Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՅ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ

Մարտ 12,2005 00:00

Դուբայի հայ
կավատները հայտնի են իրենց քրեական անցյալով: Նրանց մեծ մասը Հայաստանում դատապարտվել
է նվազագույնը մեկ անգամ՝ կավատության համար, եւ ազատազրկման վայրում անցկացրել առավելագույնը
մեկ տարի: Քանի՞ հայ մարմնավաճառ կա արաբական երկրներում՝ ոչ ոք չի կարող
ասել: Մեր մեկամյա ուսումնասիրություններով՝ Արաբական Միացյալ Էմիրություններում,
Բահրենում եւ Օմանում այսօր գտնվում են մոտ երկու հազար հայ կանայք, ովքեր ներգրավված
են այդ երկրների սեքս-բիզնեսում: Էլիզ անունով հայ կավատը 2004 թ. մարտին
Դուբայում էր, այսօր նա կանանց իր խմբի հետ հարեւան Բահրենում է: Էլիզի մոտ կան անչափահաս
հայ մարմնավաճառներ: Արդեն չորս տարի Դուբայում գտնվող երեւանցի մարմնավաճառ
Գ.-ն ասում է. «Հիմա շատացել են, երեւի մի երկու հազար կլինեն: Չեք պատկերացնում,
թե հիմա ինչ է կատարվում: Մի քանի օր առաջ գնացել էի «Մարկո Պոլո» հյուրանոցի հնդկական
ռեստորան, մի քսան հայի տեսա, ու մենակ դրանց մակարդակը տեսնեիր, հիմնականում գյուղերի
աղջիկներ են»: Երեւանցի Կ.-ն շատ ազատ ու երջանիկ է այստեղ, ինչպես ինքն է ասում.
«Ամեն ինչ ունեմ, ու ոչ մի պրոբլեմ չկա իմ կյանքում»: Հայերին մշտապես կարելի
է հանդիպել «Շերետոն» հյուրանոցի դիսկոտեկում, «Բրոդվեյ» հյուրանոցի բարում: Կեսօրից
արդեն նրանք այստեղ են: Ներս մտնող մարմնավաճառներին դիմավորում են հին ծանոթների
պես: Առանց որեւէ բան պատվիրելու, նրանք կարող են ժամերով նստել բարում: Ի
տարբերություն «Շերետոնի» եւ «Բրոդվեյի», «Սայկլոն» դիսկոտեկում մուտքն ազատ չէ.
պետք է ներկայացնել անձնագիր եւ վիզա: Եթե անվտանգության աշխատակիցները գլխի են ընկնում,
որ փաստաթղթերը կեղծ են, ներս չեն թողնում: Այստեղ նաեւ ընտրություն է կատարվում՝
տարիքով մեծերին եւ տգեղներին ներս չեն թողնում: «Անոն տանը քսերոքս ունի, եւ հենց
այդ քսերոքսով էլ կեղծում է փաստաթղթերը: Վիզայի թղթի վրա լուսանկարները փոխում են,
հաճախ վիզան կարող է լինի ուզբեկի կամ ռուսի տվյալներով, երբեմն լուսանկարում լրիվ
ուրիշ մարդ է: Ս.-ի վիզայում նրա լուսանկարն է, իսկ ազգանունը՝ մի ուզբեկուհու»:
Դուբայի հայտնի կավատներից է Անուշը: Նա միջնորդ է Էմիրություններում աշխատող
հայ կավատների եւ Հայաստանի իրավապահ մարմինների որոշ աշխատակիցների միջեւ: Հենց
Անուշին են հանդիպել այդ իրավապահները Էմիրություններ կատարած իրենց այցելությունների
ժամանակ: Հայ մարմնավաճառներին կարելի է բաժանել մի քանի խմբերի՝ մարմնավաճառներ,
ովքեր աշխատում են կավատների հսկողությամբ, մարմնավաճառներ, ովքեր ինքնուրույն են
աշխատում, որովհետեւ արդեն մարել են կավատներին ունեցած պարտքերը, մարմնավաճառներ,
ովքեր ունեն մշտական հաճախորդներ: Վերջինները տեղացիների սիրուհիներն են, ովքեր չեն
ուզում, որ իրենցից բացի այդ կանայք այլ հաճախորդներ ունենան: Գյումրեցի 23-ամյա
Դ.-ն ունի ռեզիդենտ վիզա՝ երեք տարվա: Դ-ի քույրը՝ Ն.-ն Կատարից մի արաբի՝ Ջամալի
ընկերուհին է եւ նրա հետ է ապրում: Ն.-ն այլեւս չի աշխատում. Ջամալը թույլ չի տալիս:
Երկու քույրերը ձեւակերպված են Ջամալի օֆիսում: Ն.-ն մենեջեր է, իսկ Դ.-ն՝ հաշվապահի
օգնական: Ռեզիդենտ վիզայի շնորհիվ երկուսն էլ ազատ գնում-գալիս են Հայաստան: Դ.-ն
շարունակում է զբաղվել մարմնավաճառությամբ: Կան բազմաթիվ դեպքեր,
երբ հայ կանայք ամուսնացել են տեղացիների հետ՝ դառնալով նրանց բազմաթիվ կանանցից
մեկը: Այդ կանայք կրում են ազգային տարազներ, կրոնափոխ են լինում՝ հարմարվելով իրենց
«տերերի» բարքերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել