Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ

Մարտ 11,2005 00:00

ՄԵՆՔ ԷԼ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԿՈՊԵՐՖԻԼԴՆԵՐ «Առավոտը» հյուրընկալել էր մոգ, աճպարար, 1987-2002թթ. միջազգային մրցույթների բազմակի հաղթող, «Մոգության արքա» եւ «Միստր մոգ» կոչումների տիտղոսակիր Վարդան Ամիրյանին, որը 1995թ. Իսրայելում բացված աճպարարների դպրոցի հիմնադիրն է: Երեք ամիս առաջ իր խոսքերով՝ հիմնովին հայրենիք վերադարձած արտիստը պատրաստվում է առաջինը ԽՍՀՄ երկրներից Հայաստանում հիմնել աճպարարների դպրոց, պատանի աճպարարների թատրոն, զուգահեռելով Երեւանի թատրոնի եւ կինոյի քոլեջում մանկավարժական գործունեությամբ: Այս ամենը՝ աշնանը: Իսկ աճպարարության երկրպագուները հայ արտիստին բեմում կհանդիպեն ամռանը, իր նոր՝ «Մեծ հրաշքների փոքր գաղտնիքները» ծրագրով: Աճպարարը այս տարի նախատեսում է նաեւ անցկացնել միջազգային փառատոն՝ աշխարհի հայ աճպարարների մասնակցությամբ: Հետաքրքրվեցինք՝ նման ծավալուն ծրագրերի իրականացման համար ո՞ւմ է դիմել կամ ի՞նչ ակնկալիքներ ունի արտիստը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ դիմել է կրթության նախարարություն՝ ներկայացրել ծրագիր եւ ստացել մերժում: Անձամբ հետաքրքրվել է եւ իմացել, որ հանրակրթական դպրոցներում խորհրդային կարգերից պահպանված խմբակները հետզհետե դադարել կամ վերջնականապես դադարում են գործել: Խմբակների ղեկավարները հայտնի պատճառով հրաժարվում են դասավանդել: Վերջիններիս պարզապես ձեռնտու չէ «հայաստանյան աշխատակարգը»: Սա այն դեպքում, երբ, օրինակ, Իսրայելի հանրակրթական դպրոցներում ուսուցանվում է ոչ միայն պար, երգ, դաշնամուր (այն ամենը, ինչ կար մեր դպրոցներում), նաեւ դպրոցահասակները ծանոթանում են ծաղրածուների, աճպարարների, ակրոբատների ու նման մասնագիտությունների գաղտնիքներին: Հայ արտիստին առայժմ օգնության ձեռք է մեկնել Ոստիկանության մշակույթի տան տնօրինությունը: Արտերկրում ճանաչված աճպարարից ցանկացանք լսել՝ ճի՞շտ է տարածված այն կարծիքը, թե աճպարարությունը «ընտանեկան» մասնագիտություն է, եւ ո՞ւմ մոտ է ուսանել արտիստը: Վ. Ամիրյանը պատասխանեց. «70-ականներին աշխատում էի «Հայհամերգում»՝ որպես բեմի բանվոր: Մոսկվաբնակ ճանաչված աճպարար Հարություն Հակոբյանի հյուրախաղերը ճակատագրական եղան ինձ համար: Անկեղծ ասած՝ կուլիսներից հետեւեցի ու «գողացա» հայտնի արտիստի համարներից մի քանի գաղտնիք, որից հետո փորձեցի տանը ու համոզվեցի, որ ես ունեմ նման ձիրք: Թեեւ հետագայում մենք բարեկամացանք, բայց այդպես էլ վարպետը ոչ մի գաղտնիք չբացեց իր հնարքներից, ասելով՝ դո՛ւ պետք է աշխատես, զարգացնես տրամաբանությունդ ու երեւակայությունդ: Այդ տարիներին ընդունվեցի Երեւանի պետական էստրադային-ջազային քոլեջ (1982թ.), ավարտելուց հետո ուսումս շարունակեցի Լենինգրադի էստրադային արվեստի բարձրագույն արվեստանոցում՝ Միխայիլ Վայլի կուրսում, ստանալով էստրադային ժանրի դերասանի որակավորում: Նշեմ, որ ընդամենը լսել եմ դասախոսություններ՝ ստանալով ընդհանուր գիտելիքներ էստրադային արվեստի պատմությունից»: Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ այս ժանրի արտիստը ոչ միայն իր ազգանվամբ, այլեւ ներկայացրած աճպարարությամբ տարբերվի այլազգի արտիստներից, Վ. Ամիրյանն ասաց. «Անշուշտ: Մի քանի մրցույթների ներկայացել եմ աճպարարի համար տրադիցիոն՝ ֆրակի փոխարեն, հայկական տարազով: Եվ տրադիցիոն գործիքների (խաղաքարտեր, գնդեր, պարան եւ այլն) փոխարեն բեմում հայտնվում ու անհետանում էին մեր ժողովրդական նվագարանները՝ քամանչան, դուդուկը, դհոլը: Հետագայում իմ վարպետի՝ Մ. Վայլի խորհրդով, համարն ավելի գրավիչ դարձնելու համար, շնորհիվ հայ անվանի դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի, Վլադիմիր Սմբատյանի, սովորեցի դուդուկ նվագել»: «Այնուամենայնիվ, մենք տեղյակ ենք տարբեր երկրներում բնակվող հայ աճպարարների մասին, որոնց, բնականաբար, կընդգրկեք Հայաստանում անցկացվելիք փառատոնում: Նրա՞նք ինչպես են մասնագիտացել» դիտարկմանը աճպարարն ասաց. «Հայաստանցի աճպարարները, ֆրանսաբնակ Կամո Պետրոսյանը, մոսկվաբնակ Վահան Հովհաննիսյանը, Հունաստանից Մանուկ Բաստրմաջյանը եւ այլք, այն արտիստներն են, որոնց ժամանակին օգնել եմ, հանդես եկել նրանց հետ համատեղ ծրագրերով»: Մեր վերջին՝ «Ոչ պակաս կարեւոր, եթ ե ոչ առաջնային խնդիրը Հայաստանում աճպարարների վարձատրության հարցն է» մտահոգությանն ի պատասխան՝ Վ. Ամիրյանն ասաց. «Ինչպես ես, այնպես էլ իմ գործընկերները, աշխարհահռչակ Կոպերֆիլդի տարեկան 70 մլն դոլար եկամտին Հայաստանում չենք կարող հավակնել: Չենք կարող հավակնել նաեւ աշխարհում աճպարարի մեկ ելույթից ($200-300) կամ ամբողջական ծրագրից ($3000) ստացվող գումարին: Առաջնայինը գումարը չէ: Մենք էլ պետք է քայլենք համաշխարհային մշակույթին համընթաց, մանավանդ աշխարհում հիացմունքով են ընդունվում հայ աճպարարների ելույթները»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել