Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՏԷՑ-ի կրուգ»՝ երկրի մասշտաբով

Մարտ 11,2005 00:00

«ՏԷՑ-ի կրուգ»՝ երկրի մասշտաբով Այդպիսին կարող են դառնալ ՏԻՄ ընտրությունները Քաղաքական կյանքի հերթական ակտիվացումը սպասվում է այս տարվա հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ժամանակ: Ոմանք ենթադրում են, որ նաեւ մայիսի վերջից սկսվող մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունները կվերածվեն հերթական գողական ռազբորկաների, իսկ համայնքները՝ «ՏԷՑ-ի կրուգ»-ների: Ընդ որում, իրենք՝ գործող թաղապետերն ու այդ տեղերի հավակնորդ «անունով» տղերքը չեն էլ թաքցնում, որ պատրաստ են իրար կոկորդ պատռել՝ հանուն թաղապետի աթոռի: Արդեն վաղուց է հայտնի, որ Հայաստանում ընտրվելու համար հարկավոր է ոչ թե ժողովրդի վստահությունը վայելել, այլ ունենալ զինված ջոկատներ եւ իշխանության «դաբրոն»: Իշխանություն ներկայացնող երեք քաղաքական ուժերը եւս գիտեն այս մասին: ՏԻՄ ընտրությունները մնացել են կոալիցիայի հուշագրից դուրս, եւ այս դեպքում թաղապետերի եւ ավագանու աթոռները «բաժին» են ընկնելու տարերային եղանակով՝ ով ավելի ուժեղ է, կամ՝ ով ավելի լայն թիկունք ունի: Կոալիցիայի ներսում այս հարցի հետ կապված դեռեւս պայմանավորվածություն չկա: ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ, ՏԻՄ-ը երկրում պետք է կայանա, սակայն. «Այն ընթացքը, որը մենք ենք տեսնում, եւ մինչ այժմ եղած ընտրությունները չեն նպաստել ՏԻՄ կայացմանը: Առաջին հարցը, որ պետք է լուծել, դա ընտրությունների արդար եւ վերահսկելի դարձնելն է: Եվ քանի որ այդ արդարությունը տեղի չի ունենում ինքնաբերաբար, ուրեմն իշխանությունները պարտավոր են ապահովել ընտրությունների նորմալ ընթացքը: Կարծում եմ, պետք է ընտրությունների օրերը տարբեր լինեն եւ տեղի ունենան ոչ թե մեկ օրում, այլ՝ ենթադրենք, տեւեն երեք շաբաթ. ԸՕ-ն այսպիսի հնարավորություն տալիս է: Սա կարող է բարձրացնել վերահսկողությունը: Ես կարծում եմ՝ լինելու են լուրջ շահերի բախումներ, ընտրությունները վերածվելու են «ռազբորկաների», որի սաղմերը մենք արդեն տեսանք «ՏԷՑ-ի կրուգում» եւ այլ տեղերում, նաեւ՝ անցած ընտրություններում: Այդ պատճառով պետք է նախապատրաստվել այնպես, որպեսզի այդ վատը չկրկնվի, եւ դրան համապատասխան կարողանանք մոբիլիզացնել պետական եւ իշխանական լծակները»: Նկատեցինք, որ առաջին հերթին հենց իշխանություններն են կոպտորեն խախտում ազատ ընտրելու մարդկանց իրավունքը: Ուրեմն ի՞նչ սպասել այդ «պետական-իշխանական լծակներից»: Արմեն Ռուստամյանը մասամբ ընդունելով ասվածը՝ չթաքցրեց, որ այս դեպքում «շահերը կարող են տարբերվել, եւ իրար նկատմամբ վերահսկողություն կլինի: Ինչպես երեւում է հայտարարություններից, կոալիցիա կազմող բոլոր քաղաքական ուժերը ակտիվորեն պատրաստվում են մասնակցել ընտրություններին: Սրան եթե գումարենք նախագահի անմիջական մասնակցությունն այս պրոցեսին, որը պետք է ապահովի արդար ընտրությունների անցկացումը, կարծում եմ, վերահսկողության խնդիրը կարելի է լուծել»: Իսկ եթե ընտրությունները վերածվեն «կռվի՞». «Մենք էլ այդ կասկածներն ունենք, սակայն մենք չենք ուզենա, որ կենաց-մահու կռիվը տեղափոխվի երկրի ներս, կենաց-մահու կռվի մենք պատրաստ ենք երկրից դուրս, քանի որ երկրի ներսում այդ կենաց-մահու կռիվները ճղճիմ նպատակներ եւ շահեր են հետապնդում»: Ընտրություններին պատրաստվում է նաեւ ընդդիմությունը, թեպետ «Արդարություն» դաշինքի նիստում այդ հարցը դեռեւս չի քննարկվել: Խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը չի բացառում, որ «դաշինքի առանձին կուսակցություններ կարող են մասնակցել ՏԻՄ ընտրություններին, եւ անկախ նրանից, թե ովքեր են ծաղիկ սիրում եւ ովքեր՝ ձմերուկ, ընտրությունները տեղի կունենան»: Վիկտոր Դալլաքյանը որպես ներքաղաքական կյանքի լարվածության լրացուցիչ խթան է դիտում նաեւ ՏԻՄ ընտրությունները. «Հիմա ժամանակավոր հրադադար է կոալիցիայի ներսում, եւ սա իրենց համար վճռական ճակատամարտից առաջ նախապատրաստական ժամանակ է: Ես չեմ բացառում, որ ընտրությունների ժամանակ կարող են լինել զինված բախումներ, որովհետեւ Հայաստանում կան կրիմինալ իշխանություններ, իսկ այդպիսիք պետք է որպես կցորդ ունենան տեղական կրիմինալ իշխանություններ»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել