Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՉ ԷԼ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտ 12,2005 00:00

Այսպես
է ընդդիմադիր պատգամավորը բնութագրում իրավիճակը Աջարիայում Գնահատելով 2004-ի
մայիսի 5-ի աջարական հեղափոխության դրական եւ բացասական կողմերը՝ Աջարիայի Ինքնավար
Հանրապետության տարածաշրջանային խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Մուրման Դումբաձեն
կարծիք հայտնեց, թե Աբաշիձեի բռնապետական ռեժիմը տապալելուց հետո Աջարիայում կան
եւ դրական, եւ բացասական տեղաշարժեր: «Դրականն այն է, որ Շեւարդնաձեն այլեւս չկա,
եւ չկա նրա ձեւավորած բյուրոկրատական համակարգը, չկան անջատողական շարժումն ու Աբաշիձեն:
Սահակաշվիլու գալուց հետո, կարելի է ասել, Վրաստանում, ըստ էության, կոռուպցիա այլեւս
չկա: Ընդհանուր առմամբ տնտեսական զարգացում էլ կա, բայց ոչ այն մակարդակի, որը ցանկալի
կլիներ: Մյուս կողմից՝ տնտեսությունն առաջվա նման կլանային է, սեգմենտացված: Կան
ոլորտներ, որոնք ամբողջովին կառավարության լիակատար վերահսկողության տակ են եւ ճնշումների
են ենթարկվում՝ նավահանգիստ, մաքսային ծառայություն եւ այլն: Դա է նաեւ պատճառը,
որ դրսից ներդրումները Աջարիայում քիչ են»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Դումբաձեն:
Վրաստանի անկախացումից հետո՝ 1991 թվականի ապրիլին, Վրաստանի առաջին նախագահ
Զվիաթ Գամսախուրդիան շրջանցելով օրենքը՝ Աջարիայում որպես առաջին քաղաքական դեմք՝
նշանակեց ուժային կառույցի ներկայացուցիչ Ասլան Աբաշիձեին: Աջարիայի տարածաշրջանային
խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության անդամ Մուրման
Դումբաձեի ասելով, վերջինիս բռնապետական իշխանությունը տեւեց մինչեւ 2004-ը, երբ
տեղի ունեցավ, այսպես ասած, աջարական հեղափոխությունը: Իսկ ի՞նչ փոխվեց այս
տարածաշրջանում «Վարդերի հեղափոխությունից» հետո: «Ներկայիս նախագահ Միխայիլ
Սահակաշվիլին իշխանության գալով՝ նույնպես կոպիտ սխալներ թույլ տվեց: Դրանք սկզբունքորեն
նույն բնույթի սխալներ էին, որոնք ժամանակին թույլ էր տվել Զվիաթ Գամսախուրդիան 1991-ին:
2004-ի հունիսի 20-ին տեղի ունեցան Աջարիայի ռեգիոնալ խորհրդարանական ընտրություններ,
որոնք, ցավոք, կեղծվեցին: Այսօր Գերագույն խորհրդում կա 30 պատգամավոր, որոնցից 28-ը
միայն Սահակաշվիլու գլխավորած «Ազգային շարժում» կուսակցության անդամներ են եւ միայն
2-ն են ընդդիմադիր կուսակցության՝ «Հանրապետականի» ներկայացուցիչներ՝ ես եւ Գեորգի
Մասալկինը: Սահակաշվիլու երկրորդ կոպիտ սխալն այն էր, որ մեկ տարի առաջ Վրաստանի
խորհրդարանը Աջարիայի կարգավիճակին վերաբերող փոփոխություններ կատարեց Սահմանադրության
մեջ, որի արդյունքում ռեգիոնում պետական եւ նախկինում ընտրովի բոլոր պաշտոնները դարձան
նշանակովի: Այսօր Աջարիայի առաջին քաղաքական դեմքը՝ Աջարական Ինքնավար Հանրապետության
կառավարության նախագահ Լեւան Վարչաումիձեն, որ Սահակաշվիլու համակուրսեցին է, ոչ
թե ընտրվեց Աջարիայի խորհրդարանի կողմից, այլ նշանակվեց ուղղակիորեն Սահակաշվիլու
կողմից: Լ. Վարչաումիձեն հենվում է կառավարման սեփական կլանային եւ իր ազգականներից
ձեւավորված համակարգի վրա: Բոլոր պետական պաշտոններում, այդ թվում՝ մաքսային եւ հարկային
ծառայություններում, պետական հիմնարկներում, նավահանգստի վարչական, կառավարության
եւ քաղաքապետարանի ապարատներում նշանակված են Վարչաումիձեի յուրայինները, որոնք ժամանակին
Աբաշիձեի զինակիցներն են եղել: Այսինքն՝ ըստ էության, հեղափոխությունից հետո Աջարիայի
կառավարման համակարգում ոչինչ չի փոխվել: Նրա նշանակման համար միակ չափանիշը, այլ
թեկնածուների թվում, հանդիսացել է միայն այն, որ նա նախագահ Սահակաշվիլու համակուրսեցին
է: Սա է պատճառը, որ ռեգիոնի ժողովուրդները վատ են վերաբերվում այս նշանակմանն ու
չեն վստահում ինքնավարության կառավարության նախագահին: Մենք մտադիր ենք դիմել Վրաստանի
խորհրդարանին՝ Սահմանադրության որոշ դրույթներում դարձյալ փոփոխություններ անելու
համար: Մասնավորապես, «Հանրապետական» կուսակցությունը կողմնակից է, որ կենտրոնական
իշխանությունները տնտեսական, ֆինանսական, բյուջետային, կադրային քաղաքականությունը
վերապահեն ռեգիոններին՝ բացառությամբ դատախազությունը, ներքին գործերը, ներքին զորքերը,
բանակը: Իսկ այսօր ինքնավարության կարգավիճակը նման հնարավորություն մեզ չի ընձեռում,
եւ իշխանությունը կենտրոնացված է»: «Օրերս Աջարիայի հեռուստաընկերության որոշ
լրագրողներ ազատվեցին աշխատանքից՝ հայտարարելով, որ կառավարությունը ճնշումներ է
գործադրում հեռուստաընկերության վրա եւ վերահսկում է եթեր արձակվող տեղեկատվությունը:
Այսինքն՝ մարդիկ Աջարիայում օբյեկտիվ լրատվություն ստանալու հնարավորությունից զրկվում
են: Այդ առնչությամբ նույնիսկ գործադուլներ եղան»,- պատմեց ընդդիմադիր պատգամավոր
Մուրման Դումբաձեն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել