Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ա1+»-ԻՆ

Մարտ 11,2005 00:00

«Ա1+»-ԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎՏԱՐԵԼ Տնտեսական դատարանի դատավոր Անատոլի Մաթեւոսյանը մարտի 9-ին տեղեկացրել է, որ ապրիլի 5-ին ժամը 10-ին քննության է առնելու Գիտությունների ազգային ակադեմիայի հայցը «Մելտեքս» ընկերությանը Լուսավորչի-15-ում իր վարձակալած տարածքից վտարելու պահանջով: «Ինձ ուղղակի շատ է զարմացնում, թե ինչու միայն տարածքից՝ թող երկրի՛ց վտարեն»,- հեգնեց «Մելտեքս» ընկերության եւ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: Ակադեմիան իր հայցադիմումում մասնավորապես նշել է, թե «Մելտեքս»-ին մինչեւ 2005-ի հունվարի 15-ը ժամկետ էր տրվել տարածքները կամովին ազատելու համար. «Սակայն չի ազատել եւ որեւէ գրավոր պատասխան չի տվել»: Մեսրոպ Մովսեսյանը պնդեց, թե այս փաստարկն ուղղակի սուտ է. «Ես պատասխան տվել եմ՝ ուղարկել եմ իրենց տեղակալ Բադեյանի ստորագրությամբ եւ մակագրությամբ վավերացված փոխադարձ ակտ-հաշիվը մեր կատարած ծախսերի վերաբերյալ: Նա ընդունել է, որ մենք 32 հազար դոլարի չափով գումար ենք ծախսել, որը պիտի հանվեր մեր վարձակալության վճարից, սակայն մենք այն մուծել էինք մինչեւ իրենց նախազգուշացում-նամակները ստանալը: Հիմա նրանք պնդում են, թե մենք դեռ պարտքեր էլ ենք կուտակել, չնայած իրենք են այդ գումարը պարտք մեզ: Ո՞վ պետք է հատուցի այն, նաեւ դեմոնտաժային եւ տեղափոխման ծախսերը»: Մեր հարցին, թե այդ դեպքում գուցե անհրաժեշտ էր, որ «Մելտեքսը» հակընդդեմ հայցով դիմի տնտեսական դատարան, որ պարտավորեցնի ակադեմիային հատուցել պատճառված վնասը՝ պրն Մովսեսյանը պատասխանեց. «Անպայման այդպես էլ կանենք»: Իր մրցութային տարբեր առաջարկներում «Ա1+»-ը միշտ նշել է, թե նախնական պայմանավորվածություն ունեն 3 տարածքների վերաբերյալ՝ կապուղի ստանալու դեպքում այնտեղ տեղափոխվելու վերաբերյալ: Մեր հարցին, թե ինչո՞ւ այժմ չի տեղափոխվում այդ տարածքներից որեւէ մեկը՝ «Ա1+»-ի նախագահը պատասխանեց. «Տարածքներից մեկն արդեն հանձնվել է ուրիշին: Իսկ մյուս տարածքները պահանջում են մեծ ներդրումներ՝ նորոգման ծախսեր եւ այլն: Թող փոխհատուցեն մեր ծախսած գումարները՝ կտեղափոխվենք»: Ի դեպ՝ նաեւ խտրական վերաբերմունք է ցուցաբերվել եւ վտարելու պահանջ չի առաջադրվել պետռեգիստրին եւ «Գարուն» ամսագրին: «Երբ արդարադատության նախարարությունն էլ ազատի տարածքը՝ մենք սուսուփուս կհեռանանք»,- խոստացավ «Ա1+»-ի նախագահը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել