Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փակել BBC-ն

Մարտ 12,2005 00:00

Փակել
BBC-ն Տարօրինակ է, որ մշտարթուն ՀՌԱՀ-ի տեսադաշտից վրիպել
են BBC տեղեկատվական կորպորացիայի թույլիկ հեռարձակումները: Մինչդեռ որեւէ կարգին,
կայուն եւ ազգային արժեքների դավանող երկրում երբեք չէին հանդուրժի BBC-ի նման ջհուդա-մասոնական
ռադիոկայանի քայքայիչ հաճախականությունը եւ ազգաշեն «պամեխներով» կխեղդեին լեգիտիմ
նախագահին վարկաբեկող ցանկացած ռադիոազդանշան: Ընդ որում, զայրացուցիչն այն է, որ
BBC-ի մեկնաբան Սթիվեն Իքը Հայաստանի նախագահին, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ
է դնում՝ օգտագործելով, ոչ ավել-ոչ պակաս, նրա մերձավոր զինակցի՝ ՀՀ Կենտրոնական
բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի դատողությունները, այդպիսով սեպ խրելով նախագահի
ինստիտուտի եւ բանկային համակարգի միջեւ: Ըստ այդմ, Տիգրան Սարգսյանը հայտարարել
է, թե իր երկրի գոյատեւումն այժմ կախված է արտասահմանում ապրող հայերի դրամական փոխանցումներից:
Փաստորեն, BBC-ի մեկնաբանը չտեսնված լկտիությամբ անտեսում է մեր նախագահի ու հայրենի
կառավարության աննախադեպ ձեռքբերումները տնտեսության աճեցման ու բազմահազար աշխատատեղերի
ստեղծման գործում, ինչի արդյունքում Հայաստանը, ի սարսափ իր տարածաշրջանային հարեւանների,
վագրային թռիչքներով ոստնում է դեպի մեր սուրբ նախնյաց դարավոր երազի առարկայացումը՝
հզոր ու բարգավաճ հայրենիքի կերտումը: Սթիվեն Իքը վստահաբար չի կարողացել
կամ չի ցանկացել ճիշտ ընկալել ՀՀ ԿԲ ղեկավարի այն խոսքերը, թե երկրի «միակ բնական
պաշարը» հայկական սփյուռքն է, որը թվով երկու անգամ գերազանցում է Հայաստանի բնակչությանը,
եւ որի ուղարկած դրամական փոխանցումները միայն այս տարի գրեթե երկու անգամ կգերազանցեն
պետական բյուջեն (ավելի քան 1 մլրդ դոլար): Ավելին, հղում անելով Տիգրան Սարգսյանի
խոսքերին՝ BBC-ի մեկնաբանը չարամտորեն նշում է, թե հենց այդ փոխանցումներով է պայմանավորված
վերջերս Հայաստանում գրանցված տնտեսական աճի զգալի մասը: Նպատակը պարզ է՝
սասանել Արեւելյան կիսագնդի ամենակայուն հանրապետության սահմանադրական կարգերը՝ պարարտ
հող նախապատրաստելով ամեն տեսակ զըռ գույներով ներկված հեղափոխությունների համար:
Ուշադրություն դարձրեք այս նրբին դավադրության ենթատեքստին՝ փաստորեն, Իքի տրամաբանությամբ
անմիջապես ծագում է հետեւյալ հարցը. ո՞ւմ են պետք այն իշխանությունները, որոնց ղեկավարած
«երկրի գոյատեւումը կախված է արտասահմանում ապրող հայերի դրամական փոխանցումներից»:
Մեր կողմից մեր բոլոր հայրենակիցներին բանականության եւ սթափության կոչ ենք
անում՝ չտրվել այսօրինակ սադրիչ եւ ապակառուցողական դատողությունների ազդեցությանը:
Ճշմարտությունը մեկն է, եւ այն, մասնավորապես, բոլորովին վերջերս հնչել է ՀՀ արտգործնախարար
Վարդան Օսկանյանի շուրթերից. մենք 100 տարի էլ կարող ենք ապրել շրջափակման մեջ եւ
զարգանալ այդ պայմաններում: Վկա՝ մայրաքաղաք Երեւանում վերջին տարիներին ստեղծված
մշակութային անանց արժեքները՝ անառականոցները, կազինոները, ռեստորանները, բենզակալոնկեքը
եւ յառմռկեքը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել