Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են նստած ԱԺ-ում

Մարտ 12,2005 00:00

Եվ որքա՞ն ժամանակ է պետք՝ ընտրություններում ծախսած գումարները ետ բերելու համար

ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը երեկ ցավով նշեց, որ այսօր մեր քաղաքացիների իրավագիտակցությունը դեռեւս այն մակարդակի չէ, որ խորհրդականին տարբերի գործադիր իշխանության պաշտոնյայից: «Եվ շատ հաճախ ակնկալում են հետաքննության իրականացում անձամբ իմ կողմից՝ դետեկտիվ, դատական հետապնդման իրականացում»: Օրինակ, ըստ խորհրդականի, հասարակությունը թյուրիմացության մեջ է, երբ կարծում է, թե կարող է դիմել նախագահի խորհրդականին, եթե դատարանի որոշումն իրեն չի բավարարում եւ ակնկալել, որ պրն Եսայանը անձամբ նորից դատաքննություն կիրականացնի: Այն նամակները, որոնք ունեն կոնկրետ ուղղվածություն, խորհրդականն ուղարկում է համապատասխան գերատեսչություններին եւ ասում, որ որոշակի դեպքերում, երբ իսկապես թույլ են տրվել սխալներ, վերանայվեն: «Ունենք դեպք, երբ նամակների արդյունքով կասեցված քրգործը վերսկսվել է, հետաքննությունը, նախաքննությունն իրականացվել են, կան հետախուզվողներ, եւ գործը հասել է մինչեւ դատարան»: Ի դեպ, հիմնական բողոքները գալիս են դատական, իրավական համակարգից, քաղաքապետարանից, դրանց թիվը բավական խոսուն է, սակայն, Բ. Եսայանի գնահատմամբ, միշտ չէ, որ այս բողոքներն արդարացի են:

Բացի իրավագիտակցության ցածր մակարդակից, այսօր մեր ժողովուրդը մեղքի իր բաժինն ունի նաեւ քաղաքական կոռուպցիայի՝ պլուտոկրատիայի (երբ փողն իշխանություն է բերում, իշխանությունը՝ փող) ծաղկման գործում:

«Գաղտնիք չէ՝ ովքեր անցան ԱԺ եւ ինչպես անցան: Այստեղ մեղքի իրենց բաժինն ունեն եւ նրանք, ովքեր անցան, եւ նրանք, ովքեր ձայն տվեցին: Մեր հասարակությունն այսօր պատրաստ չէ այդ երեւույթի դեմ ինքը պայքարելու»,- ասում է Բագրատ Եսայանը: «Տեսեք՝ ովքեր են նստած Ազգային ժողովում, ինչ ճակատագիր ունեցավ «Ֆիզիկական անձանց գույքի, եկամուտների հայտարարագրման մասին» օրենքը, ինչպես այն կառավարությունից հասավ ԱԺ եւ չանցավ, որովհետեւ հայտարարատուների թիվը մի քանի 100-ից մեծանում էր մինչեւ մի քանի 100 հազարի, ու վաղը դժվար էր լինելու զոքանչի կամ ազգականի անունով գույք ձեռք բերել, որովհետեւ զոքանչը եւ ազգականը պետք է հայտարարեին, թե որտեղից իրենց այդ գույքը»:

Բ. Եսայանը գիտի, որ դաշնակցությունն ընտրակաշառքներ չի բաժանել, եւ գիտի, որ որոշակի բիզնեսով զբաղվող մարդիկ ընտրություններում փող են ներդրել եւ ընդամենը 1 ամսում ետ բերել այդ գումարը: Բ. Եսայանի կարծիքով, միայն 100 տոկոս համամասնական ընտրությունների դեպքում քաղաքական կոռուպցիան կնվազի. «Կոռուպցիոն ռիսկը մեծ է, երբ որեւէ մեկը կարող է գնել կոնկրետ մարդուն. երբ պաշտոնյա-քաղաքացի, ոստիկան-վարորդ, ընտրող-ընտրվող շփման գիծը հեռացնում ենք՝ ռիսկը նվազում է»:

Բ. Եսայանը տեղեկացրեց, որ տարբեր հանդիպումներում միջազգային կազմակերպությունները կասկած են հայտնել կոռուպցիայի հարցում Վրաստանի որդեգրած քաղաքականության նկատմամբ, թե ինչպես կարող է մարդու նկատմամբ քրգործ հարուցվել, հետո որոշակի միջոցներ պահանջվել. ինչպես է հստակեցվում, թե ինչքան պետք է մուծվի, արդյո՞ք որեւէ այլ պրոբլեմ առաջանում է, թե՞ ոչ. «այս ամենը սուր քննադատության է ենթարկվում՝ որպես անընդունելի գործելակերպ: Որեւէ դեպք չկա, որ մեկի գլուխը կամ ձեռքը կտրելով՝ կոռուպցիա է նվազում»: Եվ այն երկրները, որոնք ամենաքիչ կոռումպացվածն են համարվում (հասարակության ընկալման առումով)՝ Ֆինլանդիան, Իսլանդիան, Սկանդինավյան երկրները, Սինգապուրը, այս երկրներում պայքարի հարցում համակարգային մոտեցում է եղել: Ինչն էլ ընդունելի է Բ. Եսայանի համար եւս: Նրա համար ընդունելի չէ, երբ ասում են՝ ամբողջ իշխանությունը կոռումպացված է. «Իշխանության նույնիսկ ամենաբարձրագույն օղակներում կան շատ պարկեշտ մարդիկ, ովքեր ամեն օր գնում են աշխատանքի, իրենց պարտականություները կատարում, հանգիստ խղճով գնում են տուն՝ իրենց ընտանիքների հետ երեկոն անցկացնելու»:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել