Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայհոյանքներով՝ գրերի գյուտին ընդառաջ

Մարտ 12,2005 00:00

Հերթական
ասուլիսը Պարույր Հայրիկյանի կարծիքով, հավանաբար, ազնիվ մղումներով էր հրավիրված,
սակայն այս անգամ էլ ստացվեց՝ ինչպես միշտ: «Ես կփորձեմ լինել բարեկիրթ, բայց
նյութն այնպիսին է, որ ժամանակի ընթացքում գնահատականներ տալիս բարեկրթությամբ չեմ
սահմանափակվի, որովհետեւ ստոր արարքները երբեք չի կարելի բարեկրթորեն գնահատել»,-
նախապես զգուշացրեց նա: ԱԻՄ նախագահը հայոց այբուբենի ստեղծման 1600-ամյակի
ու «պատասխանատվության զգացումով տոգորված քաղաքացիների համար ընդհանրական կյանքի
բարելավման նպատակով սահմանադրական բարեփոխումների ենթակա հասունացած հարցերի» փունջը
ներկայացնելիս, իրենից անկախ, հայհոյանքների տարափ տեղաց «տգետ հայ ազգի» հասցեին:
Նրա համոզմամբ, «բոլշեւիկյան թափթփուկները երեկվա պարտորգ կամ խամաճիկ լեզվաբանների
աջակցությամբ առայսօր շարունակում են պղծել մեր լեզուն», համարելով, որ դասական ուղղագրությունը
հնացած է: Հակառակն ապացուցելու համար Հայրիկյանը ի ցույց դրեց իր լեզվամանկավարժական
բոլոր ընդունակությունները: Ստիպված եղավ լրագրողներիս բացատրել «այնպիսի բաներ,
որ դպրոցներում չեն սովորեցնում»: Նույնիսկ բանավոր օրինակներ բերեց, որ կաթի «սերն»
ու «սէրը», կամ «գետն» ու «գէտը» (գիտուն), միատեսակ արտասանվում, սակայն ազգային
ուղղագրությամբ տարբեր կերպ են գրվում: «Տեղեկացանք» նաեւ, որ մեր ազգանունները տվյալ
բառի սեռական հոլովն են եւ այլն: Հայրիկյանը սեփական փորձով համոզվել է, որ 3-4 դասաժամը
բավական է, որպեսզի դասական ուղղագրության մասին նվազագույն պատկերացումները ապահովված
լինեն: «Էդ ուղղագրության մասին ասում են մեռած է… փչացած է, վատն է: Էդպես ասողները
հենց իրենք են փչացած»,- ամոթանք տվեց Հայրիկյանը «մեծն Մաշտոցի նկատմամբ փոքրիշատե
հարգանք չունեցող» հայերին: «Հայաստանի ազգային ակադեմիան այս տարի պետք է
հանդես գա ազգային մեսրոպյան ուղղագրության վերականգնման նախաձեռնությամբ: Դա կլինի
մեծագույն հարգանքի տուրքը 1600-ամյակին, մնացածը բաշիբոզուկություն է»,- հայտարարեց
ԱԻՄ նախագահը: Նա կոչ արեց ճիգ գործադրել իր նման՝ իսկական հայ դառնալու համար. «1600-ամյակը
մեծագույն առիթն է հայախոս բոլշեւիկյան թափթփուկ լինելուց ձերբազատվելու համար…
6 ամսվա ընթացքում ադրբեջանցիներն իրենց ամբողջ այբուբենը փոխեցին, իսկ մեզ պետք
է ընդամենը մի քանի կանոններ փոխել»: Հայրիկյանը խոսեց նաեւ սահմանադրական
բարեփոխումներից: Նրա համոզմամբ, ազգովին գնում ենք այդ բարեփոխումների ձախողման.
«Հասունացել են բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են սահմանադրական բարեփոխումներ,
սակայն այդ ամենին խոչընդոտում է մի կողմից իշխանությունների պնդաճակատությունը եւ
սահմանադրական գործընթաց իրականացնելու անհաղորդ վարվելակերպը, մյուս կողմից ընդդիմության
ոչ խորը պատասխանատվության զգացումը»: Ըստ Հայրիկյանի, Սահմանադրական հանրաքվեն կտապալվի,
բայց չի կեղծվի, քանի որ «այն, իշխանություններին, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին
պետք չի… Քոչարյանը արցախակենտրոն քաղաքական գործիչ է՝ զուրկ ազգային մտածելակերպից»:
Մինչդեռ, ըստ ԱԻՄ առաջնորդի. «Արցախը չէ հայ ժողովրդի գոյատեւման խնդիրը, այլ ազգային
մտածողությունը»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել