Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ախր մաման է ասում, է՜»

Մարտ 12,2005 00:00

Ծնողները
երեխաներին դրդում են մուրացկանության «Ես ռուս եմ, բայց հայ եմ։ Շատ եմ ուզում
գրել-կարդալ սովորել, իսկ երբ մեծանամ, էլեկտրիկ եմ դառնալու»,՟ ասում է ութամյա
Անդրեյ Ռազումովը՝ Զեյթունի հատուկ տիպի մանկատան հարյուր երեխաներից մեկը։ Տնօրեն
Գրետա Հայրապետյանի խոսքերով՝ մանկատունը հատուկ է կոչվում, քանի որ այստեղ մյուս
երեխաների կողքին ապրում ու մեծանում են նաեւ հատուկ խնամքի կարիք ունեցողներ՝ խուլ
ու համրեր, սրտի արատ ունեցողներ, արտաբերման հետ կապված եւ այլ հիվանդություններով
երեխաներ։ Այստեղ աշխատում են բժիշկ՟հոգեբաններ, սրտաբան, լոգոպեդ եւ հոգատար դաստիարակներ։
Այս մանկատանն րնդունում են 1,5-8 տարեկան երեխաներին, իսկ երբ լրանում է ութ տարին՝
տեղափոխում են «Զատիկ» մանկատուն, ինչն, ըստ տնօրենի, հոգեբանական ծանր ազդեցություն
է թողնում երեխաների վրա։ Հիմա նրանցից շատերը «Զատիկում» քույր՟եղբայր ունեն, որոնց
երբեմն՟երբեմն այցելում են։ Տիկին Գրետան նշում է, որ երեխաների այստեղ գտնվելու
հիմնական պատճառը ծնողների սոցիալական ծանր վիճակն է։ Չնայած դրան, նա բացասաբար
է վերաբերվում Հայաստանում ընտանիքների ֆինանսավորման ծրագրին, ըստ որի՝ պետությունը
երեխայի վրա ծախսվող գումարը տալիս է ծնողին, որ երեխան ընտանիքում՝ ծնողի կողքին
մեծանա։ Տիկին Հայրապետյանը գտնում Է, որ բազմաթիվ ծնողներ գումարը ստանալուց հետո
էլ կզբաղվեն մուրացկանությամբ՝ օգտագործելով նաեւ իրենց երեխաներին, կամ էլ այդ գումարը
մեկ օրում կվատնեն իրենց հաճույքների համար. «Մի երեխա ունենք, մայրը մուրացկանությամբ
է զբաղվում։ Երբ երեխային տանում է, նրան էլ է սովորեցնում փող մուրալ։ Մի անգամ
ասացի. «Մանիկ ջան, դու հասուն բալիկ ես, որ մաման նման բաներ է ասում, մի արա»:
Նա նայեց աչքերիս ու ասաց. «Ախր, տիկին Գրետա, մաման է ասում, է՜»։ Ծնողները երեխաներին
այցելում են ամիսը մեկ՟երկու անգամ, իսկ եթե վեց ամիս շարունակ չեն այցելում, երեխային
են տանում նրանց մոտ։ Դաստիարակչուհի Սուսաննա Ստեփանյանի համար ամենացավալին այն
է, որ ծնողները երկար բացակայությունից հետո հաճախ գալիս են դատարկաձեռն: Մանկատանն
օգնում են անհատ ձեռներեցներ եւ Vorld Vision կազմակերպությունը։ Վերջինս նաեւ օգնում
է ծնողներին, փորձում է նրանց աշխատանքով ապահովել, որ երեխաները կարողանան տուն
վերադառնալ: Անցյալ տարի մոտ քսանհինգ երեխա ընտանիք է վերադարձել։ Տիկին
Հայրապետյանի խոսքերով՝ երեխաներն այստեղ նյութական կարիք գրեթե չունեն՝ սնունդ-հագուստով
ապահովված են, միայն գրենական պիտույքներն են պակասում: Շենքը վերանորոգման կարիք
ունի, այս ձմեռ ջեռուցվել է էլեկտրական տաքացուցիչներով, սակայն հաջորդ տարի, հույս
կա, որ կաթսայատունը կգործի։ ԼԻԼԻԹ ԳՐԻՇԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել