Ենթադրում
է Վիեննայում ապրող Գարեգին Նժդեհի թիկնապահ Կարպիս Փափազյանը Հայերը Վիեննայում
հայտնվել են անհիշելի ժամանակներից: Այստեղ գրեթե բոլոր ավստրիացիները գիտեն, որ
իրենց սուրճի հետ ծանոթացրել են հայերը: 18-րդ դարի վերջին, պատերազմական գործողությունների
ժամանակ ավստրիացիները մի հայ պատանու ուղարկել են թուրքական զորքի ուղղությամբ՝
հետախուզելու տարածքը եւ տեղեկություն բերելու զորքի դասավորության եւ կազմի մասին:
Հայ պատանին, բարեհաջող իրականացնելով հանձնարարությունը, որոշել է դատարկ ձեռքով
չվերադառնալ եւ քարշ տալով բերել է մի պարկ՝ կարծելով, թե զինամթերք է: Սակայն պարկում
ընդամենը սուրճ է եղել, որով հակառակորդը կերակրում էր ձիերին: Ավստրիացիները ավելի
ռացիոնալ են սուրճը գործածել եւ դարձել են կարգին սուրճ խմողներ: Հայ համայնքի
ներկայացուցիչներից շատերն այստեղ սիրված են նաեւ որպես լավ շինարարներ եւ գորգ վաճառողներ:
Լավագույն գորգերը ավստրիացիները գնում են հայերից: Իսկ ավստրիացի սպաները դեռեւս
դարեր առաջ ամուսնացել են հայ գորգագործուհիների հետ: Այստեղ շատ կան նաեւ
վերջերս Հայաստանից մեկնած հայեր, որոնցից ոմանք հիշում են ցուրտ ու մութ տարիները,
մյուսները՝ հայ չինովնիկների կոպիտ վերաբերմունքն ու կաշառակերությունը եւ շարունակ
հարցնում էին՝ աշխատավարձերն հիմա ինչքա՞ն են, ուշացնո՞ւմ են, փողոցները էլի՞ փոշոտ
են, վարորդները էլի՞ անթրաշ: Վիեննայում գործում է հայկական շաբաթօրյա դպրոց,
որտեղ հայ երեխաները շաբաթը մեկ օր հայերեն են սովորում: Շատ են խառն ամուսնություններից
ծնված հայերը: Վիեննայի շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Թամարա Ֆիցերյան-Մարգարյանը
մեզ ասաց, որ իրենց դպրոցի նպատակը օտար ափերում հայ երեխաներին հայեցի դաստիարակելն
է. «Դպրոցում մոտավորապես 150 աշակերտ կա, երեխաները սովորում են հայոց լեզու, գրականություն,
հայոց պատմություն, կրոն: Ունենք բավականին մեծ պարի խումբ եւ երգչախումբ: Մեր մեծ
ցավն է, որ վիեննահայ աշակերտությունը, ճիշտ է, սովորում է հայոց լեզու, բայց դասամիջոցներին,
ընդհանրապես իրար հետ հաղորդակցվում է գերմաներեն: Կարծում եմ, այս հարցին պետք է
ուշադրություն դարձնեն նաեւ ծնողները եւ հետեւեն, որ երեխաները խոսեն հայերեն»: Վիեննայում
ամենահետաքրքիր հանդիպումս պարոն Կարպիս Փափազյանի հետ էր: Նա զորավար Գարեգին Նժդեհի
թիկնապահն է եղել՝ 20-25 տարեկանում: Պարոն Կարպիսը մոտ 85 տարեկան է, շատ լավ տեղյակ
է Հայաստանում կատարվող գործընթացներին եւ բավականին քննադատաբար է վերաբերվում քաղաքական
ուժերի պահվածքին: Նա զորավար Նժդեհից մի փափախ է նվեր ստացել, որպես խիզախության
խորհրդանիշ եւ փայփայում է այն: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ անզեն աչքով
էլ երեւում էր, որ այստեղ գործում էր որքան հայ՝ այնքան կուսակցություն, ծանոթ սկզբունքը:
Պարոն Կարպիսին հարցրինք, թե քանի՞ հայկական կուսակցություն կա հայ համայնքում: Մեր
զրուցակիցը, որ բավականին հումորով մարդ էր, չթաքցրեց իր վերաբերմունքը բազմակուսակցականության
մասին. «Ես կդիտեմ մեր այստեղի ժողովները եւ կերեւակայեմ, թե Հայաստանի պառլամենտը
ինչ է»: Կարպիս Փափազյանը իր զորավարի մասին գերադասում էր լռել, ասելով,
որ «լուրջ մարդ էր, ժամերով կխոսեր, ժողովուրդը հիացած մտիկ կըներ: Հիմա եթե ողջ
ըլլար, պառլամենտը (խոսքը Հայաստանի խորհրդարանի մասին է) բոլոր անդամներից կմաքրեր»:
Մասնագիտությամբ շինարար Ռազմիկ Հարությունյանը անցած տարի Ավստրիայի մշակույթի
նախարարից շքանշան է ստացել: Նրա կառուցած Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը
գտնվում է հայկական եկեղեցու բակում: Պարոն Հարությունյանը երկքաղաքացիության մասին
իր կարծիքն ունի, որն այնքան էլ համահունչ չէ շատ սփյուռքահայերի կարծիքին. «Արտասահմանի
հայերի մեծամասնությունը երկքաղաքացիությունը իր համար որպես առավելություն է նկատում:
Երբեք ոչ մեկը չի մտածում, որ երկքաղաքացիություն ունեցողը պետք է նաեւ պարտականություն
ունենա Հայաստանի հանդեպ»: Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին մեր հարցին պատասխանելով,
պարոն Հարությունյանն ասաց, որ ինքը «Հարյուր տոկոսով համաձայն է պարոն Արթուր Բաղդասարյանի
ասածին, որ եթե մեկը Հայաստանի մասին ուզում է խոսել եւ գնահատել աշխատանքը, պետք
է ապրի Հայաստանում: Ես Ավստրիայում ավստրիական պայմաններում ապրելով ինձ իրավունք
չեմ վերապահում Հայաստանի որոշումների մասին կարծիք հայտնել: Իսկ եթե տեղում ապրեմ
եւ տեղի դժվարությունները զգամ, իրավունք կունենամ կարծիքս հայտնել եւ ասել, թե ինչը՝
ինչպես է»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ