Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՍՊԱՐՈՎԻ ԵՐԿՈՒ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ ԼԻՆԱՐԵՍՈՒՄ

Մարտ 12,2005 00:00

Եվ այսպես, Իսպանիայի Լինարես քաղաքում ավարտվեց շախմատի այս տարվա ամենահեղինակավոր՝ «22 Ciudad de Linares 2005» 20-րդ կարգի միջազգային գերմրցաշարը, որին մասնակցում էին մեր ժամանակների աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող գրոսմայստերները:

Երկար տարիներ վարկանիշային դասակարգման ցուցակը գլխավորող Գարրի Կասպարովը, որ ամբողջ մրցաշարի ընթացքում հպարտ մենության մեջ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, եզրափակիչ՝ 14-րդ տուրում սեւերով հանդիպեց Լինարեսում իրեն գերազանց դրսեւորած բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Տոպալովի հետ: «Հրաշալի յոթնյակի» մրցապայքարում միանձնյա հաղթող դառնալու համար Կասպարովին բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին, քանի որ նա վերջին տուրից առաջ մեկ միավոր առաջ էր մերձակա հետապնդող Տոպալովից: Սակայն ռուսաստանցին մատուցեց մրցաշարի եւ այդ օրվա իր առաջին անակնկալը: Շատ-շատերի համար անսպասելի՝ Կասպարովն ի վիճակի չեղավ արժանի դիմադրություն ցույց տալ մրցակցին եւ 30-րդ քայլում ճանաչեց իր պարտությունը: Կասպարովը եւ Տոպալովը 12 հնարավորից վաստակեցին հավասար՝ 8-ական միավոր: Սակայն լրացուցիչ հաշվարկներով (սեւերով տարած ավելի շատ հաղթանակներ) Կասպարովը, այնուամենայնիվ, հռչակվեց մրցաշարի հաղթող: Եզրափակիչ ակորդը տխուր ստացվեց նաեւ հնդիկ Վիշվանաթան Անանդի համար: Նա անձնատուր եղավ անգլիացի Մայքլ Ադամսին, սակայն պահպանեց երրորդ տեղը:

Լինարեսում յուրօրինակ ռեկորդ սահմանեց հունգարացի Պետեր Լեկոն, որը բոլոր 12 պարտիաներն էլ ավարտեց խաղաղ արդյունքով՝ այդպես էլ չճաշակելով ոչ հաղթանակի բերկրանքը, ոչ էլ պարտության դառնությունը:

Ինչ վերաբերում է ՖԻԴԵ-ի չեմպիոն, ուզբեկստանցի Ռուստամ Կասիմջանովին, նա ըստ ամենայնի պատրաստ չէր լուրջ պայքարի ու չդիմացավ լարվածությանը: Իսկ Ֆրանսիսկո Վալյեխոյից, անկեղծ ասած, առանձնապես մեծ սպասելիքներ չկային, թեեւ նա արեց այն, ինչ կարող էր:

Եզրափակիչ՝ 14-րդ տուրից հետո մրցաշարային ամփոփիչ աղյուսակում մասնակիցները դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ.

Գարրի Կասպարով (Ռուսաստան)՝ 8 միավոր

Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 8

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 6,5

Պետեր Լեկո (Հունգարիա)՝ 6

Մայքլ Ադամս (Անգլիա)՝ 5,5

Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան)՝ 4

Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)՝ 4

Գարրի Կասպարովը Լինարեսում մրցաշարի ավարտին շախմատասեր հանրության համար եւս մի անակնկալ էր պատրաստել, որը պարզ երկնքում ամպրոպի ազդեցություն ունեցավ: Նա պաշտոնապես հայտարարեց պրոֆեսիոնալ շախմատիստի իր կարիերան ավարտելու մասին: Դա, ինչ խոսք, անչափ տխուր իրադարձություն է: Ճիշտ է, նա դեռեւս մանրամասնությամբ չի հիմնավորել իր այդ որոշումը, սակայն դժվար չէ ենթադրել, որ դա հիմնականում կապված է տարիներ շարունակ նրա եւ ՖԻԴԵ-ի միջեւ եղած խոր հակասությամբ, որը է՛լ ավելի է սրվել հատկապես վերջին տարիներին ու ամիսներին: Սակայն սփոփիչ է այն, որ Կասպարովին քաջ ճանաչողներից շատերը, մասնավորապես՝ Ռոշալը, հուսադրում են, որ Գարրի Կասպարովն ամենայն հավանականությամբ չի մասնակցելու ՖԻԴԵ-ի հովանու ներքո կազմակերպվող պաշտոնական, պարտավորեցնող մրցաշարերին: Բայց նրա շախմատային տաղանդի երկրպագուները գրոսմայստերին կտեսնեն կոմերցիոն եւ բլից մրցաշարերում, միաժամանակյա խաղի սեանսներում:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել