Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ես տառապում եմ այնտեղ՝ իմ երկրում, եւ տառապում եմ այստեղ՝ Դուբայում

Մարտ 12,2005 00:00

«Քույրս
15 տարեկան է։ Ես ուզում եմ նրան բերել այստեղ, որովհետեւ ես փող չունեմ։ Նա էլ է
այնտեղ տառապում։ Նա երեխա չունի, ավելի երիտասարդ է։ Նրա Դուբայ գալը կօգնի մեզ»,-արտասվելով
ասում է տանզանացի Թրուշան: Նրա հետ ծանոթացանք Դուբայի «Լենդ մարկ պլազա» հյուրանոցի
հարեւանությամբ գտնվող մզկիթի մերձակայքում, գիշերվա ժամը մեկին: Հենց այստեղ են
հաճախորդներ «որսում» Տանզանիայից Դուբայ մարմնավաճառության եկած մի խումբ կանայք:
Թրուշայի եւ Մուայի հետ առանց սակարկելու պայմանավորվելով գնի շուրջ՝ յուրաքանչյուրին
100-ական դրահմ ( 30 դոլար) մեկ ժամի համար, տաքսիով գնում ենք Ալշերա ( Alsheraa)
հյուրանոցը: Այս հյուրանոցում են ընդունում հաճախորդներին տանզանացի մի քանի տասնյակ
մարմնավաճառները: Մուան մեզ ուղեկցում է իր սենյակը: Մոտ 8 քմ սենյակում երկու
մահճակալ է դրված, որոնք իրարից բաժանված են վարագույրով: Մուան բանալիով կողպում
է դուռը, հետո միանգամից սկսում հանվել: Ես նրան ասում եմ, որ մենք միայն զրուցելու
ենք: Ասում եմ նաեւ, որ մենք լրագրողներ ենք եւ հոդված ենք պատրաստում: Ուզում էինք
իմանալ, թե ինչպես է նա Տանզանիայից հայտնվել Դուբայում: Երբ հարցրինք իր ծննդավայրի
մասին, սկսեց բարձրաձայն ծիծաղել: Հենց այդ պահին ինչ-որ մեկը սկսեց բանալիով
բացել սենյակի դուռը: Ես զարմացած նայեցի նրան ու հարցրի՝ ո՞վ է: Նա հանգիստ պատասխանեց,
որ ընկերուհին է հաճախորդի հետ: Վարագույրի ետեւից ոչինչ չէր երեւում, սակայն լսվում
էին տղամարդու եւ կնոջ ձայները: Մուային հարցնում եմ՝ ի՞նչ պիտի անեն նրանք, մեզ
խանգարում են: Նա ասաց՝ մոռացիր նրանց, քիչ հետո կգնան, սեքս կանեն ու կգնան: Ես
Մուային խնդրեցի տեղափոխվել իր ընկերուհի Թրուշայի մոտ, որի հետ զրուցում էր իմ գործընկեր
Արան: Թրուշայի սենյակի միակ մահճակալին նստած՝ Արան զրուցում էր սեւամորթ
կնոջ հետ: Երբ ներս մտանք, նրա աչքերը թաց էին: 35-ամյա Թրուշան ասում է,
որ ինքը երբեք նման հաճախորդներ չի ունեցել, եւ ոչ մեկը իր գյուղի ու ընտանիքի մասին
հարցեր չի տվել: Նրա մահճակալի կողքի պահարանին դրված էին ամուսնու եւ աղջկա լուսանկարները:
Թրուշան ասում է, որ Դուբայում Տանզանիայից մոտ երկու հարյուր կանայք մարմնավաճառությամբ
են զբաղվում: Թրուշայի ծննդավայրը Բոխովա գյուղն է: «Տանզանիան շատ գեղեցիկ երկիր
է»,-ասում է Թրուշան: Արդեն հինգ տարի նա Դուբայում մարմնավաճառությամբ է զբաղվում:
Երբ հարցնում ենք նրա տարիքը, պատասխանում է. «Տարիքիցս մեծ եմ երեւում: Եթե
ես պրոբլեմ չունենայի, գուցե երիտասարդ երեւայի։ Բայց հիմա ես այնքա՜ն պրոբլեմներ
ունեմ։ Գիտեք, Տանզանիայում շատ են կռիվները, դրա համար էլ ամուսինս մահացավ։ Ամուսինս,
մայրս, հայրս մահացել են։ Ունեմ 5 քույր եւ 3 երեխա։ Բայց ո՛չ տուն ունեմ, ո՛չ աշխատանք։
Ես եւ իմ քույրերը տառապում ենք։ Ամուսնուս մահից հետո 2 տարի մնացել եմ իմ
երկրում. երեխաներիս հետ փողոցում էինք քնում։ Տանզանիայում շատ մարդիկ են այդ վիճակում։
Հետո իմ ընկերը ինձ համար վիզա բերեց։ Ես տոմսի փող չունեի։ Իմ բոլոր ընկերներից
սկսեցի փող հավաքել եւ տոմս գնեցի: 2000 դոլարի պարտք ունեի, վերադարձրի։ Առաջ ես
2 շաբաթ էի այստեղ մնում, փող էի աշխատում ու վերադառնում։ Հիմա Դուբայում դժվար
է։ Եթե ոստիկանությունը բռնի, նկարում է աչքերը, ու դու էլ երբեք հետ չես կարող գալ:
Ոստիկանությունը փող չի վերցնում։ Ես բոս չունեմ, մենակ եմ։ Ամեն անգամ, հենց ոստիկանները
տեսնում են դրսում, ես խնդիրներ եմ ունենում. երբ տաքսիով գալիս եմ հյուրանոցի մոտ
ու տեսնում են, ասում են՝ դու սեւ, նա սպիտակ (հաճախորդը), ինչու՞»: Թրուշան
հյուրանոցի սենյակի համար օրական վճարում է 100 դրահմ։ «Եթե ես հաճախորդ եմ բերում,
ապա ներքեւում վճարում եմ 20 դրահմ։ Պատահել է, որ 4 օր վճարել
եմ սենյակի համար, բայց ոչ մի գործ չի եղել։ Եղել է, որ դրսում եմ մնացել, առանց
ուտելիքի։ Ես շատ խնդիրներ ունեմ…Ես փողոցում եմ կանգնում, ես լա՞վ տեսք ունեմ։
Ո՛չ, ես լավ տեսք չունեմ, բայց ի՞նչ կարող եմ անել…Իմ աշխատանքի ընթացքում երբեք
հաճույք չեմ զգացել»,- ասում է Թրուշան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել