Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կշահե՞նք տրանզիտային գազ

Մարտ 12,2005 00:00

Այս
օրերին Իրանի եւ Ուկրաինայի էներգետիկ համատեղ հանձնաժողովը քննարկում է իրանական
գազը Ուկրաինա, հնարավոր է նաեւ՝ Եվրոպա արտահանելու հարցը: Այս նպատակով
գազատարի կառուցման առավել հավանական երկու տարբերակներ անցնում են Հայաստանով: «Այն
գազատարը, որն այսօր կառուցվում է (Իրան-Հայաստան- Լ. Բ.), ցավոք, տրանզիտային չէ:
Եթե Իրանն ու Ուկրաինան պայմանավորվեն եւ Հայաստանը դառնա տրանզիտային, մեր երկիրը
կշահի տրանզիտային գազ եւ ընդհանրապես լավ կլինի: Մենք, իհարկե, այդ շինարարությանն
էլ մասնակցելու ցանկություն կհայտնենք»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում պատասխանելով
հնարավոր տրանզիտային գազատարի մասին «Առավոտի» հարցին՝ ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերության
տնօրեն Կարեն Կարապետյանը: Սակայն, ըստ նրա, Հայաստանի համապատասխան կառույցները
լոբբինգ չեն կարող իրականացնել, քանի որ առայժմ բանակցում են Իրանը եւ Ուկրաինան:
Հայտնի է, որ Եվրոպայում ռուսականին այլընտրանք համարվող նոր գազատարի կառուցման
գաղափարը Ռուսաստանը չի ողջունում: Պարոն Կարապետյանը ասուլիս էր հրավիրել
ընկերության նախորդ տարվա գործունեությունը ամփոփելու եւ այս տարվա ծրագրերը ներկայացնելու
նպատակով: Ըստ նրա, վարձավճարները հավաքագրվել են ամբողջությամբ: Կ. Կարապետյանի
խոսքերով, միակ «անբարեխիղճ» բաժանորդը «Նաիրիտ» գործարանն է: Ընկերության տնօրենը
հույս հայտնեց, որ «Նաիրիտի» կառավարումը ստանձնած «ներկայիս թիմը» ավելի երկարատեւ
կկառավարի. «Միշտ չէ, որ դրսի մենեջմենթն ավելի լավ է, քան ներսինը»: Խորհրդային
տարիներին կառուցված շատ բնակելի շենքեր գազ ունենալու համար նախատեսված չեն, սակայն
ընկերությունը պատրաստվում է դրանք էլ գազիֆիկացնել: Այս առնչությամբ Կ. Կարապետյանը
վստահեցրեց, որ կգազիֆիկացնեն անվտանգության խնդիրը լուծելուց հետո միայն. «Մենք
դիմել ենք քաղաքաշինության նախարարություն, որպեսզի վերանայեն այդ շենքերի շինարարական
նորմերն ու կանոնները»: Ընկերության տնօրենի խոսքերով, նախորդ տարիների համեմատությամբ
նվազել են գազի վթարային կորուստները: Կ. Կարապետյանը կարեւորեց նաեւ գազի որակյալ
կառավարիչներ պատրաստելու հարցը: Այդ նպատակով ընկերությունը վճարում է Ճարտարապետաշինարարական
համալսարանին՝ հետագայում մասնագետներ «ստանալու» պայմանով: Հարկային պետական ծառայության
հրապարակած խոշոր հարկատուների ցուցակում ընկերությունը 3-րդ տեղում է: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել