Լրահոս
Օրվա լրահոսը

Գայթակղությունների քաղաքը

Մարտ 12,2005 00:00

Գիշերը միշտ խորհրդավոր է: Արաբական գիշերը՝ առավել եւս:
Մութը միանգամից «գրկում է» անծայրածիր անապատը: Հորիզոնի դեղնավուն երանգները, դանդաղ
մարելով, դառնում են աներեւույթ՝ բացելով «հազար ու մի գիշերվա» ճանապարհը: Արեւի
լույսին աննկատ փոխարինում են փողոցի լամպերի լույսերը: Դուբայում օրվա սկիզբը
համարվում է հենց այդ ժամը: Երկինքը լի է աստղերով, փայլող աստղերով: Իսկ
ներքեւում լույսերի գրեթե աստղային փայլքն է: Գիշերային Դուբայի ամենաբնորոշ
բանը սրճարաններն են, որտեղ արաբները ըմբոշխնում են նարգիլեն կամ սուրճը: Սուրճն
այստեղ աննկարագրելի համեղ է: Տեղացիներն ասում են՝ սուրճի դառնավուն համը ժամանակի
իրական համն է: Յոթ արաբական էմիրություններ 1971թ. միացան, եւ Արաբական թերակղզու
հարավ-արեւելքում 80 հազար քմ տարածության վրա ձեւավորվեց Արաբական Միացյալ Էմիրությունները՝
Արեւելքի հրաշքը: Սակայն, սա հին երկիր է: Մ.թ.ա. այստեղից նավերը ճանապարհվում
էին աշխարհի տարբեր երկրներ: Էմիրաթների ափերում՝ Ռաս-Էլ- Խայմայում, մինչ օրս պահպանվում
են Սավսկայա թագուհու, որը ժամանակին գերել է Սողոմոն թագավորի սիրտը, պալատի փլատակները:
1970-ականներին հայտնաբերված նավթը հարստացրեց երկիրը: Բոլոր էմիրները
բացարձակ թագավորներ են իրենց էմիրություններում: Երկրի նախագահը Աբու-Դաբիի շեյխն
է: Յուրաքանչյուր էմիրություն ունի իր պատմությունը, ավանդույթները, առանձնահատկությունները:
Սակայն Դուբայի էմիրությունն առանձնանում է բոլորից, որովհետեւ համատեղում է բոլոր
էմիրությունների ավանդույթները՝ դառնալով մի յուրատեսակ խառնարան: Դուբայը
մեծությամբ երկրորդ էմիրությունն է եւ համարվում է Մերձավոր Արեւելքի «Զբոսաշրջության
դարպասը»: 1985թ. այն հայտարարվեց ազատ տնտեսական գոտի: Դուբայում չեն գործում մուսուլմանական
խիստ ավանդույթները: Հենց այդ պատճառով էլ արաբական մի շարք երկրներ հավանություն
չեն տալիս Դուբայի քաղաքականությանը: Տեղացիներից շատերին դուր չեն գալիս փողոցում
իրենց ազատ պահող կանայք: Սակայն արտաքուստ նրանք դա ցույց չեն տալիս: Դուբայը
դարեր շարունակ ուներ «վաճառականների քաղաք» կոչումը: Դուբայը միշտ ուրախ էր ընդունել
վաճառականներին եւ ճամփորդներին: Բարեհամբույր եւ հյուրընկալ այս ավանդույթն այսօր
էլ պահպանվում է: 1330թ.-ից այստեղ իշխում է ալ-Մաքտում ընտանիքը: 10
կմ-անոց Խոր-Դուբայ նեղուցը քաղաքը բաժանում է երկու մասի: Արաբական փոքրիկ նավակներով
կարելի է տեսնել երկու ափերը: Ափերին կանգնած են փայտե նավերը՝ բեռնված ամենատարբեր
ապրանքներով, որոնք բերվել են Հնդկաստանից, Չինաստանից, Աֆրիկայից, ինչպես յոթ հարյուր
տարի առաջ: Առեւտրականները թեթեւ վրաններ են խփել ու հանգստանում են հենց նեղուցի
ափերին: Այս պատկերը Դուբայ ժամանածներին մտովի տեղափոխում է յոթ դար ետ: Դուբայի
փողոցները մաքուր են եւ ապահով: Ամեն ոք այստեղ կգտնի այն, ինչ ուզում է: Դուբայն
աշխարհի դինամիկ զարգացող, կոմերցիոն կենտրոն է, այստեղ են կայանում միջազգային կարեւոր
հանդիպումներ, ցուցահանդեսներ, փառատոներ: Այն համարվում է աշխարհի ամենաապահով քաղաքներից
մեկը եւ մի քանի անգամ պարգեւատրվել է «աշխարհի ամենաապահով վայր» տիտղոսով (Safest
Travel Destination Worldwide): էմիրություններում ամեն տարի անցկացվում է Դուբայի
առեւտրային փառատոնը, որը կոչվում է «Ամառային անակնկալներ»: Փառատոնի ընթացքում
հյուրերին ներկայացվում են ամենաժամանակակից ապրաքներ, կազմակերպվում են զվարճալի
միջոցառումներ: Դուբայը գայթակղում է նաեւ իր հակասություններով:
Երկրում արգելված են բոլոր տեսակի մոլի խաղերը: Ամենախիստ պատիժն է նախատեսված թմրամիջոցների
տարածման եւ սեքսուալ բնույթի հանցագործությունների համար: Բայց սա չի խանգարում,
որ այստեղ ծաղկի սեքս-բիզնեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել