարույր Տիգրանիչին խնդրեցի, որ ինձ որեւէ մոտիկ գյուղ՝ ուսուցչության ուղարկի, եւ երբ Պարույր Տիգրանիչը լսեց խնդրանքս, անմիջապես ոգեւորվեց ու ոգեւորված զանգեց մինիստրություն ու հայտնեց, որ արդեն գյուղի համար մի շատ լավ ու հարմար կադր է գտել, եւ Պարույր Տիգրանիչի ոգեւորությունն ամենեւին էլ անհիմն չէր, քանի որ, ինչպես հետո իմացա, իրեն ռեկտորատից ու մինիստրությունից մի քանի օր առաջ շատ խիստ նկատողություն էին արել գյուղական ուսուցչության չափազանց նոսր շարքերն իր ֆակուլտետի ուսանողներով չհամալրելու համար, ու թեեւ մի շաբաթ առաջ Տիգրանիչը բոլորիս մեկ առ մեկ կանչել ու առաջարկել էր գյուղ մեկնել, բայց ոչ մեկիցս համաձայնություն չէր ստացել, ու ինքն էլ բնավ էն մարդը չէր, որ որեւէ մեկիս ստիպողաբար, ուրեմն, գյուղ ուղարկեր, եւ երբ իրեն հայտնեցի խնդրանքս, ինքը, բնականաբար, շատ ոգեւորվեց, ու էդպես, հազար ինը հարյուր յոթանասուներեքի նոյեմբերի տասներկուսին ես միանգամից ե՛ւ դեկանիս փրկեցի, ե՛ւ մանավանդ ինձ, որովհետեւ ես, եթե Երեւանում մնայի ու գյուղ չմեկնեի, կամ պիտի նշանվեի արդեն նշանված ու դեռեւս նշանը հետ չստացած Աստղիկի հետ, կամ էլ՝ անսալով ծնողներիս, հարազատներիս ու շրջապատիս լրջանալու հորդորներին, պիտի իսկապես լրջանայի ու մտքիցս ընդհանրապես հանեի Աստղիկին, բայց ես ընտրեցի երրորդ տարբերակը՝ փասափուսես հավաքեցի եւ դույն թվի նոյեմբերի տասնութին արդեն Հոկտեմբերյանի շրջանի Լենուղի սովխոզի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցիչն էի, եւ ես ուսանողական նախորդ սերերս չհիշեցի եւ անուն առ անուն շրջանցեցի ոչ միայն այն պատճառով, որ էս պահի դրությամբ ընտանիքի, կնոջ ու երկու չափահաս աղջիկների տեր եմ, այլեւ այն պատճառով, որ էդ իմ ուսանողական նախորդ սերերը նույնպես ընտանիքի, ամուսինների, երեխեքի ու արդեն նույնիսկ թոռների տեր են, այսինքն՝ նրանք էլ են Վարվառայի էն ժամանակվա տարիքից ահագին անց, եւ, բացի այդ, ինչպես երեւի արդեն կռահում եք, ես սովոր չեմ ու չեմ սիրում իմ գրվածքներով մարդկանց տհաճություններ ու անախորժություններ պատճառել, իսկ Աստղիկին էստեղ անվանական հիշեցի ու նշեցի ո՛չ միայն այն պատճառով, որ մի տարի անց բանակից վերադարձած իր նշանածից նշանը հետ ստացավ, այլեւ այն պատճառով, որ երբեւէ որեւէ մեկի հետ չամուսնացավ եւ էս կյանքի ու բոլորիս հետ իր կապերը վերջնականապես կտրեց ութսունութին Լոս Անջելեսում կոկորդի քաղցկեղի շնորհիվ, ու ես «շնորհիվ» եմ գրում եւ ոչ թե՝ «պատճառով», որովհետեւ Աստղիկն իր խորհրդավոր ու կարճատեւ կյանքում ինքն իրեն ոչ միայն որեւէ խաղաղ ակնթարթ չպարգեւեց, այլեւ չէր էլ պարգեւելու՝ եթե մնար ու ապրեր:

Էսպես, բանաստեղծական իմ առաջին հաջողությունն ու ուսանողական վերջին սերս կիսատ թողած՝ ես ճանապարհվեցի Հոկտեմբերյանի շրջանի Լենուղի սովխոզ, ուր արդեն, նախապես գալստյանս մասին տեղեկանալով, մեծ հետաքրքրությամբ ինձ էին սպասում ուսուցիչներն ու հատկապես լեզվի ու գրականության ուսուցիչները, որպեսզի տեսնեին, թե էդ ո՞ւմ պատճառով է իրենց դրույքները դպրոցի տնօրեն Մհերյանն անխղճորեն թրատել ու մասնատել: Իմ մասին լսել ու ինձ անհամբերությամբ սպասում էին նաեւ դպրոցի աշակերտներն ու մանավանդ տասներորդցիները, եւ իմ հայտնությամբ հատկապես տասներորդցիների հետաքրքրասիրությունը բավարարվեց, որովհետեւ իմ ու իրենց միջեւ տարիքային տարբերությունն ընդամենը երեք կամ, ամենաշատը, չորս տարի էր, ու ոչ այն է՝ դաս պատմեի իրենց, ոչ այն է՝ հավասար ընկերություն անեի իրենց հետ, ու էդպես, դասն ու ընկերությունն իրար խառնելով, հայացքս շարունակ փախցնում էի տասներորդցի պարարտ աղջկերքի՝ մշտապես ինձ ուղղված սեւեռուն հայացքներից, ու հիմնականում գյուղական երիտասարդ ուսուցչի իմ ամոթխածության շնորհիվ էր, որ իրենք իմ դասաժամերին տեւականորեն ու լիովին ազատագրվում էին իրենց իսկ գյուղական ու ավանդական ամոթխածությունից, ու ես սկսնակ ուսուցչի ամոթխած հայացքս շարունակ փախցնում էի ոչ միայն իրենց սեւեռուն ու կրակոտ հայացքներից, այլեւ՝ պարարտ ու առողջ իրենց սրունքներից ու ազդրերից, որ մշտապես աչքի էին զարնում ու աչք չէին կշտացնում իրենց բացությամբ ու լեգիտիմությամբ, որովհետեւ, չնայած գյուղ տեղ էր, բայց էդ տարիներին քաղաքի ու գյուղի տարբերությունը հարաբերական էր մանավանդ աղջիկների իմաստով, քանի որ քաղաքում ու գյուղում աղջիկներն անխտիր ու հավասարապես «մինի» էին հագնում, եւ ես լեզվի ու գրականության տասներորդի իմ դասաժամերին խճճվում, մոլորվում ու համրանում էի ազդրերի ու սրունքների ժամանակից շուտ փարթամացած էդ, ուրեմն, անտառում, ու թեեւ գրեթե տարեկիցներ էինք, բայց իմ ու տասներորդցի տղերքի միջեւ որոշակի տարբերություն, այնուամենայնիվ, կար ու էդ տարբերությունը հիմնականում իրենց օգտին էր, որովհետեւ, ի տարբերություն իմ ձեռքերի, տղերքի ձեռքերը ժամանակ առ ժամանակ հասնում ու քսվում էին էդ, ուրեմն, անտառի ամենափարթամ ճյուղերին, բներին ու նույնիսկ արմատներին, ու էդ ընթացքում եւս աղջկերքի սեւեռուն հայացքներն ուղիղ աչքերիս էին կրակում, իսկ տղերքի անմեղ ու անմեղսունակ հայացքներն էդ ընթացքում ուղղված էին լուսամուտին, ավելի ճիշտ՝ լուսամուտից երեւացող երկնքի կտորին, իսկ աչքերով անընդհատ կրակող տասներորդցի շոռաչք գեղուհիների մեջ երկու ամենաշոռաչք ու ամենադիպուկ կրակող երկուսը կային, որ մինչեւ ուսումնական տարվա վերջ չդիմացան ու, բնականաբար, հասունության վկայական չստացան, քանի որ մինչ այդ արդեն լիովին հասունացած էին, եւ, լիովին հասունացած, նրանք նոր տարուց անմիջապես հետո փախան հարեւան գյուղի երկու երիտասարդ հնձվորների հետ՝ ինձ ու իրենց համադասարանցիներին բաշխելով գրականությամբ մխիթարվելու ու բավարարվելու մենաշնորհը, բայց դպրոցում ու դասարանում մնացածներս մեր էդ մենաշնորհից համարյա չէինք օգտվում, որովհետեւ ես բանասիրական ընդունվելուցս հետո գրականություն ու մանավանդ հայ գրականություն կարդալու անհրաժեշտություն չէի ունեցել, քանի որ կուրսի ավագն էի, ու դասախոսներն ինձ ընդհանրապես չէին քննում, այսինքն՝ Լենուղու միջնակարգում ես գրականության դաս ի վիճակի չէի անցկացնել, ավելի ճիշտ՝ ես հայ գրականության նորմալ դաս ի վիճակի չէի անցկացնել առանց նախօրոք պատրաստվելու ու նախապատրաստվելու, բայց պատրաստվելու ու նախապատրաստվելու հնարավորություն էլ չունեի, որովհետեւ Լենուղի սովխոզի ուսուցչի տունը, ուր ես բնակվում էի ռուսերենի դասատու Ժամհարյան Խաչիկի ու նկարչության դասատու Պերճի հետ, իրականում ոչ թե ուսուցչի տուն էր, այլ՝ դպրոցի տնօրեն Մհերյանի տան դեռեւս չգաջված կցակառույցն էր, ուր ամեն Աստծո առավոտ երեքս էլ զարթնում էինք նույն կցակառույցում մեզ հետ հավասար իրավունքով բնակվող մկների ծվծվոցներից ու խրթխրթոցներից, իսկ գրականության դասերին պատրաստվելու ու նախապատրաստվելու մասին ընդհանրապես խոսք լինել չէր կարող, որովհետեւ էդ տարվա ձմեռը Հայաստանում ու մանավանդ մեր էդ չգաջված կցակառույցում առանձնապես էր խստաշունչ, ու մենք երեքով մինչեւ կեսգիշեր էդ խստաշունչ ձմեռը հնարավորինս մեղմացնում էինք արաղով, Մհերյանի բաղչի բուրումնավետ կարտոֆիլով, Հայաստան նոր-նոր մուտք գործած բլոտով եւ տասը րոպեն մեկ փչացող մեր էլեկտրաքարով, որն անվերջ փչանում եւ շարունակ վերանորոգվում ու վերաիմաստավորվում էր Ժամհարյան Խչոյի էլեկտրիկական բացառիկ տաղանդի շնորհիվ, եւ առավոտները, մինչ զարթուցիչը կզնգզնգար, մենք արդեն ցրտից ու մկների ծվծվոցներից զարթնած էինք լինում, ու մեր երեքից ով առաջինն էր զարթնած լինում ու թափ տված լինում մկների ծանրությունից ավելի ծանրացած Մհերյանի ութսունամյա մոր կարած պատկառելի վերմակներից իրենը, հետո մի քանի վայրկյան ուշադիր ու հետաքրքրությամբ հետեւում էր մյուս երկու վերմակների վրա վազվզող մկների զվարթ խաղուպարին եւ նոր միայն՝ էդ զվարթ տեսարանով լիասիրտ հիանալուց հետո միայն արթնացնում էր մյուս երկուսին, ու հիմնականում առավոտվա էդ զվարթ տեսարանով զվարճացողն ու հիացողը հենց ես էի լինում, որովհետեւ, ինչպես միշտ, էն տարիներին եւս ես ամենաչնչին ձայներից զարթնող էի, անկախ էն հանգամանքից, թե գիշերվա որ ժամին էի քնել:

Լենուղու իմ հազվադեպ ուրախություններից մեկը Ժամհարյան Խչոյից սովորածս բլոտն էր, մյուսը՝ Խչոյի անթիվ ու անհամար անեկդոտները, ու նաեւ՝ Խչոյի անթիվ ու զարմանազան պատմությունները Փարաջանովի կյանքից, ու էդ պատմությունները միանգամայն հավաստի էին, որովհետեւ Խչոյի եղբայրը Փարաջանովի ու «Նռան գույնի» գլխավոր օպերատորն էր:

Ինչ վերաբերում է գրականության իմ դասաժամերին, դրանք, ինչպես երեւի արդեն հասկացաք, ոչ թե ուրախություն էին, այլ՝ իսկական տանջանք, չնայած, տասներորդից բացի, ես ունեի նաեւ վեցերորդ, որի ոչ բարով դասղեկն էի, ու տասի «ա»-ից հետո ես վեցի «ա»-ում լիասիրտ ու լիաթոք հանգստանում ու նույնիսկ զվարճանում էի, որովհետեւ վեցի «ա»-ի Բենիամինը կար:

Լենուղու իմ հաջորդ ու հիմնական ուրախությունը վեցի «ա»-ի Բենիամինն էր:

Բենիամինն, ինչպես ասում են, մեծացած ու փոքրացած էր: Մեծացած էր, որովհետեւ ժամանակին իր առաջին դասարանն սկսել էր իմ տասներորդցիների հետ, եւ փոքրացած էր, որովհետեւ չորս տարի նույն դասարաններում մնալով՝ հասել էր ընդամենը վեցերորդ, ու եթե հաշվի առնեմ նաեւ, որ մի տարի էլ ուշ էր դպրոց գնացել, պիտի վերստին հիշեմ ու արձանագրեմ, որ վեցի «ա»-ի Բենիամինն ինձանից ընդամենը երկու տարով էր փոքր, բայց նաեւ պիտի արձանագրեմ, որ Բենիամինը, ինձնից ամբողջ երկու տարով փոքր լինելով հանդերձ, էդ տարիքում արդեն իր ծերունական դեմքի ու իմաստնության տերն ու կրողն էր, ու առայսօր ես ապրողների մեջ չեմ տեսել ու չեմ հանդիպել Բենիամինի պես վաղահաս իմաստուն մեկին ու եթե էդ կարգի մարդկանց հանդիպել եմ, հանդիպել եմ ընդամենը գրքերում, ընդ որում՝ հին ու հինավուրց գրքերում, ի դեմս, ասենք, Եզոպոսի, Շվեյկի ու առնվազն Նասրեդինի, բայց, ի վերջո, էդ անուններն էլ գրիչս չի բռնում Բենիամինի կողքին համահավասար շարել, որովհետեւ էդ թվարկածներս, ի տարբերություն Բենիամինի, իրականում ու իրականության մեջ երեւի գոյություն չեն էլ ունեցել, եւ գրողների, գրիչների ու ասացողների միջոցով ավելացվել ու հարստացվել են, իսկ ինչ վերաբերում է վեցի «ա»-ի Բենիամինին, ես ոչ միայն նրա իրական կերպարին որեւէ բան չեմ ավելացնելու ու գումարելու, այլեւ, ընդհակառակը, առայսօր իր ասածներն ինձ եմ լկտիաբար վերագրել, ավելին, իր ասածները լկտիաբար ինձ վերագրելով ու սեփականացնելով, հիմա՝ էս դժվարին ու բարդագույն ժամանակներում իր ասածները երբեմն քյաշ փողի եմ վերածել եւ, իր ասածները քյաշ փողի վերածելով, էս դժվարին ու բարդ ժամանակներում հաջողացրել եմ տուն ու ընտանիք պահել, ու եթե ասածս ավելի որոշակիացնելու ու պարզաբանելու լինեմ, պիտի ասեմ ու ձեզ տեղեկացնեմ, որ անցած ամառ, այսինքն՝ Լենուղու իմ ուսուցչությունից շուրջ երեսուն տարի անց, երբ Հանրայինի Ալիկ Հարությունյանն առաջին անգամ զանգահարեց ինձ ու առաջարկեց մանկական սցենարներ գրել «Հեքիաթն է կանչում» հեռուստահաղորդման համար, ես, բնականաբար, իր առաջարկը լուրջ չընդունեցի ու հանձն չառա էդ գործը, որովհետեւ արդեն տասը տարուց ավելի կլիներ, ինչ վերջնականապես ու բարեհաջող հրաժեշտ էի տվել մանկագրության իմ անհասկանալի զեղումներին, բայց Ալիկն ինձ համոզելով՝ կանչեց իր կաբինետ, եւ ես Ալիկի կաբինետում ծանոթացա հաղորդման վարող Նազենիի հետ ու նույն կաբինետում տեսա նաեւ հաղորդման ենթադրյալ հերոսներին՝ երկու թզուկ-տիկնիկներին, որոնցից մեկը մեկին մեկ նման էր վեցի «ա»-ի մեր Բենիամինին, եւ Նազենիի սիրունության ու թզուկներից մեկի Բենիամինին նմանության հանգամանքները բավարար հիմք էին, որ ոչ միայն Ալիկի պատվերն ընդունեի առանց աշխատավարձի մասին նախնական որեւէ պայմանավորվածության, այլեւ նույն էդ իրիկուն նստեի ու «Հեքիաթն է կանչում» հաղորդման համար միանգամից երեք հատ սցենար գրեի վեցի «ա»-ի Բենիամինի ոգով, ու էդ սցենարները շատ հարմար առիթ էին, որ ես երեսուն տարի անց ոչ միայն հիշեի վեցի «ա»-ի Բենիամինին, այլեւ հաճույքով սողոսկեի ու հարմարավետ տեղավորվեի իր բացառիկ ու սիրելի կերպարի մեջ, ու էդպես, պատահաբար ու պատեհաբար, ես, սողոսկելով Բենիամինի պատյանից ներս, երեսուն տարի ուշացումով եւ առանց երկար-բարակ մտածելու՝ զգացի ու հասկացա, որ վեցի «ա»-ի Բենիամինը ոչ թե սովորական մի երկտարեցի կամ չորստարեցի էր, ոչ թե ժամանակից շուտ մեծացած մի ծերունանման իմաստուն էր, այլ՝ իսկ եւ իսկ թզուկ, ու ես, մոլեգին լծվելով էդ, ուրեմն, մանկական սցենարների գործին, տասնհինգ օրվա մեջ առաջիկա մի քանի ամիսների սցենարներն արդեն գրել էի ու շարունակում էի մոլեգին գրել, ավելի ճիշտ՝ մոլեգին ձայնագրել, որովհետեւ մի քանի օրվա ընթացքում ականջներիս մեջ վերականգնվեցին վեցի «ա»-ի Բենիամինի երեսուն տարի առաջվա ձայներն ու ծղրտոցները, ու սկսեցի բառ առ բառ տեղը բերել երեսուն տարի առաջվա Բենիամինի ասածները՝ վերստին իմաստավորելով ու վերաիմաստավորելով դրանք, ու եթե հաշվի առնեմ, որ մշտապես մթագնած հիշողությունս հանկարծակի երբեմն նաեւ պայծառանում է, ու եթե նաեւ հաշվի առնեմ, որ հիշողությանս էս անգամվա պայծառացումը մեկին մեկ համընկավ սցենարական էդ, ուրեմն, զակազին եւ Բենիամինի կերպարի վերարժեւորման ու վերարտադրման հեռուստատեսային գործընթացին, պիտի նաեւ արձանագրեմ, որ Բենիամինի կերպարը սցենար առ սցենար ամբողջականանում ու վերակենդանանում էր, ու իր էդ կենդանության բոլոր նշաններն ինձ համար շատ սիրելի ու շատ կարեւոր էին, որովհետեւ ես ոչ միայն Բենիամինի հետագա երեսուն տարիներից որեւէ տեղեկություն չունեի, այլեւ չէի պատկերացնում տասնվեց տարեկանում միանգամայն ծերացած ու միանգամայն իմաստնացած էդ սքանչելի արարածի հետագա երեսուն տարիների ընթացքն ու ընթացքի հնարավորությունը, ու էդ ընթացքի միակ հնարավորությունն ու շարունակությունը տեսնում ու պատկերացնում էի ինձանից, փաստորեն, շունչ ու հոգի ստացած թզուկի մեջ, մանավանդ որ՝ իմ էս Բոբոշ անվանյալ թզուկի կյանքն ու գործունեությունը, ներառյալ նաեւ կյանքի տեւողությունը կախված էին միմիայն ինձանից, ինչպես նաեւ, իհարկե, ինձ առաջարկվելիք աշխատավարձի ծավալից, որի մասին ես դեռեւս որեւէ ակնարկ չէի արել, որովհետեւ ամբողջովին ու անմնացորդ ընկղմված ու լուծված էի Բոբոշի էության խորքերում, իսկ Բենիամին թզուկի Բոբոշ մականունն առաջացավ իմ հիշողության հաջորդ պայծառացման պահին, երբ ես միանգամայն պատահաբար ու միանգամայն բարեբախտաբար հիշեցի, որ երեսուն տարի առաջ Լենուղիում բոլոր մեծերն ու բոլոր փոքրերը, էդ թվում նաեւ վեցի «ա»-ի բոլոր էրեխեքը Բենիամինին Բոբո էին ասում երեւի իր կնճռոտ ու ծերունական դեմքի ու դիմագծերի համար. մի դեմք, որ ավելի շուտ ու ավելի շատ վարպետորեն ու նրբորեն պատրաստած մի դիմակի էր նման, եւ, ինչպես Բոբո մականունն էր Բենիամինին լավ կպել, էդպես էլ Բոբոշն իմ ստեղծած ու ինձնից շունչ ու հոգի ստացած արարածին սազեց ու կպավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել