Երեւանում ատամնաբուժարանները շատ են, սակայն այդ հանգամանքը չի բարձրացնում բուժման արդյունավետությունը:
Այս բնագավառում շուրջ մեկ տարվա մեր ուսումնասիրությունը այսպիսի եզրակացության հիմք տվեց:
Ատամի անտանելի ցավը ստիպում է մարդկանց թակել առաջին իսկ պատահած ատամնաբուժարանի դուռն ու օգնություն հայցել ցանկացած բժշկից՝ առանց մտածելու գեղեցիկ ու առողջ ժպիտի հետագա ճակատագրի մասին: Եվ երբեք որեւէ ատամնաբույժ երաշխիք չի տալիս, թե իր դրած լիցքը (պլոմբը) ինչքան ժամանակ կծառայի կամ բուժած ատամը նորից երբ բուժելու կարիք կունենա: Ու շատ դեպքերում անգամ 9-12 հազար դրամ արժողությամբ լուսային պլոմբները դիմանում են մի քանի օր, որից հետո բողոքավոր հիվանդին բժիշկն այլեւս չի ուզում անվճար սպասարկել: Ինչ խոսք, այստեղ հաշվի է առնվում նաեւ հիվանդի կենսակերպը: Մասնագետները պնդում են, որ, օրինակ, «կտրիչների ծայրերը մեծ մասամբ կոտրատված են լինում: Եթե մարդը սիրում է անընդհատ արեւածաղկի սերմ ուտել կամ ատամներով պոպոք-պնդուկ կոտրել, ինչքան ամուր պլոմբ էլ որ դնես՝ չի օգնի: Մենք ի՞նչ իմանանք՝ պլոմբը դնելուց անմիջապես հետո հիվանդն ինչ է ուտում կամ, թեկուզ, ինչպես է ատամները լվանում»:
Սակայն շատ դեպքերում մարդիկ հաճախ ատամնաբուժարան են գնում գեղեցիկ ժպիտ ստեղծելու նպատակով, ոչ թե ատամնացավից: Հաշվի առնելով մեր համաքաղաքացիների՝ ծխախոտի եւ սուրճի օգտագործման ծավալները, դժվար չէ նկատել, որ շատերը խուսափում են լայն ժպտալ՝ հենց դեղին ատամներ ունենալու պատճառով: Առայժմ միայն մի քանի ատամնաբուժական կենտրոններում, բացի ատամի փայլեցման ավանդական մեթոդներից, կիրառվում են նաեւ համաշխարհային պրակտիկայում ընդունված ատամի սպիտակեցման տարբեր մեթոդներ՝ լազերային ճանապարհով, ուլտրամանուշակագույն ճառագայթներով եւ այլն: Բայց, շատ մասնագետների հավաստմամբ, նույնիսկ մեր ատամնաբույժներն այնքան էլ չեն տիրապետում դրանց յուրահատկություններին ու լավ չեն պատկերացնում՝ ինչպե՞ս կարելի է դրանք արդյունավետ ու ճիշտ օգտագործել, ուր մնաց՝ հաճախորդները կարողանային կողմնորոշվել: Մեր այցելած ատամնաբուժարաններից մեկում խորհրդատվության ժամանակ բժիշկն առաջարկեց ատամները սպիտակեցնել լազերային ճանապարհով՝ խոստանալով, որ երանգը 3-5 անգամ կբացվի: «Քո ատամների էմալը շատ փխրուն է: Այդ ճանապարհով սպիտակեցրած ատամների հաճույքը դու կկարողանաս վայելել 1-2 ամիս, որից հետո էմալը կճաքի ու կթափվի: Բացի այդ, եթե անգամ ռիսկի էլ դիմես, պետք է անպայման հրաժարվես թեյից, սուրճից եւ այլ գունավոր ըմպելիքներից, որովհետեւ դրանց գունավորումը առավել արագությամբ է անդրադառնալու ճերմակեցված ու շատ նրբազգաց ատամներիդ վրա»,- զգուշացրեց մեկ այլ ատամնաբույժ: Նա, սակայն, առաջարկեց ընդամենը ատամնաքարերի հեռացում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներով, որը արժե ընդամենը 7000 դրամ: Բայց այս մեթոդը կարող է ատամների գույնը դարձնել առավելագույնը այնպիսին, ինչպիսին դրանք ժառանգվել են: Շրջելով մի քանի ատամնաբուժական կենտրոններ, այդպես էլ չկարողացանք հասկանալ՝ սպիտակեցման ո՞ր մեթոդն է ավելի արդյունավետ ու ինչպիսի՞ վնաս այն կարող է հասցնել մարդու առողջությանը: Հանրապետության գլխավոր ատամնաբույժ Կարեն Գրիգորյանի խոսքերով՝ ամեն ինչ կախված է բուժումը ճիշտ իրականացնողից եւ դժվար է խորհուրդ տալ, թե ո՞ր մեթոդին պետք է առաջնությունը տալ: Մեկ այլ մասնագետի՝ ատամնաբույժ Լուսինե Մարգարյանի մեկնաբանությամբ. «Դեռեւս հին ժամանակներից ուլտրամանուշակագույն ճառագայթները օգտագործվել են շատ ամուր ապակիները կոտրելու, պայթեցնելու համար: Ինչպե՞ս կարող են բժիշկները վստահեցնել, թե դրանք գոնե ատամի էմալը չեն փչացնի, եթե չխոսենք ավելի լուրջ հետեւանքների մասին»: Ավելին, ճիշտ է, նման մեթոդներ կիրառելիս բժիշկները սեւ կտորով եւ այլ համապատասխան միջոցներով փակում են հիվանդի աչքերն ու դեմքը, բայց դժվար է վստահաբար ասել, որ դրանք հետագայում մաշկի ու տեսողության վրա բացասական ազդեցություն չեն ունենա:
Մեր ատամնաբուժարաններում չկա նաեւ փորձարկման ավանդույթ: Սովորաբար, նոր ատամնաշար հավաքելիս, տեխնիկը ատամնաբույժի ցուցումներով ստեղծում է գնի սահմաններում պատվիրված ատամներն ու երկար ժամանակ հիվանդին անատամ թողնելուց, նրան մի լավ տանջելուց հետո, վերջապես, դրանք տեղադրվում են բերանի խոռոչում: Սակայն դրանից հետո որքան էլ հիվանդը բժշկին համոզում է, որ նոր ատամներն իրեն նեղում են, դեմքը ուռչում է, լնդերը մրմռում, վերջինս նրան հանգստացնում է, թե «դեռ չես սովորել, կհարմարվես՝ ցավը կանցնի»: Հարմարվելու երկարատեւ գործընթացից հետո նոր միայն պարզվում է, որ հիվանդի օրգանիզմը ատամի նյութը չի ընդունել: Այսինքն, նա ստիպված է տանջալից գործողությունները կրկնել նորից:
Այնպես որ, ատամնացավի ժամանակ այնքան էլ կարեւոր չէ, թե որ կենտրոն ես գնում եւ ում օգնությանն ես դիմում: Բախտի հարց է:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ